‘Ի՞նչ ցույց կտա «հերձումը»’

958

Քավորն ու սանիկը, կամ որ նույնն է՝ ՀՀ վարչապետն ու ֆինանսների նախարարը, որոշել են պետության ու սերունդների հաշվին ֆինանսական բուրգ կառուցել։ Անշու՛շտ՝ Սերժ Սարգսյանի զգոն հայացքի ներքո։

Ինչպես հայտնի է, ռուսական 500 միլիոն դոլարի վարկը կառավարությունը որոշել է փակել եվրապարտատոմսեր թողարկելու միջոցով։ Այսինքն՝ հին պարտքը նոր պարտքով փակելու քաղաքականություն է որդեգրվել։

Որքան էլ գեղեցիկ ու մոդայիկ հնչի «եվրապարտատոմս» բառը, և որքան էլ ճչացող անուններ կրող կազմակերպություններ ներգրավվեն այդ պարտատոմսերի թողարկման գործընթացում, միևնույն է՝ պարտքը մնում է պարտք։

Առաջին ու ամենագլխավոր հարցը, որ առաջանում է եվրապարտատոմսերի թողարկման միջոցով ռուսական վարկը մարելու մասին լսելիս, հետևյալն է՝ իսկ ի՞նչ եղավ ռուսական վարկի հետ, և ինչպե՞ս այն օգտագործվեց։

Հիշեցնենք, որ ռուսական վարկը բերելիս հայտարարվում էր, թե մատչելի միջոցներ կտրամադրվեն բիզնեսի տարբեր շերտերին, որպեսզի ճգնաժամային վիճակի մեջ Հայաստանը չհայտնվի։ Իրականում, սակայն, Հայաստանում արձանագրվեց աշխարհի ամենամեծ տնտեսական անկումներից մեկը։

Ինչ վերաբերում է ռուսական վարկի օգտագործմանը, ապա այն շարունակում է մութ մնալ։ Հայտնի է միայն, որ այդ վարկից օգտվել է մի քանի կազմակերպություն։ Բացի այդ՝ այդ վարկի հետ է կապվում օֆշորային սկանդալը, որի գլխավոր «հերոսները» վարչապետ Տիգրան Սարգսյանն ու յուր «հոգևոր» օրթախ Նավասարդ Կճոյանն են։

Իսկ թե ուրիշ էլ ինչ պատմություններ կան ռուսական վարկի մսխման հետ կապված՝ միայն «հերձումը» ցույց կտա, այսինքն՝ միայն իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի ամբողջությամբ պարզել, թե բացի Կիպրոսի օֆշորներից, ուրիշ էլ որտե՞ղ են հայտնվել Հայաստանի հաշվին վերցրած վարկային միջոցները։

Դատելով ամենից՝ թալանի հին մեթոդներից կառավարության նիստի ժամանակ նեղսրտող վարչապետը նույնքան դժգոհ չէ թալանի եվրամեթոդներից։  Համենայնդեպս՝ «ադամանդագործությունը» զարգացնելու անվան տակ այլոց քցելուն նա դեմ չի եղել, և «պատահաբար»  դարձել է միլիոնատեր։

Հիմա թողարկվում են եվրապարտատոմսեր, որպեսզի մասնավոր անձանց օֆշորային հաշիվների վրա հայտնված վարկային միջոցները Հայաստանի հաշվին փակվեն «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով։

Համաձա՞յն են մեր հասարակությունն ու քաղաքական ուժերն իրերի այսպիսի դրության հետ, թե՞ ոչ, նույնպես «հերձումը» ցույց կտա։

Սևակ Մինասյան

www.7or.am  

  

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Եմենի տարածքին’
Հաջորդ հոդվածը‘Ջուր չի լինի Այգեստանում ‘