‘Ի՞նչ է պատահել Հայաստանի հավաքականին’

1605

Խորը հիասթափություն: Այսպես կարելի է շատ կարճ բնութագրել 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի Բուլղարիա – Հայաստան հանդիպման ընթացքն ու արդյունքը:

Հայաստանի հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով: Պարտվել, իհարկե, կարող են բոլորը, բայց մեր հավաքականը խաղի ընթացքում այդպես էլ չցուցադրեց այն խաղը, որը նախորդ տարի գերում էր բոլորին, և այս պարտությունը հնարավոր չէ սոսկ ցավալի կամ պատահական համարել:

Բուլղարացիները, ինչպես ցույց տվեց խաղի ընթացքը, լավ էին պատրաստվել  խաղին, շատ լավ ուսումնասիրել էին մրցակցին, նրա թույլ և ուժեղ կողմերը: Այն, որ բուլղարացիները սիստեմատիկ կերպով հարվածում էին մեր առաջատար ֆուտբոլիստներին, փորձում հունից հանել մեր տղաներին՝ նախօրոք մշակված մարտավարություն էր: Առաջին խաղակեսում նրանց բազմաթիվ հարվածներից ընդամենը երկուսն արժանացան դեղին քարտի, ինչը, սակայն, բուլղարացիներին ետ չպահեց կեղտոտ խաղից: Արդյունքը՝ Լևոն Հայրապետյանը մրցակցի հերթական կոպիտ խաղի պատճառով վնասվածք ստացավ և առաջին խաղակեսի ավարտին փոխարինվեց:

Սակայն սա միայն պատկերի մի կողմն է: Մյուս կողմն այն էր, որ բուլղարացիները ֆունկցիոնալ պատրաստությամբ և ֆիզիկապես գերազանցում էին մեր թիմին, ավելի արագ էին, ավելի լավ էին գնդակ պահում, ավելի վստահ էին խաղում: Եվ հակառակը՝ մեր ֆուտբոլիստները պարբերաբար կորցնում էին գնդակը, գրոհները շատ դանդաղ էին զարգացնում, անհասցե և սխալ փոխանցումների թիվն ընդհանրապես գերազանցում էր թույլատրելի բոլոր սահմանները:

Գոլը, ի դեպ, բուլղարացիները խփեցին իրենց արագության հաշվին: Պոպովն իր արագության հաշվին ճեղքեց հայերի պաշտպանությունը ձախից և փոխանցում կատարեց, Մանոլևն իր արագության հաշվին առաջինն ընդունեց գնդակն ու խփեց հանդիպման միակ գոլը:

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: Փոխվեց միայն այն, որ մեր տղաները ավելի դյուրագրգիռ դարձան, սկսեցին պատասխանելբուլղարացիների «սադրիչ» խաղաոճին: Բուլղարացիների հերթական սադրանքը վերածվեց խոշոր ընդհարման, որի արդյունքում թիմերից մեկական խաղացող հեռացվեց խաղադաշտից: Բայց եթե Մարկոսի հեռացմանը կարելի է ինչ-որ արդարացում գտնել՝ բախում էր, մրցավարը կորցրել էր վերահսկողությունը խաղի նկատմամբ և տվյալ դեպքում ճիշտ  չկողմնորոշվեց, ապա րոպեներ անց Գևորգ Ղազարյանի վարքագիծը ոչ մի արդարացում չունի: Որքան էլ ֆուտբոլիստի նյարդերը լարված լինեն, որքան էլ մթնոլորտը շիկացած լինի, միևնույն է, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն իրավունք չունի այդպես վարվել` գնդակով հարվածել որևէ մեկին:  Պարզապեսխաղընկերներին: Մեր հավաքականի խաղացողների վարքագիծն անպայման պետք է լրջորեն քննարկվի մարզչական շտաբում, և ինչ-որ հետևություններ պետք է արվեն:

Գևորգ Ղազարյանը այս խաղում լավագույններից մեկն էր մեր հավաքականի կազմում և նրա հեռացումից հետո մեր հավաքականը դատապարտված էր պարտության:

Նման խաղում մեր տղաներից որևէ մեկին դժվար է ընդգծել, եթե չկա թիմային խաղ: Բուլղարիայի հետ հանդիպումը Մալթայի հետ խաղի շարունակությունն էր. ցածր արագություններ գումարած տեխնիկական խոտան:

Իսկ հաջորդ հանդիպումը Իտալիայի հավաքականի հետ է: Հանդիպում, որին այդքան մեծ անհամբերությամբ են սպասում: Այժմ նաև մեծ անհանգստությամբ: Նման խաղով, երբ որակազրկման պատճառոց էլ բացակայելու են Պիցելին և Ղազարյանը, դրական արդյունք դժվար է ակնկալել:

 

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար, 2-րդ տուր, B խումբ

Բուլղարիա – Հայաստան՝ 1:0 (Մանոլև, 44)

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Լևոն Հայրապետյան (Արտակ Եդիգարյան, 43), Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Արթուր Սարկիսով, 76), Արաս Օզբիլիս (Մարկոս Պիզելի, 55), Գևորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Դաշտից հեռացվեցին՝ Սվետոսլավ Դյակով, 73 (Բուլղարիա) – Մարկոս Պիզելի, 73, Գևորգ Ղազարյան, 77 (Հայաստան)

 

Լուսանկարը՝ «ֆուտբոլ 365»-ի

Նախորդ հոդվածը‘Խորհրդարանի կեսը, եթե ոչ ավելին, միլիոնատերեր են. Արամ Մանուկյան’
Հաջորդ հոդվածը‘Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և փառաբանման փաստը մտահոգել է ԱՄՆ կոնգրեսականներին. ANCA’