‘Ի՞նք է գնացել, թե Պուտի՞նն է հրավիրել. Մամուլ’

1160

Երեկ Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքի սկզբում անդրադարձել է Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին՝ նշելով, որ Ս. Սարգսյանի ստացած «60 տոկոսից ավելի» ձայնը շատ լավ արդյունք է:

«Ժողովուրդը» նկատում է, որ ըստ պաշտոնական արդյունքների՝ նախագահական ընտրություններում Սարգսյանը ստացել է 58 տոկոս, և Պուտինի շեշտադրումը «60 տոկոսից ավելի» (Ещё раз хочу Вас поздравить с убедительной победой: свыше 60 процентов — это очень хороший результат) ձայն ստանալու մասին, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս: Ու սա այն դեպքում, երբ ընտրություններից հետո Հայաստանում չեն դադարում բողոքի ակցիաները, ավելին, արդեն երեք օր է՝ Երևանի կենտրոնում հացադուլ է անում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որը կես միլիոն քվե է ստացել: Խոստովանենք՝ նման շեշտադրումներն այնքան էլ գեղեցիկ չեն հնչում, մանավանդ եթե ՌԴ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկեր: Ի վերջո, ՌԴ-ն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ ըստ նախագահականի կայքի՝ Ս. Սարգսյանը Մոսկվայում է գտնվում Պուտինի հրավերով, մինչդեռ Կրեմլի կայքը համառորեն լռում է այս մասին:             

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ ցուցակում պահեստային քաղաքապետացու չկա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա’