‘Ի՞նչ էր անում Սամվել Ալեքսանյանը Կառավարությունում (Տեսանյութ)’

3032

Այսօր Կառավարության դիմաց մի քանի տասնյակ քաղաքացիներ ընդդեմ դրամի արժեզրկման եւ անհարկի գնաճի բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք մի շարք պահանջներ ներկայացրին իշխանություններին՝ վերջին շրջանում ֆինանսական շուկայում անկայուն վիճակը շտկելու ուղղությամբ: Դրանց թվում մենաշնորհների վերացումն էր, քանի որ, ինչպես նշեցին ակցիայի մասնակիցները, շուկայի մենաշնորհատերերի սպեկուլյատիվ գործարքների հետեւանքով սպառողական ապրանքների գները չհիմնավորված ավելանում են:

Ակցիայի ընթացքում անսպասելիորեն Կառավարության շենքից դուրս եկավ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ), հայտնի մենաշնորհատեր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո): Ցուցարարները նրան դիմավորեցին «ամոթ» վանկարկումներով:

iLur.am-ի թղթակիցը փորձեց իմանալ Ալեքսանյանի կարծիքը՝ արդյո՞ք ապրանքների, մասնավորապես՝ շաքարավազի գների տատանումները սպեկուլյատիվ բնույթ ունեն, ինչի մասին երեկ արտահայտվել էր կառավարությունը:

Ալեքսանյանը լուռ ժպտաց եւ հեռացավ իր սեւ գերմանական ամենագնացով:

Նշենք, որ վերջին օրերին, կապված դրամի փոխարժեքի վայրիվերումների հետ, կտրուկ տատանումների են ենթարկվում նաեւ առաջին անհրաժեշտության մթերային ապրանքները: Մասնավորապես՝ շաքարավազի (որը մոնոպոլ կարգով ներկրում (արտադրո՞ւմ) է Ս. Ալեքսանյանին պատկանող ընկերությունը) գինը մինչեւ թանկացումները մոտ 320-350 դրամ էր, վերջին օրերին վաճառվում էր 600-900 դրամով: Այսօր արդեն շաքարավազի գինը տատանվում էր 350-400 դրամի սահմաններում: Ուշագրավ է նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը երեկ շրջայց է կատարել որոշ, այդ թվում՝ նույն Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցերում եւ «տեղում շտկումներ մտցրել» անհարկի թանկացած ապրանքների գներում:

Թե ի՞նչ էր անում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր Կառավարությունում, մնում է միայն ենթադրել, սակայն դժվար թե նա անձամբ օրենսդրական նախաձեռնություն էր բերել կառավարություն, որովհետեւ գոնե ԱԺ-ը իր աշխատանքները դադարեցրել է մինչեւ գալիք փետրվար:

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Հովիկ Աբրահամյանի «ուժեղ բռունցքը» ոչ ուժեղ է, ոչ էլ՝ բռունցք ‘
Հաջորդ հոդվածը‘Բելառուսի ազգային բանկը 30 % հարկ է մտցնում արտարժույթի գնման նկատմամբ’