‘ԻԵՄ. ՄԻԵԴ-ի դատավորի ընտրության գործընթացը մրցույթ չի կարելի կոչել’

183802

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն էր հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանից թեկնածուների ընտրության մրցույթի ընթացքում Հանձնաժողովի ոչ թափանցիկ և ոչ հրապարակային գործելաոճի կապակցությամբ: 

Հասարակական կազմակերպությունը առանձին հայտարարությամբ բարձրաձայնել էր փաստաթղթերի ստուգման փուլում տեղ գտած խախտումների մասին, մասնավորապես` ընդգծելով երեք հավակնորդների` նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, դատավորներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի կողմից փաստաթղթերը վերջնաժամկետից հետո ներկայացնելու կապակցությամբ իր կասկածները՝ հիմնվելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տրամադրած փաստաթղթերի վրա: Ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպությանը մեղադրել էր քաղաքական պատվեր կատարելու մեջ: 

iLur.am-ի հետ զրույցում «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը նշեց, որ, ըստ էության, նախարարությունը հրապարակել է իրավապաշտպան կազմակերպության՝ Սահմանադրությամբ երաշխավորված բարի համբավը արատավորող հայտարարություն, ինչն անթույլատրելի է: «Երբ փաստարկված հայտարարություններին պետական մարմինը ոչինչ չունի պատասխանելու, քան այն, որ դա քաղաքական պատվեր է, ուրեմն՝ այդ մարմինը ղեկավարող անձը պետք է հրաժարական տա կամ հեռացվի:  Նախարարության գործողությունները խոսում են փաստարկների բացակայության եւ սահմանադրական լիազորությունների տիրույթից դուրս գործելու մասին: Ավելին՝ հակափաստարկների բացակայության դեպքում պետական մարմինը իրավունք չունի անել այնպիսի հայտարարություններ, որոնք արատավորում են իրավապաշտպան հասարակական կազմակերպության համբավը: Նշեմ, որ իրավապաշպանները միջազգայնորեն մեծ պաշտպանություն են վայելում, իսկ նման անհիմն եւ մերկապարանոց հարձակումները համարվում են մարդու իրավունքների ոտնահարում: Հենց այս պատճառով էլ մենք հայց ենք ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության»,- նշեց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում հաջողությունների չհասնելու դեպքում ՀԿ-ն անպայման հետամուտ է լինելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրենց իրավունքի վերականգնմանը: 

Անդրադառնալով մի քանի հասարակական կազմակերպությունների և հայտնի փաստաբանների կողմից հրապարաված «Բաց նամակ ՄԻԵԴ դատավորի ընտրության վերաբերյալ» անունը կրող հայտարարությանն ի պատասխան ՝ Արդարադատության նախարարության տարածած հայտարարությանը, որտեղ, մասնավորապես, վկայակոչվում են Խորվաթիայում, Մեծ Բրիտանիայում եւ Դանիայում ՄԻԵԴ-ի դատավորի ընտրության մրցույթի օրինակները, փաստաբան Լուսինե Հակոբյանը նշեց, որ այդ կերպ փորձ է արվում ապակողմնորոշել հասարակությանը:

«Մասնավորապես, հայտարարության մեջ հիշատակվում է Խորվաթիայում անցկացված մրցույթի օրինակը, որն, ըստ երևույթին՝ միտումնավոր, ներկայացվում է թերի: Խոսքն այն մասին է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուներից մեկը Զագրեբի համալսարանի պրոռեկտորն էր, իսկ քննող հանձնաժողովի անդամներից մեկը հանդիսանում էր չորս ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետների (այդ թվում՝ Զագրեբի համալսարանի) կազմից ընտրված մեկ թեկնածու՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ո՞ր համալսարանի թեկնածուն էր այդ հանձնաժողովի անդամը: Բերելով այս օրինակը` Արդարատության նախարարությունը փորձում է ստեղծել թյուր համոզմունք, որ միջազգային պրակտիկայում կան այնպիսի օրինակներ, որտեղ ևս հանձնաժողովի անդամը գնահատել է իր ստորադասին կամ վերադասին: Սակայն այս օրինակը այնքանով է անհեթեթ, որ այնտեղ այդպես էլ չի հստակեցվում, թե արդյո՞ք հանձնաժողովի անդամներից մեկը եղել է Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ներկայացուցիչ, թե՞ ոչ: Եւ եթե անգամ եղել է, ապա պարզ չէ, թե ինչպես է քվեարկել կամ քվեարկե՞լ է արդյոք, թե՞ ոչ: Սա շատ բարդ օրինակ է, որը ոչինչ չի տալիս. զուտ փորձ է արվում ստեղծել այնպիսի տպավորություն, որ նախարարությունը չի անտեսել հայտարարությունը եւ պատշաճ պատասխանել է»,- նշեց Լուսինե Հակոբյանը՝ կրկին շեշտելով, որ առկա էր հակափաստարկների լիակատար բացակայություն:

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում անցկացված՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների մրցույթը եղել է ոչ թափանցիկ եւ անարդար: Մասնավորապես, փաստաբանի խոսքով, հանձնաժողովի անդամները ցուցաբերել են խտրական վերաբերմունք. որոշ մասնակիցների նկատմամբ իրականացվել է հովանավորչություն: «Նրանց տրվել են հուշող կամ մասնագիտական որակների ստուգման հետ կապ չունեցող հարցեր, և նույնիսկ լավ պատասխանների դեպքում դժվար կլիներ որակյալ մասնագետ համարել պատասխանողին: Օրինակ՝ Արմեն Հարությունյանին հարցրել են, թե ինչպիսի՞ նշանավոր իրադարձությունների է մասնակցել՝ առանց հետաքրքրվելու, թե որն է եղել նրա ներդրումն այդ իրադարձություններում: Ի պատասխան՝ նա նշել է, որ իր կյանքում նշանավոր իրադարձություններից մեկն այն է եղել, որ մասնակցել է սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքներին, սակայն այդպես էլ անհայտ է մնացել, թե հատկապես ի՞նչ ներդրում է ունեցել, ինչի՞ն է կողմ կամ դեմ եղել, ի՞նչ հայեցակարգեր է պաշտպանել: Ավելին՝ Արմեն Հարությունյանը ասել է, որ 1994-95 թթ. մասնակցել է Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության մշակմանը, ինչը չի համապատասխանում իրականությանը, և այդ մասին, ինչպես նաև այդ աշխատանքներին մասնակցած և հատկապես հետագայում Սահմանադրություն դարձած նախագիծը մշակած հիմնական կազմի մասին լավատեղյակ են Մրցութային հանձնաժողովի որոշ անդամներ, և ելնելով ամենատարրական ազնվությունից՝ այդ հայտարարությանն ըստ էության պետք է արձագանքեին»,- նշեց փաստաբանը:

Տիգրան Եգորյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքները եղել են ոչ պրոֆեսիոնալ, քանի որ պրոֆեսիոնալ կարող է համարվել այն հանձնաժողովը, որը ամենաքիչը նման հարցազրույցներ/մրցույթներ անցկացնելու  փորձ ունի, կամ գոնե ամենայն մանրամասնությամբ մշակված են բոլոր ընթացակարգերը, եւ մինչեւ ամենավերջին դետալը կազմված են հատուկ ուղեցույցներ, որոնք հստակորեն բացահայտում են, թե ինչպես պետք է գնահատել թեկնածուներին, եւ ինչ եղանակով, հարցերով, մեթոդիկայով է անհրաժեշտ ստուգել չափանիշները, ինչպես նաեւ առկա են նախապես հատուկ մշակված մրցութային (սպորտային)  հարցեր: «Գնահատումը  եղել է ոչ ստուգելի, հետևաբար նաև՝ ոչ թափանցիկ: Այսինքն՝ հայտնի չէ, թե այս կամ այն պատասխանի համար ինչպես է գնահատվել մասնակիցը եւ ինչ չափորոշիչներով»,- հավելեց նա:

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի խոսքով՝ այդ գնահատականները այդպես էլ հասու չեն դարձել հանրությանը: «Չեն հրապարակվել գնահատման թերթիկները, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուների մասնագետների նշումները: Արդյունքում՝ այդպես էլ պարզ չի դարձել, թե արդյո՞ք այդ մարդիկ օբյեկտիվ են եղել, թե՞ ոչ: Օրինակ՝ անգլերենի մասնագետներից մեկը Արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոնի աշխատակից էր, իսկ մյուսը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մորաքրոջ աղջիկն էր: Անհայտ է մնում, թե արդյո՞ք այդ մարդիկ զերծ են եղել Արդարադատության նախարարի եւ Օմբուդսմենի ազդեցությունից, թե՞ ոչ: Նշեմ նաեւ, որ Արմեն Հարությունյանի՝ ֆրանսերեն տեքստից կատարված թարգմանության ժամանակ այդ տեքստը ոչ ոք ձեռքի տակ չի ունեցել, այդ թվում` նաեւ ֆրանսերենի մասնագետները: Նման պայմաններում ինչպե՞ս պետք է նրանք հասկանային, թե Հարությունյանը հենց այդ տեքստն էր թարգմանում, թե՞ մեկ ուրիշ պատմություն պատմում»,- ընդգծեց Լուսինե Հակոբյանը:

Փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց նաեւ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայաստանյան դատավորի թեկնածուների մրցույթի անցկացման վերաբերյալ առկա են բազմաթիվ հարցականներ, եւ այդ գործընթացը մրցույթ չի կարելի կոչել: «Ավելի լավ կլիներ, որ այդ երեք մասնակիցները միանգամից նախագահականից նշանակվեին. այդ դեպքում ինչ-որ փաստաթղթեր կեղծելու կարիք չէր լինի, իսկ մի քանի քրեական գործեր հարուցելու առիթները ավելի քիչ կլինեին»,- ասաց փաստաբանը: Խոսելով կեղծված փաստաթղթերի մասին՝ նա նշեց, որ կան փաստեր, որոնք ապացուցում են, որ Արմեն Հարությունյանի դիմումի ծրարը կեղծված է եղել: «Մասնավորապես, այդ ծրարը մտել է 78 համարի փոստ եւ երկու կողմից կնքվելուց անմիջապես հետո  ուղարկվել Արդարադատության նախարարություն, ինչը նշանակում է, որ ծրարը բաշխիչ կենտրոն չի գնացել, քանի որ բաշխիչ կենտրոնի կնիքը բացակայում է»,- հավելեց Տիգրան Եգորյանը: Փաստաբան Լուսինե Հակոբյանն իր հերթին նշեց, որ սովորական ընթացակարգով նման դեպք չի գրանցվել: 

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘ՌԴ պետդուման վավերացրեց Հայաստանի ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Եռյակի հանրահավաք-երթը՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը (ուղիղ)’