‘Ի՞նչ է լինում Սերժ Սարգսյանի փչած փուչիկների վերջը ‘

1220

Իշխանական քարոզչամեքենան նախագահական ընտրություններից առաջ սկսել է նորից ակտիվորեն շրջանառել Հայ ազգային կոնգրեսում իբր սկսված հակասությունների թեման: Մեխն ակնհայտ է` իբրեւ թե, քանի որ նախագահ Տեր-Պետրոսյանը լռում է, չի հայտարարում իր առաջադրման մտադրության մասին, ինչն էլ իբրեւ թե նշանակում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, հետեւաբար՝ Կոնգրեսում նախագահական ընտրությունների թեկնածու-հավակնորդների միջեւ պայքար է սկսվել:

2008-ի նախագահական ընտրություններից հետո իշխանական քարոզչամեքենան Հայաստանում անցկացվող բոլոր ընտրություններից առաջ կիրառում է նույն մեթոդը` ակտիվորեն տեղեկատվություն շրջանառել Կոնգրեսում առկա տարաձայնությունների մասին, այն մասին, որ Կոնգրեսը շուտով փլուզվելու է: Այս մեթոդը նոր չէ, միշիկական կայքերը, թերթերն ու հեռուստաընկերությունները բազմիցս են այն կիրառել, հետեւաբար, առնվազն տարօրինակ կարելի է համարել, որ բոլորի համար ակնհայտ այս քարոզչամեթոդը նորից կիրառվում է:

Այս անգամ իշխանությունները թիրախավորել են Կոնգրեսի երիտասարդ մի քանի լիդերների, եւ պրիմիտիվ մտածելակերպով հույսները դրել են այն բանի վրա, որ իրենց վերլուծություններով կարող են վերջիններիս մոտ տրամադրություններ փոխել: Իսկ տրամաբանությունը պարզ է` Կոնգրեսին մշտապես քննադատող և իշխանության քարոզչական խոհանոցից սնվող ԶԼՄ-ները, հանկարծ սկսում են գովաբանել մի քանի անհատների, ավելին, անընդհատ շրջանառել այն գաղափարը, թե հենց իրենք պետք է լինեն նախագահական ընտրություններում Կոնգրեսի թեկնածուն: Իշխանությունների հույսն այն է, թե այս գործիչները պետք է ուտեն իրենց քարոզչական կտերը եւ հանկարծ որոշեն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է չառաջադրվի, եւ որ այդ դեպքում հենց իրենք/ինքը պետք է լինի Կոնգրեսի թեկնածուն: Ըստ երեւույթին, իշխանական քարոզիչները Կոնգրեսի լիդերներին շփոթել են հանրապետականների հետ, եւ մտածել են, թե լրատվական այս մեթոդներով կկարողանան ինչ-ինչ տրամադրություններ արթնացնել ընդդիմադիրների մոտ, ինչից հետո ներքին իրական պայքար պետք է սկսեր:

Սակայն, ակնհայտ է, որ քանի որ Կոնգրեսի լիդերները գալուստսահակյաններ ու սամվելնիկոյաններ չեն, տարիներ շարունակ պայքարի մեջ թրծված, իշխանական կտերին ծանոթ մարդիկ են, հետեւաբար, կարելի է ասել, որ իշխանական այս մեթոդները ուղղակի ռեսուրսների անիմաստ եւ անօգուտ վատնում է, քանի որ Հայ ազգային Կոնգրեսում չկա մի այնպիսի գործիչ, ով չհասկանա, որ նախագահական ընտրություններում ռեսուրսների միավորման, քաղաքական ուժերի միավորման ամենամեծ պոտենցիալ ունեցող թեկնածուն հենց առաջին նախագահն է: Այս մասին բավականին դիպուկ արտահայտվել է Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով նշել է, որ «եթե առաջադրման պայմանները նպաստավոր չլինեն Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, դրանք բացարձակ աննպաստ կլինեն ցանկացած մեկ ուրիշի համար»:

Իշխանությունների այս ցայթնոտը հասկանալի է. իրականում առաջին նախագահի լռությունը ամբողջությամբ խուճապի է մատնել նրանց, իշխանությունները չեն կարողանում հեռանկարային ու երկարաժամկետ պլաններ կազմել, Սերժ Սարգսյանը խուճապի մեջ գտնվող ցանկացած մարդու նման չմտածված, ծանրութեթեւ չարված, հապճեպ քայլեր է անում` ակնհայտորեն ցույց տալով, որ իրականում առաջին նախագահի խոսքին առաջին հերթին սպասում է հենց ինքը: Հենց ինքն է, որ ամենաշատն ամեն օր ուզում է լսել` առաջադրվելո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ, հենց ինքն է, որ հասկանում է, որ հենց առաջին նախագահի առաջարդվել-չառաջադրվելուց է կախված իր քաղաքական ապագան, եւ քանի որ ինքն անձամբ չի կարող զանգել եւ հարցնել այդ մասին, այդ գործին լծել է սեփական փեսայի ազդեցության տակ գտնվող յուրաքանչյուր մարդու, հատկապես վերլուծաբան-քաղաքագետներին ու ԶԼՄ-ներին: Նրանց մի մասը լծված այն գործին, որ պետք է Կոնգրեսի ներկայացուցիչներից խոսք կորզի, թե ե՞րբ է իր առաջադրման մասին խոսելու առաջին նախագահը, իսկ մյուս մասն էլ` օրական հատորներով վերլուծություններ են գրում այն մասին, թե առաջին նախագահը ավելի լավ կանի չառաջադրվի, որ Կոնգրեսում կան երիտասարդ գործիչներ, ովքեր իրենց ձեռքը պետք է վերցնեն էստաֆետի փայտիկն ու առաջադրվեն որպես նախագահի թեկնածու:

Սերժ Սարգսյանը, ըստ երեւույթին, սարսափում է այն մտքից, որ հասարակությունը կարող է չտրվել այս տեղեկատվական խայծերին եւ կարող է կոալիցիա կազմել իր դեմ, այդ իսկ պատճառով էլ ամեն գնով ցանկանում է վիժեցնել այդ հնարավոր կոալիցիան՝ աշխատելով կոալիցիայի հավանական բաղադրիչներից յուրաքանչյուրի դեմ. մեկ ուժի ներսում փորձում է հակասությունների պատրանք ստեղծել, մյուսի դեմ` իր պատկերացրած կոմպրոմատների պատերազմ կփորձի վարել, երրորդի դեմ` ներսում կփորձի ուժեղացնել յուրայիններին: Սակայն, չնայած Սերժ Սարգսյանի կողմից գործադրված բոլոր ջանքերին` քաղաքական դաշտում շարունակվելու է հասարակական-քաղաքական ուժերի կոնսոլիդացիան, առավելեւս, որ Սարգսյանն ինքն է ամեն օր պարարտ հող ստեղծում այդ հնարավոր կոալիցիայի ձեւավորման համար:

Հ.Գ. Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի փչած փուչիկներին, ապա հայտնի է, թե ինչ վախճան են ունենում դրանք:

 

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Հովհաննես-Պողոս 2-րդի ավտոմեքենան թանգարանային նմուշ է դարձել ‘
Հաջորդ հոդվածը‘Apple-ը հոկտեմբերի 23-ին կներկայացնի կոմպակտ iPad_ը’