‘Ի՞նչ տվեց Յուրի Վարդանյանին մի մեդալը կամ խորհրդականի մի հաստիքը’

1374

Հավանորեն՝ Սերժ Սարգսյանի թատերականացված քարոզարշավին մի քիչ հետաքրքրություն, մի քիչ ինտրիգ հաղորդելու համար դարձյալ հարթակ են բերել նրա խորհրդական Յուրի Վարդանյանին, ով պարբերաբար նախընտրական հարցազրույցներ է տալիս ու գովում իր նախագահին:

Երևի այդ գործի համար իշխանությունները Յուրի Վարդանյանից ավելի ծանրակշիռ թեկնածու չեն գտել: Նախկինում մեծ նվաճումների հասած  ծանրորդը հիմա իրեն նվիրել  է քաղաքականությանը: Թե ինչ նպատակներ է իր առջև դրել հռչակավոր ծանրորդը՝ դժվար է ասել: Սակայն, փաստ է, որ մինչ այս պահը նրա քաղաքական գործունեությունը դատարկ ծանրաձողությունից այն կողմ չի անցել:

Հիշեցնենք, որ անկախ Հայաստանի ամենադժվարին պահերին նա եղել է ոչ թե  Հայաստանում, իր հայրենի Գյումրիում, այլ հեռավոր ու ապահով ԱՄՆ-ում: Հավանաբար, հենց ապահովության ամերիկյան զգացումն է նրան ստիպել դառնալ «Ապահով Հայաստանի» քարոզիչ: Ինչևէ, Լոս-Անջելեսում Վարդանյանը թունդ ընդդիմադիր էր: Նա տաք տեղից քննադատում էր պատերազմում հաղթանակ ապահոված առաջին նախագահին,  բայց երբ պատերազմի ու դաժան փորձությունների տարիներին նրա կարիքը հենց Հայաստանում կար, նա ընտրեց տաքուկ ու սնունդով առատ ԱՄՆ-ն: Իսկ իր այժմյան ղեկավարի մասին ասում էր ավելին, քան անգամ Ա. Գեղամյանը: Տասը տարուց ավելի նա սփյուռքում քարոզում էր, որ Հայաստանը մնալու տեղ չի, որ դա անհեռանկար պետություն է: Կան բազմաթիվ տեսաձայնագրություններ, թե ինչ էր ասում Վարդանյանը Հայաստանի Հանրապետության, իշխանությունների ու, իհարկե, անձամբ Ս. Սարգսյանի մասին: Սփյուռքի մեր բարեկամները հոգացել են, որ դրանք պահպանվեն, ու մենք էլ դրանք կներկայացնենք մեր ընթերցողներին: Բայց դա, իհարկե, կանենք միայն մի դեպքում` եթե պարոն Վարդանյանը շարունակի  հանուն Սերժ Սարգսյանի՝ «դատարկ ծանրաձողություն» անել, որն ինքը համարում է  քաղաքականությամբ զբաղվել:  

Սակայն եթե պարոն Վարդանյանը դա չի հասկանում, ապա գոնե իշխանությունները պետք է հասկանան, որ Յուրի Վարդանյանի նման մարդկանց փչացնելը գրեթե մեղքի պես բան է: Նա, ի վերջո, տարիներ շարունակ եղել է մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքը:  Եւ հանուն մանր-մունր խնդիրների՝ չարժեր բոլորին ներքաշել կեղտոտ խաղերի մեջ: Նման քաղաքական կեղտոտ խաղերի համար կան բազմաթիվ,  որևէ բնագավառում վաստակ չունեցող այլ  անձինք: Եւ շատ ավելի լավ կլիներ, եթե Յուրի Վարդանյանն ինքը թույլ չտար, որպեսզի իրեն օգտագործեն: Ու եթե նա որոշել էր ի վերջո ԱՄՆ-ից վերադառնալ, ապա նա պետք է վերադառնար հայրենիք, ոչ  թե Սերժ Սարգսյանի մոտ: Իսկ Սերժ Սարգսյանն ու հայրենիքը լիովին տարբեր բաներ են: Ի՞նչ տվեց Յուրի Վարդանյանին մի մեդալը կամ խորհրդականի մի հաստիքը…: Ոչինչ:  Բացի վարկաբեկվելուց` ոչինչ:

Արման Բարսեղյան 

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի՝ ԱՊՀ վերադառնալու շուրջ բանակցություններ չեն ընթանում. Վրաստանի ԱԳՆ’