‘Ինդոնեզիայի նախագահ. մահապատժի դատապարտված արտասահմանցիներին ներում չի շնորհվի’

1100

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն բացառել է բարձրագույն պատժաչափի դատապարտված թմրակուրիերներին ներում շնորհելու հավանականությունը, որոնց մեջ կան նաև օտարերկրյա քաղաքացիներ: Այդ մասին տեղեկացրել է Jakarta Post-ի էլեկտրոնային տարբերակը:

Նախագահի խոսքով՝ մի քանի երկրների ղեկավարներ իրեն են դիմել դատավճիռը մեղմացնելու հարցով: Սակայն Վիդոդոն «մտադիր չէ փոխել 60 դատապարտյալների, այդ թվում՝ արտասահմանցիների դատավճիռը, ովքեր սպասում են իրենց պատժին»,-նշել է պարբերականը: Նախագահի կարծիքով՝ վերջին տարիներին «Ինդոնեզիայում թմրանյութերի տարածման հետ կապված՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել». երկրում այժմ հաշվվում է առնվազն 4,5 միլիոն թմրամոլ, թմրանյութերի օգտագործման արդյունքում օրական 50 մարդ է մեռնում:

Անցյալ կիրակի Ինդոնեզիայում թմրանյութեր տարածելու համար դատարանի վճռով գնդակահարվեց վեց մարդ, այդ թվում՝ Բրազիլիայի, Վիետնամի, Նիդեռլանդների, Նիգերիայի և Մալավիի քաղաքացիներ: Ի նշան բողոքի՝ երկրից ետ կանչվեցին Բրազիլիայի և Նիդեռլանդների դեսպանները: Առաջիկայում մահապատժի ենթակա են երկու ավստրալացիներ, որոնք նույնպես մեղադրվել են թմրանյութ տեղափոխելու համար: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հույս է հայտնել, թե «գուցե հնարավոր լինի պահպանել մեր քաղաքացիների կյանքը»: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Արգելվել է չինական մի շարք ապրանքատեսակների ներմուծումն ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում աշխատանքից ազատվել է դատախազության 150 աշխատակից’