‘ԻԼԻՊ գրոհայինները հայտարարել են Իրաքի 1700 զինվորների մահապատժի մասին’

1569

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները հայտարարել են, որ մահապատժի են ենթարկել կառավարական զորքերի գերի ընկած 1700 զինվորների: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Ի հաստատումն՝ իսլամիստները իրենց կայքերից մեկում տեղադրել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մի խումբ մարդկանց, նախ՝ ավտոմատավորների ուղեկցությամբ քշում ինչ-որ տեղ, ապա բեռնատար մեքենաներ են նստեցնում: Վերջին լուսանկարում այդ մարդիկ պառկած են գետնին՝ գլխներին հրազենային վնասվածքով:

Ըստ գրոհայինների՝ դրանք շիա զինվորներ են, որոնք գերի են ընկել երկրի հյուսիս-արևմուտքում մարտերի ժամանակ: Բաղդադի իշխանություններն առայժմ չեն հաստատել այդ լուրը, սակայն The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ իսլամիստների վերահսկողության տակ գտնվող Սալահ-էդ-Դին նահանգի նահանգապետ Ահմեդ Աբդուլլա ալ-Ջիբուրին տեղեկացրել է, որ գրոհայինները գերի են վերցրել ՌՕՈՒ ակադեմիայի հարյուրավոր զինվորների և կուրսանտների և, ամենայն հավանականությամբ, հաշիվ են տեսել նրանց հետ:

Ներկա պահին Իրաքի կառավարությունն ամբողջովին կորցրել է երկրի հյուսիս-արևմուտքի վերահսկողությունը: Լայնածավալ հարձակումների շնորհիվ իսլամիստները կարողացել են գրավել Մոսուլը, Թիքրիթը, ինչպես նաև՝ մի քանի բնակավայրեր Սալահ-էդ Դինում և Քիրքուքում: Այժմ նրանք շարժվում են Բաղդադի ուղղությամբ, մարտեր են ընթանում Սամառա քաղաքի մոտ: Մի շարք լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ Իրաքի մայրաքաղաք են ժամանել երկու հազար մարտիկներ Իրանից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Femen- ը Eurosatory միջազգային ցուցասրահում ակցիա է նախապատրաստում ՌԴ-ի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը նախապատրաստվում է Եվրամիության հետ ասոցացվելուն’