‘Ի՞նչ է սպասվում ԱԱ 2014-ի ընտրական վերջին խաղային օրվա ընթացքում’

937

Բացի Իտալիա – Հայաստան խաղից, որտեղ մերոնց հաղթանակի հնարավորությունը, անկախ ամեն ինչից, կերջանկացնի մեզ, Եվրոպայում և այլ մայրցամաքներում տեղի կունենան Բրազիլիայում կայանալիք ԱԱ 2014-ի վերջին տուրի հանդիպումները: Սկսենք եվրոպական գոտուց:

Եվրոպա

Խումբ

Այս խմբում ամեն ինչ պարզ է՝ բելգիացիների փայլուն սերունդը արժանիորեն բավականին հեշտ նվաճեց Բրազիլիայի ուղեգիր, իսկ երկրորդ տեղը ամեն դեպքում զբաղեցնելու են խորվաթները:

B Խումբ

Մեր խմբի մասին մենք գիտենք հնարավոր ամեն ինչ: Պետք է աղոթել Բուլղարիա – Չեխիա խաղում միայն ոչ-ոքիի, իսկ Դանիա – Մալթայում՝ դանիացիների միավորների կորստի համար. այլապես մեր հնարավոր հաղթանակն իտալացիների նկատմամբ կապրի միայն մեր հիշողություններում:

C Խումբ

Գերմանացիները հերթական անգամ որևէ լուրջ խնդրի չհանդիպեցին ընտրական փուլում, իսկ երկրորդ տեղում Շվեդիան է, որն, ի դեպ, միակ երկրորդ տեղն է Եվրոպայում, որը ապահովել է իր մասնակցությունը անցումային խաղերին:

D Խումբ

Այստեղ Հոլանդիան անցկացրեց հերթական փայլուն ընտրական փուլը, որտեղ երկրորդ տեղի համար կպայքարեն Թուրքիան (ով կխաղա Վան Գալի սաների հետ) և Ռումինիան, ում մրցակիցը կլինի Էստոնիան: Մերոնց՝ երկրորդ տեղում հայտնվելու դեպքում այս խմբում տեղի ունենալիք խաղերից շատ բան է կախված:

E Խումբ

Իր կազմով ամենամիջակը համարվող խմբում առաջին հորիզոնականը ապահովել են շվեյցարացիները. երկրորդ տեղում իսլանդացիներն են՝ «Այաքսում» հանդես եկող Սիգտորսոնով, «Տոտենհեմի» Սիգուրդսոնով և «Սամպդորիայի» Բյարնասոնով: Հիշու՞մ եք Էյդուր Գուդյոնսենին, ով համարվելով բոլոր ժամակների ամենամեծ պոտենցիալ ունեցող իսլանդացի ֆուտբոլիստը՝ նույնիսկ չէր երազում «Մունդիալում» հայտնվելու մասին:

F Խումբ

Ադրբեջան — Ռուսաստան՝ 2-0, Պորտուգալիա — Լյուքսեմբուրգ՝ 9-0: Պատկերացնու՞մ եք նման արդյունքներ, եթե այո՝ վատնեք ձեր պատկերացումները մեր խմբում՝ մերոնց ակնկալիքների վրա:

Կրիշտիանոն Լյուքսեմբուրգի դեմ հանդես չի գա, բայց արդեն իսկ հասցրել է ասել, որ «փլեյ-օֆֆում» կնախընտրեր խուսափել ֆրանսիացիներից:

G Խումբ

Կա՛մ հույները, կա՛մ բոսնիացիներն այսօր երեկոյան ձեռք կբերեն Բրազիլիայի ուղեգիր. Ռոնալդուն, իհարկե, հուսով է, որ դա կանեն հույները, որպեսզի երրորդ անգամ անընդմեջ հաղթահարի «փլեյ-օֆֆը» արդեն ծանոթ բոսնիացիների դեմ:

H Խումբ

Շևչենկոն պնդում է, որ ֆուտբոլում հրաշքներ չեն լինում, բայց Անգլիա — Լեհաստան խաղում ոչ-ոքին ու իր հայրենակիցների հաղթանակը Լիխտենշտեյնի նկատմամբ այդքան էլ հրաշքների աշխարհից չեն:  

I Խումբ

Եթե Անդրես Ինյեստայի ծննդավայրում իսպանացիները վրացիների դեմ խաղում միավորներ չկորցնեն, Պլատինին հնարավորություն կունենա «փլեյ-օֆֆում» Ռոնալդուին պատժելու համար:

Հարավային Ամերիկա

Քանի որ Բրազիլիան չէր մասնակցում ընտրական փուլին, Հարավային Ամերիկայում այս ընտրական փուլում լավագույնները արգենտինացիներն էին, Պեկերմանի Կոլումբիան և էկվադորցիները: Այս ընտրական փուլում մի շարք խայտառակ ելույթներ ունեցան վերջին «Մունդիալի» գլխավոր անակնկալ դարձած ուրուգվայցիները, ովքեր, միևնույն է, գրավելով հինգերորդ հորիզոնականը՝ հնարավորություն կունենան մասնակցել ԱԱ-ին: Այսօր տեղի ունեցող Ուրուգվայ — Արգենտինա Ռիո դե լա Պլատայի «կլասիկոն»  մի փոքր արժեզրկվել է, բայց ուրուգվայցի երկրպագուներն ամեն դեպքում այն «կարժեքավորեն»: Հարավամերիկյան գոտու հինգերորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը անցումային խաղերում մրցելու է Հորդանանի հետ, այնպես որ Չիլին, Էկվադորը կամ Ուրուգվայը կարող են որոշ առումով հանգիստ լինել:

Աֆրիկա

Աֆրիկայում առաջին անգամ ԱԱ-ի 4 ուղեգրերը խաղարկվում են անցումային խաղերով: Հոկտեմբերի 11-ին առաջին անցումային խաղերից հետո՝ Կոտ դ՛Իվուար – Սենեգալ՝  3-1, Եթովպիա – Նիգերիա՝ 1-2, Թունիս – Կամերուն՝ 0-0, Բուրկինա Ֆասո – Ալժիր՝ 3-2, մենք հույսեր ենք պահպանում Բրազիլիայում վերջին անգամ խոշոր մրցաշարերի շրջանակներում տեսնել Սամուել Էտո՛օին և Դիդյո Դրոգբային: Գանա — Եգիպտոս առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր:

Հյուսիսային Ամերիկա

Եթե Հոնդուրասը թեկուզ մեկ միավոր վաստակի Ճամայկացիների դեմ խաղում, մեքսիկացիները ստիպված կլինեն անցումային խաղեր անցկացնել Նոր Զելանդիայի հետ: Թեև հնարավոր է նաև այնպիսի տարբերակ, որ Նոր Զելանդիայի մրցակիցը դառնան պանամացիները:

Ասիա և Օվկիանիա

Ասիայի գոտուց արդեն իսկ ԱԱ-ի ուղեգրեր են նվաճել Ճապոնիան, Հյուսիսային Կորեան, Ավստրալիան և Իրանը: Հորդանանը, ինչպես արդեն նշեցինք, կմրցի Հարավային Ամերիկայի գոտու հինգերորդ թիմի հետ, իսկ Օվկիանիայից՝ Նոր Զելանդիան, ամենայն հավանականությամբ՝ Մեքսիկայի դեմ:

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն. Խոշտանգողների նկատմամբ համաներման կիրառումն անթույլատրելի է ‘
Հաջորդ հոդվածը‘Զվարթնոցի հին շենքի հիմքն ամրացնելու անհնարինության վերաբերյալ պնդումներն անհիմն են’