‘Ինչի՞ համար են ԱՄՆ-ում մահապատժի ենթարկվում կանայք’

1233

Փետրվարի 5-ին Թեքսասում մահացու ներարկում կատարվեց 59-ամյա Սյուզան Բասսոյին, որը դարձավ ԱՄՆ տարածքում մահապատժի ենթարկված 14-րդ կինը՝ 1976 թվականից ի վեր, երբ երկրում վերացվեց մահապատիժների իրականացման ժամանակավոր արգելքը: Թույլ սեռի ներկայացուցիչները կազմում են ԱՄՆ-ում մահապատժի ենթարկվածների 1 %-ը:

Lenta.ru-ն ներկայացնում է մի քանի օրինակ, թե ինչի համար են ԱՄՆ-ում կանայք ենթարկվում մահապատժի:

Սյուզան Բասսո. սպանել է մտավոր հետամնաց «փեսացուին»

Մահապատիժն իրականացվել է 2014 թ. փետրվարի 5-ին

Մահապատժի պահին տարիքը՝ 59

Հանցագործության պահին տարիքը՝ 44:

1997 թ. Սյուզան Բասսոն Նյու-Ջերսիի 59-ամյա բնակիչ Լուիս Մուսսոյին համոզում է տեղափոխվել իր մոտ՝ Թեքսաս՝ ամուսնանալու նպատակով: Հաշմանդամ Լուիսը, ում մտավոր կարողությունները ութամյա երեխայի մակարդակի էին, հարսնացուի համար մատանի է գնում և մեկնում Թեքսաս:

Երկու շաբաթ անց Մուսսոյի մարմինը, բազմաթիվ կոտրվածքներով, հայտնաբերվում է պուրակում: Դիակն այնտեղ գցելուց առաջ հանցագործներն այն մշակել էին մաքրող հեղուկներով: Սպանվածի ինքնությունը հաջողվել էր պարզել միայն այն ժամանակ, երբ «հուզված» Սյուզանը ոստիկանությանը հայտնելէր նրա անհետանալու մասին: Հետաքննությունը երկար չէր տևել. Սյուզանի 26-ամյա որդին, որը նրա հետ էր ապրում, իրավապահների հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ պատմել էր, որ վեց հուգուց բաղկացած հանցախումբը երկու շաբաթ խոշտանգել ու ծեծի էր ենթարկել հաշմանդամին՝ ստիպելով, որ նա կտակ գրի հօգուտ Բասսոյի և ապահովագրի իր կյանքը: Մուսսոյի բռնի մահվան դեպքում հանցագործները ստանալու էին 60 հազար դոլար: Քանի որ Սյուզան Բասսոյին ճանաչեցին հանցագործության կազմակերպիչ, նա հանցախմբի վեց անդամներից միակն էր, որ դատապարտվեց մահապատժի:

Էյլին Ուորնոս. մարմնավաճառ, սպանում էր հաճախորդներին՝բռնաբարության փորձ կատարելու համար

Մահապատիժն իրականացվել է 2002 թ. հոկտեմբերի 9-ին

Մահապատժի պահին տարիքը՝ 46

Հանցագործության պահին տարիքը՝ 33-34:

«Մահվան աղջիկ» մականունով Էյլին Ուորնոսը ԱՄՆ-ում ամենահայտնի սերիական մարդասպան կանանցից մեկն է: Դատարանում նա պնդում էր, թե վեց տղամարդկանց գնդակահարել է ինքնապաշտպանության նպատակով, քանի որ նրանք բռնաբարել են կամ  փորձել են բռնաբարել իրեն: 1992 թ. Ուորնոսը դատապարտվեց առավելագույն պատժի, սակայն դրանից տասը տարի անց  հրաժարվեց իրեն փրկել ցանկացող փաստաբաններից և խոստովանեց, որ մարմնավաճառությամբ է զբաղվել և սպանել է իր հաճախորդներին, քանի որ ատում է մարդկանց: «Երբ նրանք ինձ անտառ էին տանում, ես հանում էի ատրճանակս ու սպանում նրանց: Ես արժանի եմ մահվան: Իմաստ չունի շարունակել ապրել: Ես պետք է հեռանամ, քանի որ երբեք չեմ փոխվի», հայտարարել էր Ուորնոսը:

Այս պատմությունն այնպես էր ցնցել Ամերիկան, որ հիմք էր դարձել մի քանի կինոսցենարների: Ամենանշանավոր կինոնկարը Ուորնոսի մասին «Հրեշն» է, որտեղ մոլագարի դերը կատարում է Շարլիզ Թերոնը: Ուորնոսի մահապատժից երկու տարի անց Թերոնն այդ ֆիլմում կնոջ լավագույն դերի համար արժանացավ «Օսկարի»:

Բեթի Լու Բիթս. սպանել է ամուսիններին

Մահապատիժն իրականացվել է 2000 թ. փետրվարի 24-ին

Մահապատժի պահին տարիքը՝ 62

Հանցագործության պահին տարիքը՝ 46:

Բեթի Լու Բիթսին մահապատժի են դատապարտել այն բանի համար, որ նա 1983 թ. կրակելով սպանել էր իր հինգերորդ ամուսնուն: Նա պնդում էր, որ ամուսինը անընդհատ ծաղրում էր իրեն, սակայն դատախազության կարծիքով՝ որ նա սպանությունը կատարել է ամուսնու ապահովագրությունը և թոշակն ստանալու նպատակով:

Բիթսի դիակը հայտնաբերել էին Բեթիի այգում, դեկորատիվ ջրհորի տակ: Այգում կատարած խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր  ևս մի դիակ, որը, պարզվել էր, Բեթիի չորրորդ ամուսնունն էր: Ինչպես պարզվել էր հետաքննության ընթացքում, սպանված ամուսինների դիակներն այգում թաքցնելու հարցում հանցագործին օգնել էին  դուստրն ու որդին: Մահապատժի իրականացման պահին 62-ամյա Բեթի Լու Բիթսն ուներ հինգ զավակ, ինը թոռ և վեց ծոռ: Իր երկրորդ ամուսնուն նա երկու անգամ կրակել էր թիկունքից, իսկ երրորդին փորձել էր ավտոմեքենայի տակ գցել (երկուսն էլ ողջ էին մնացել):

Նախորդ հոդվածը‘Ավտովթար «Ոսկու աշխարհի» դիմաց. Վթարի է ենթարկվել դերասան Սուրեն Փահլեւանյանը’
Հաջորդ հոդվածը‘«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի». Երթ-հավաք Վանաձորում (Ուղիղ)’