‘Ի՞նչ տարբերություն Րաֆֆիի ու Սերժի միջեւ’

1894

Հաճախակի եմ հիշում, երբ ընկնելուց տատս ասում էր՝ տաք-տաք ես, ցավը չես զգում, սառը դիր: Սրանք ամենաիմաստուն խոսքեր են, մասունքներ, որ հարյուրամյա տատս ասում էր ինձ, ու ես ուզում եմ փոխանցել այն մարդկանց, ովքեր դատում են տաք ուղեղով…

 Ովքեր սեփական սխալը, ցավը մի կողմ թողած, այդ ցավի համար մեղադրում են բոլորին, բայց երբեք մտքներով չի անցնում, որ իրենց հարկավոր է ընդամենը սառը դատողություն, սեփական անձի օբյեկտիվ գնահատական ու զգուշություն… Ընդունում եմ, բանավոր խոսքի ժամանակ կարելի է սխալ թույլ տալ, կարելի է նույնիսկ չափն անցնել, բայց հայերենում մի լավ բառ կա, որը երկար է, բայց փրկություն է՝ ներողություն: Սառը թրջոց է այդ բառը: Օգտագործեք այն, հատկապես մեր պետական այրերին դա կարող է զարդարել, իսկ քաղաքական գործիչներն այդ բառի օգտագործմամբ ավելի հանդուրժող, ներողամիտ եւ ուժեղ կթվան… Այդ բառը փորձել եմ հազար անգամ ու հազար անգամ շնորհակալ եմ եղել բառը ստեղծողին… Երբեք չեմ մոռանա, երբ ափերիցս դուրս գալով, իմ լավագույն աշակերտուհուն վիրավորեցի՝ ասելով ապուշ: Աղջիկը սփրթնեց, նայեց կողքին նստած տղային, ում նկատմամբ անտարբեր չէր, ու ես տեսնում էի, որ նրա աչքերի սեւը ժայթքման է փոխարկվում…

 Ինքս էլ լավ վիճակում չէի, մի տեսակ շփոթված կախեցի գլուխս ու ասացի՝ ներողություն եմ խնդրում… Ու զգացի այդ բառի հրաշագործ ներգործությունը: Անմիջապես աղջկա աչքերի թուխպը ետ քաշվեց, ժպտաց ու ասաց՝ բայց ե՛ս Ձեզ հասցրի այդ վիճակին…

 Մտնել քաղաքական դաշտ, առանց այդ բառի նրբությանը տիրապետելու,  անհնարին է… ինչպես անհնարին է այն, որ մարդն անսխալական լինի… Մի քանի օր է՝ խոսվում է Վարդենիսում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի անակնկալ ելույթի մասին, երբ ասել էր, որ մարդկանց վախեցրել են, որ չմասնակցեն հանրահավաքին: Եվ «հիմա տղամարդ չի լինի այդ ասողներից` լինի ոստիկան, քաղաքապետ, չեն մոտենա ասեն, որ՝ այո, ես եմ ասել, որ չմոտենան հանրահավաքին: Թուրքերն էլ ժամանակին այսպիսի ստրուկներ են գտել, ինչպես այսօրվա տեղական իշխանիկներն են, որ գան ու մեր հողի մեջ մեր ժողովրդին ասեն, որ դուք չեք ձեր գլխի տերը: Այ, իրենք ներքին թուրքեր են, նրանք իմպոտենտ են…»: Գնաս մարդկանց տուն ու վիրավորես նրանց… Բնական է, հակադարձում պետք է լիներ: Եվ Սեւանում հարձակվել են Հակոբյանի վրա, հաշիվ պահանջել:

Ամենազարմանալին այն է, որ հանդուրժողականություն, սեր քարոզող Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մոմ է վառում ու աղոթում նախագահի համար, ով երբ վառում են Սերժ Սարգսյանի նկարները, կրակի բերանից նկարները խլում ու փրկում է, արդարացնում է Ռուբեն Հակոբյանին: Ավելին, այդ գյուղացիներին սադրիչներ է անվանում: …Հետո ասում ենք, որ Սերժ Սարգսյանը պաշտպանում է Լֆիկին կամ Թոխմախի Մհերին: …Ինձ ավելի հասկանալի կլիներ Րաֆֆին, եթե ներողություն խնդրեր այն այրերից, որոնց արժանապատվությունը վիրավորել էր Հակոբյանը… Հասկանում եմ, նման բան չի կարելի, որովհետեւ Ռուբենն անձնվիրաբար ծառայում է Րաֆֆիին, Ռուբենը պետք է Րաֆֆիին… Լֆիկն էլ Սերժին է պետք… ի՞նչ տարբերություն… Եվ գիտեք ո՞րն է վտանգը. Րաֆֆիի շուրջ համախմբված տաք գլուխները հավատում են, որ հեռավոր գյուղում սադրիչների բույն է գործում, որ օրնիբուն հողի հետ կռվող գյուղացին խելք չունի ու լսում է միայն սադրիչների կենտրոնին: Այդ դեպքում ինչպե՞ս է հաղթել Րաֆֆին, մի՞թե այդ նույն մարդիկ չեն ձայն տվել նրան… Տաք եք դեռ…

Հասմիկ Բաբաջանյան

 

«Հրապարակ»

Նախորդ հոդվածը‘Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպան. Գետահովիտ գյուղի բնությունը կանգնած է ոչնչացման եզրին’