‘Ի՞նչ «խոտ» են օգտագործում կառավարությունում’

2585

Aravot.am-ը տեղեկացնում է, որ կառավարության աշխատակազմը մեկ անձից կատարվող գնումներով  920 հազար դրամով գեղանկարիչ Վալմարի «Դոն Կիխոտ» կտավն է գնել. ընդ որում, գնման պայմանագրում կտավի անունը գրված է «Դոնկի Խոտ»:

Գործող կառավարության կադրերի ինտելեկտուալ մակարդակի մասին հանրությունը առանց այս տեղեկատվությունն էլ, կարծես թե, որոշակի պատկերացումներ ուներ: Հավանաբար, հոգեվերլուծողները կարող են բացատրել, թե ըստ Ֆրոյդի, ինչ հանգամանքներ են ընկած պայմանագիրը կազմող պաշտոնյայի թույլ տված «վրիպակի» հիմքում: Կամ այլ կերպ ասած` ի՞նչ «խոտ» է օգտագործել պայմանագիր կազմողը պայմանագիրը կազմելուց առաջ:

Միգուցե, ոչ մի վրիպակ էլ չկա, եւ «Դոնկի խոտ»-ը ոչ թե կառավարության աշխատակցի գրագիտության պակասի արտացոլումն է, այլ համաշխարհային դասականի հռչակավոր ստեղծագործության անվան յուրատեսակ մեկնաբանությունը: Գուցե, եթե կառավարության համապատասխան պաշտոնյան կտավի անվան առաջին մասը անգլերենով գրեր` «Donkey Խոտ», ամեն  ինչ պարզ կդառնար` կրկին ըստ Ֆրոյդի: Մանավանդ, որ ըստ նույն կառավարության տվյալների,  հողօգտագործողների համար Հայաստան ներկրված գարնանացան առվույտի և կորնգանի սերմացուների ավելցուկ է արձանագրվել:

Պանդուխտ Արարատյան

Նախորդ հոդվածը‘Բացահայտվել են մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր ‘
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի Սուպերգավաթ. Եվրոպայի և Իսպանիայի լավագույն թիմերի հակամարտությունը’