‘Ի՞նչ կանի Վատիկանը Միքայել Մինասյանին’

2699

Դժվար է ասել` Հռոմի նախկին Բենեդիկտոս Պապին ինչով էր գրավել Բաքուն ու հատկապես առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, բայց փաստ է, որ հենց նրա գահակալության տարիներին ծաղկեց Վատիկան-Բաքու առավել քան տարօրինակ բարեկամությունը: Չար լեզուները պնդում են, թե պատճառն իրականում ոչ միայն Բաքվում կաթոլիկ եկեղեցուն տրված ազատությունն է, այլեւ նավթային դոլարների ներդրումը Սրբ. Պետրոսի գահն անսասան պահելու գործում…

Ընդ որում, դա արվում էր ոչ միայն ակնհայտ` Մեհրիբան Ալիեւայի կողմից ղեկավարվող «Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի» վատիկանյան մասնաճյուղի ամենատարբեր ծրագրերով, այլեւ՝ գաղտնի:

Սրանից երկու տարի առաջ, օրինակ, երբ տկն. Ալիեւան Վատիկանում հանդիպեց Կաթոլիկ եկեղեցու միջկրոնական երկխոսության նախարար, կարդինալ Ժան-Լուի Տորանին (ի դեպ, նա առաջին կինն էր, ով այսօրինակ ընդունելության արժանացավ), միջազգային մամուլում երկիմաստ կամ անթաքույց ակնարկներ սպրդեցին այն մասին, թե երկխոսության խորացման միջակայքում կարդինալն ընդհուպ Կասպյան նավթահորերին է մոտեցել…Հետաքրքիր էր նաեւ լուրը, թե Վատիկանը պատրաստ է համագործակցել Բաքվի գիտական շրջանակների հետ` նրանց թույլատրելով անարգել մուտք գործել եկեղեցու գրադարան` ծանոթանալով պահոցների նյութերին:

Չգիտեմ` որքանով ճշմարիտ, բայց նույն մամուլում խոսվում էր նաեւ այն մասին, թե Բաքուն հանձն է առել Իսրայելո’ւմ էլ հնարավորինս սպասարկել Վատիկանի շահերը: Ասում են` հենց այս պայմանավորվածության շրջանակներում Մեհրիբան Ալիեւան գլուխ բերեց Բաքվում կաթոլիկ նոր եկեղեցու կառուցման գործը:

Բայց Բաքուն Բաքու չէր լինի, եթե սեփական շահն առաջ տանելուն զուգահեռ` «չտորպեդահարեր» նաեւ հայաստանյան շահերը: Ընդ որում` համակարգված կերպով, ինչպես հայտնի դարձավ մարտին Բաքվի «Քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգաների» կենտրոնի նախագահ Մուբարիզ  Ահմեդօղլու` Թրենդին տված հարցազրույցից:

«Մեր ջանքերով ղարաբաղյան կարգավորման հարցում Վատիկանի փոփոխվող դիրքորոշումը (ի վնաս Հայաստանի – Գ.Ս.), որ տարածում գտավ Եվրոպայում, կործանման է հասցրել Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, եւ նա ձեռնունայն է մնալու…Եթե Միքայել Մինասյանին հաջողվի չեզոքացնել Վատիկանի դիրքորոշումը, ինչի համար էլ դեսպան է նշանակվել, դա նրա  հետագա աճի եւ նախագահական կարիերայի կարեւոր հիմքը կդառնա: Բայց եթե Վատիկանն ու Եվրոպան գնան Սարգսյանի կամքին հակառակ` Սերժ Սարգսյանն ողջ նեգատիվն իր վրա կվերցնի եւ Եվրոպայում ստեղծված ամբողջ դրական իմիջը կնվիրի Մինասյանին»,-հայտարերել էր Ահմեդօղլին:

Այսինքն, ըստ ադրբեջանական դիրքորոշման, Սերժ Սարգսյանը ոչ մի պատվավոր աքսոր էլ չի ուղարկել հանրապետության հարազատ փեսային: Հակառակը` նրան արտակարգ եւ լիազոր դեսպանի լայն իրավունքներ շնորհելով, ընդամենն իշխանական հավկիթներն է տեղավորել երկու առանձին զամբյուղներում: Մոտավորապես` այսպես. կհաջողե՞մ պլստալ ղարաբաղյան կարգավորման` դրսից պարտադրվող սցենարից, իշխանությունը հնարավորինս անցնցում կհանձնեմ փեսային, չե՞մ հաջողի` մեջտեղ կբերեմ «աքսորված, ինձանից նեղացած, հին բոյարներին մի կողմ դնել համոզող, նոր ջենթլմենների վրա հույս դնելու հարցում ինձ անհույս համոզող զոհ-փեսայի կերպարը»: Ամեն դեպքում, այսինքն, գլխավոր նպատակը փեսա Միշիկին նախագահ տեսնելն է, բայց եթե նա հաջողի նաեւ Վատիկանում փայլել` կարելի է գնալ մաֆիայի դոնի վաստակած հանգստի…

Հնարավո՞ր է այսպիսի մի բան` կհարցնեք: Ուղիղն ասած, քանի որ այս վարկածի մասին միայն ադրբեջանցիները չէ, որ խոսում են, փորձենք, այնուամենայնիվ, այն դիտարկել հավանականության տեսության դաշտում ու հասկանալ, թե ինչ է այդ դեպքում փեսա Միքայելին սպասվում Վատիկանում: Արդյո՞ք միայն բարձրաշխարհիկ զրույցներ Հռոմի պապի հետ` տիկնոջ ընկերակցությամբ ինչպես ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը պնդեց:

Այս սցենարի պարագայում` իհարկե, ոչ: Մյուս կողմից էլ, եթե սա ճշմարտություն է, պիտի  առանց այս ու այն կողմ ընկնելու միանգամից նկատենք, որ  Սերժ Սարգսյանի կողմից ձեւված «վեղարը» փեսայի հագով չէ: Ինքնե՛րդ դատեք. եթե  ամբողջ հայաստանյան մամուլը վերահսկելուց հետո անգամ մեկը կարող էր այդքան անտաղանդ գտնվել աներոջ նախագահական կամպանիան վարելու եւ առհասարակ` տեղեկատվական-քարոզչական նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերում, ինչպե՞ս կարող ես նրանից ակնկալել, որ մի ամբողջ Վատիկան է միանգամից «դարձի բերելու»…

Կոնկրետ ես` այս հարցերի պատասխանը չունեմ: Բայց կարող եմ հասկանալ Սերժ Սարգսյանի հուսահատությունը` օրեցօր երերացող աթոռի, փլատակվող երկրի ու իր իսկ ճամբարի գիշատիչների` իշխանության համար մղվող պայքարի ֆոնին: Այդ հոգեվիճակում նույնիսկ Միքայել Մինասյանի՛ հետ է կարելի է հույսեր կապել: Միայն թե մինչեւ վերջ հավատաս թիկունքից չխփելու հնարավորությանը:

Ուրեմն` հասկանալի է դառնում եւ այն հանգամանքը, թե ինչու են մեր տեղական mishik.am-ները այս պահից իսկ նոր լայնածավալ գրոհ բացել կուռ կուսակցություն դարձած Կոգրեսի դեմ ամենատարբեր ճակատներով: Գործի են գցվել թե՛ ինքնասիրահարված փառասերները, թե մի կտոր հացի համար գյուլլա գցող- տարաժամկետ գործածման ժանգոտ անոթները, թե ամբողջովին ընդդիմադիր լեքսիկոնով ֆրակավորները` շոու եւ այլ բիզնեսներից: Դատելով զարգացումներից` արշավը ՀԱԿ-ի դեմ կուժգնանա հատկապես ամառվա վերջ-աշնան սկզբին: Պրիմիտիվ է, իհարկե, բայց մյուս կողմից էլ ամուր նյարդեր են հարկավոր` «Կոնգրես-ԲՀԿ-Լեւոն, վատն են-շատ վատն են-իրե’նք են մեղավոր» անընդհատ կրկնվող մանթրան լսելու համար…

Բայց նորից գանք Սրբ. Պետրոսի գահի շուրջ հաստատված դրությանը: Քննարկվող հարցերի շրջանակո՛ւմ, իհարկե, որովհետեւ դստեր սեւսաթ ժանյակներից, փեսայի թանկարժեք ֆրակից ու ստացած հոգեւոր կրթությամբ ենթադրվող բարձրաշխարհիկ զրույցներից անդին` տաճարում ավելի կարեւոր հարցեր են նշմարվում…

Ադրբեջանական կողմը Ֆրանցիսկոս Պապի ընտրությունից հետո իրավիճակն առայժմ մտահոգիչ է համարում, որովհետեւ մի կողմից Պապն, իբրեւ թե, անչափ հայասեր է եւ գահակալությունն էլ սկսեց հայոց ցեղասպանությանն անդրադարձից, մյուս կողմից էլ` հակված չէ ոչ շվայտության, ոչ ցոփության, ոչ էլ «սեփական կարդինալների կերած բողկերը Գահի տակ թաքցնելուն»: Նույնասեռականության, մաֆիայի հետ կապերում թաթախված եկեղեցու վերքերի  մասին` Պապի բաց զրույցը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ այս անգամ Վատիկանում հեշտ չի լինելու տարբեր լոբբիներ սպասարկողների կյանքը:

Մյուս կողմից, սակայն, պաշտոնական Բաքուն հույս ունի, թե Պապը չի՛

 կարող այնքան անկեղծ ու զորավոր լինել, որ իր դեմ հանի ամենատարբեր ստորություններում թրծված մի ամբողջ ապարատ` մեկ, չափազանց մեծ հույսեր է կապում մեր իշխանության անխելքության եւ փեսայի խայտառակ ձախողման հետ` երկու, ակնկալում է Իսրայելի օժանդակությունը` երեք: Ինչու` Իսրայելի՞:

Իսրայելի հետ Վատիկանի հարաբերություններն առանձին պատմություն են: Հատկապես վերջին երեսուն տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ դրանք իսկական սառը պատերազմ են հիշեցրել: Երբեմն էլ` ջերմացել այս կամ այն փոխադարձ ցուցքով: Բայց ասել, թե դրանք գոնե օրինակելի են եղել` չի՛ կարելի: Ֆրանցիսկոս Պապը, սակայն, այս կարճ ժամանակամիջոցում հաջողել է քանդել նաեւ կաթոլիկ եկեղեցու եւ Իսրայելի միջեւ չհասկացվածության պատը, եւ արդեն երեկ «TerraSanta.net» –ը փոխանցեց, թե Վատիկանը հասել է Սրբազան երկրում իրեն անհանգստացնող խնդիրների շուրջ համաձայնության ստորագրմանը:

Իր հեթին «Israelinfo.ru»-ն ճշտում է, թե ամենասուր ընթացիկ խնդիրնեըը պայմանավորված էին Վատիկանի կողմից Երուսաղեմում երկու հոգեւոր կենտրոնների հիմնման արգելքին: Մեկի դեպքում Իսրայելը պնդում էր, թե չի կարող Կեսարիայի ազգային պարկի տաածքում հող տրամադրել Վատիկանին, մյուսի պարագայում մեջտեղ էր բերվում առասպելը, թե Սիոն լեռան վրա Դավիթ թագավորի գերեզմանն է տեղակայված: Բացի այդ` Իսրայելը պնդում էր, որ Վատիկանը եկեղեցիներին կից հաստատությունների ու մանավանդ` սուվենիրների փոքրիկ տաղավարների համար հարկ վճարի այդ երկրին:

Արդեն  այս տարվա ապրիլի վերջին, Ֆրանցիսկոս պապի եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի մտերմիկ հանդիպման ընթացքում, նախագահը Պապին հրավիրեց Իսրայել եւ ակնարկեց, թե բոլոր խնդիրներին էլ հնարավոր է լուծում տալ: Այնուհետ Վատիկան ժամանեց Իսրայելի արտգործնախարարի տեղակալ Զեեւ Էլկինը, որի ընթացքում Պապը խոսեց նաեւ վերջին երեսուն տարիների ընթացքում իսրայելյան իրականության վատացման, արաբա-իսրայելան պատի պատճառով քրիստոնյաների, այդ թվում` հայերի վիճակի վատթարացման եւ շատ այլ խնդիրների մասին:

Եւ ահա, ինչպես գրում է արգենտինյան մամուլը, Ադրբեջանը ցանկանում է օգտվել իրավիճակից ու հասնել նրան, որ Պապը ոչ միայն այլեւս չմտահոգվի հայերի հարցերով, այլեւ որ Իսրայելը հստակ ուղերձ հղի Վատիկանին առ այն, թե հայերի ցեղասպանության մասին հունիսի յոթին հնչեցրած մտքերի հանգույն մտքերը ոչ ոք չի խրախուսում: Մանավանդ որ` Իսրայելի եւ Հայաստանի  առանց այդ էլ ոչ բարեկամական հարաբերությունները վերջերս ավելի են վատացել Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանի ընտրությունների հետ կապված…

Բանն այն է, որ Երուսաղեմի հայոց Պատրիարքի նշանակումը սովորաբար համաձայնեցվում է Իսրայելի, Պաղեստինի եւ Հորդանանի կառավարությունների հետ: Եւ եթե Մահմուդ Աբբասն ու Հուսեյն թագավորն արդեն ճանաչելեն Պատրիարքի իշխանությունը,Երուսաղեմը չի շտապում: Ասում են` պատճառը Պատրիարքի` նախկինում Իսրայելի հասցեին հնչեցրած խիստ քննադատությունն է: Այդ թվում` հայոց ցեղասպանությունը չընդունելու հիմքով: Ու թեպետ Հրեական համալսարանում նոր Պատրիարքը ստիպված հայտարարեց, թե հասկանում է հրեական կառավարության դիրքորոշումը, սառույցը չի հալվում:

Հասկանալով, որ Էջմիածինն ու այպիսի հեղինակությամվ Վեհը ոչինչ չի կարող անել Երուսաղեմի հայկական հարստությունը պահպանելու համար, Սերժ Սարգսյանն, ուրեմն, Միքայել Մինասյանին արտոնել է Պապի  միջոցով այդ հարցերով էլ զբաղվել եւ հակառակ ճնշումը բանեցնել հրեական ուղղությամբ:

Կօգնի՞ հայ կաթոլիկ եկեղեցին այս հարցում մեզ` դժվար է ասել: Ամբողջ այս տարիների ընթացքում Էջմիածնի նվիրապետությունն այնպես է վանել իրենից այդ մարդկանց, որ նախ եւ առաջ հարկավոր է քանդել չհասկացվածության պատը հայերի ու հայերի միջեւ:

Որքան էլ զարմանալի է, բոլորն այս հարցում կրկին Ֆրանցիսկոս պապի հետ են հույսեր կապում: Որքանով հանիրավի, որքան` տեղին, դժվար է ասել: Փաստն այն է, որ ամենայն հավանականությամբ Վատիկանը կկործանի մեր թիվ մեկ փեսային, որովհետեւ նրա ու աներոջ համար մանեւրելու տեղ քիչ կա…

 

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Ստամբուլի հյուրանոցները 55%-ով դատարկ են’
Հաջորդ հոդվածը‘Նիգերիա-Պորտուգալիա (Աշխարհի երիտասարդական առաջնություն)՝ Ուղիղ’