‘Իմ սուտի ուղեկից. Հյուսիսային պողոտայի սալահատակը երեկ, այսօր եւ վաղը (տեսանյութ)’

1014

Դեռեւս 2012-ի հունիսին՝  Երեւանի քաղաքապետի վերջին ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ Հյուսիսային պողոտայում շուտով կմեկնարկեն հատակի ծածկի փախարինման աշխատանքները, կթարմացվի արտաքին լուսավորությունը եւ մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարածքները: 2012-ի աշնանը Մարգարյանը կրկին հայտարարեց, որ պողոտայի սալիկապատման աշխատանքները կմեկնարկեն 2013-ի գարնանը եւ ավարտին կհասցվեն մինչեւ տարեվերջ:

Արդեն 2013-ի մարտի վերջին Տարոն Մարգարյանը կրկին հիշեցրեց, որ Հյուսիսային պողոտայում բետոնյա ծածկը կփոխարինվի բնական քարով, եւ հանձնարարեց ենթականերին՝ բարեկարգման հստակ ժամանակացույց ներկայացնել: Քաղաքապետը ընդգծեց, որ բարեկարգման աշխատանքներին իրենց ֆինանսներով մասնակցելու են նաեւ պողոտայում գտնվող սպասարկման օբյեկտների սեփականատերերը:

Դրանից վեց ամիս անց՝ սեպտեմբերի 23-ին մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը զեկուցեց, որ Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս:

Այսօր սակայն՝ հոկտեմբերի 8-ին, վերջին հավաստիացումից երկու շաբաթ անց, Պողոտայով բարձրանալիս արձանագրեցինք, որ սալիկապատման աշխատանքները մեկնարկած լինելու ակնարկ անգամ չկա: Չի նշմարվում նաեւ կանաչ տարածքներն ընդլայնելու կամ արտաքին լուսավորությունը թարմացնելու որեւէ միտում: Պողոտայի բետոնե ծածկը պակաս քայքայված չէ, քան երեք կամ հինգ տարի առաջ: (Ի դեպ, քաղաքապետարանում ու այլ պետական մարմիներում կարծես թե որեւէ մեկը հարց չի տալիս՝ ինչու՞ «դարի նախագիծ» համարվող Հյուսիսային պողոտայի բետոնե ծածկը սկսեց քայքայվել շահագործման հանձնելուց մեկ տարի անց, եւ ինչու է անհրաժեշտություն առաջացել շահագործումից ընդամենը հինգ տարի անց այն հիմնովին փոխել):  

Ինչեւէ, քաղաքի գլխավոր ճարտարապետի օգնական Անահիտ Եսայանը iLur.am-ին տեղեկացրեց, որ պողոտայի սալահատակը փոխելու աշխատանքները կմեկնարկեն «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների ավարտից անմիջապես հետո՝ մյուս շաբաթ: Իսկ ուշացման պատճառն այն է, որ ներմուծվող (՛) սալաքարերը  տեխնիկական պատճառներով մնացել են Փոթիի նավահանգստում:   

Ավելի ուշ տիկին Եսայանը տեղեկացրեց, որ գրանիտե բազմագույն սալաքարերի առաջին խմբաքանակը՝ 1600 քմ մակերեսով, արդեն Հայաստանում է: «Սալիկապատման աշխատանքները կացկացվեն 6 փուլով, առաջին փուլում կծածկվի 1000 քմ տարածք: Աշխատանքները կշարունակվեն այնքան, որքան թույլ կտան եղանակային պայմանները, շարունակությունը կլինի հաջորդ գարնանը», — նշեց գլխավոր ճարտարապետի օգնականը՝ հավելելով, որ հաջորդ գարնանը կմեկնարկեն նաեւ լուսավորության եւ կանաչապատման աշխատանքները: Նկատենք, որ Հյուսիսային պողոտայում սալիկապատման է ենթակա մեկ հեկտար (10 հազար քմ) տարածք: Այսինքն, ըստ ժամանակացույցի, մինչեւ այս տարեվերջ կսալիկապատվի լավագույն դեպքում պողոտայի 1/10-րդ մասը: Փաստ է, որ հերթական անգամ քաղաքի իշխանությունները «չեն տեղավորվում» իրենց տված խոստումների մեջ:   

Սովորաբար, քաղաքի խնդիրների մասին խոսելիս վկայակոչում ենք Հյուսիային պողոտան, մոտավորապես այսպես.  «մեր իշխանավորները պետք է հասկանան, որ քաղաքը միայն Հյուսիսային պողոտան չէ՝ ծայրամասերում լիքը պրոբլեմներ կան»: Իրականում, սակայն, 2795-ամյա «իմ սրտի ուղեկից» Երեւանի  սրտում անգամ սալահատակը փոխելու համար բավարար միջոց չկա: Բայց հերթական անգամ աշխարհին հիշեցնելու համար, որ Երեւանը Հռոմից 29 տարով մեծ է՝ առնվազն 500 հազար դոլար ունի քաղաքապետարանը:

Հ.Գ. Պողոտայում Թումանյան փողոցի հետ հատման մասում նկատեցինք, որ առանց համազգեստի երկու բանվորներ էլեկտրական մուրճով քանդում են հատակի բետոնը: Կարծեցինք, թե մեր պատրաստած նյութը ժամանակավրեպ է, եւ քաղաքապետարանն այնուամենայնիվ, սկսել է բարեկարգման աշխատանքները: Բանվորները, սակայն, տեղեկացրին, որ  «ռեկլամնի շթի համար փոս են փորում»: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 842.3 հազ.դոլար’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյան. Առանց կողմնակի նյութերի իրացման խնդիրը լուծելու, չենք կարող ունենալ պղնձահալման ձեռնարկություններ’