‘Ինչո՞վ կավարտվի ներիշխանական պատերազմը’

1847

Օրերս իշխանական կայքերից մեկում հայտնվել է հերթական մի սկանդալային լուր՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Համաձայն կայքի հրապարակման՝ ամառային արձակուրդների ընթացքում Սերժ Սարգսյանը հաջողացրել է Լյուքսեմբուրգի խաղատներից մեկում տանուլ տալ 70 մլն եվրո: Ու սովորության համաձայն` հրահանգ է իջեցրել իր ենթակա պետական պաշտոնյաներին ու մի շարք օլիգարխների՝ շտապ հավաքել անհրաժեշտ գումարը և տեղ հասցնել՝ խուսափելու համար Լյուքսեմբուրգի իրավապահ մարմինների հետ գործ ունենալու հեռանկարից:

Այն, որ Սերժ Սարգսյանը խաղատների նկատմամբ, մեղմ ասած, թուլություն ունի, Հայաստանում գիտի ցանկացած դպրոցական: Այս հրապարակման ուշագրավությունը, բացի ևս մեկ հերթական բացահայտումից եւ գումարի ահռելիությունից, այն է, որ լուրը հրապարակվում է իշխանամերձ կայքում, որն ըստ քաղաքական և լրատվական միջավայրում տիրող համոզմունքի ու պատկերացումների, վերահսկվում է Տիգրան Սարգսյանի կողմից: Վերջինիս հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ, մեղմ ասած, սրվել են՝ երկու հիմնական պատճառով: Նախ՝ օֆշորի մասնագետ վարչապետը Սերժ Սարգսյանի թիկունքում Ռուսաստանի իշխանությունների հետ սեպարատ բանակցությունների մեջ է մտել՝ տեղեկացնելով Սերժ Սարգսյանի եվրոպական քաղաքականության մանրամասներ, ինչը վարչախմբի պարագլխի կողմից գնահատվել է որպես մեջքից դաշույնով հարված: Երկրորդ պատճառը կապված է ոչ անհայտ Արմեն Սարգսյանի հետ: Վարչապետն, անշուշտ, տեղյակ է, որ իր փոխարեն նախապատրաստում են Մեծ Բրիտանիայում նորանշանակ դեսպանին, ուստիեւ լրատվական պատերազմ է հայտարարել իր շեֆին:

Ինչով կավարտվի այն՝ դժվար չէ կանխատեսել: Սերժ Սարգսյանը հարմար ժամանակի կազատվի Տիգրան Սարգսյանից՝ փորձելով նրա վրա բարդել իր իշխանավարման շրջանում երկրում տեղի ունեցած գրեթե բոլոր խայտառակ ձախողումները: Պարզ է: Այնուամենայնիվ, այն փաստը, որ իշխանական համակարգի ներսում փոխադարձ լարվածության ու թշնամության դրսևորումները ստացել են արդեն այսպիսի որակ, խոսում է Սերժ Սարգսյանի վարչախմբի շարունակական թուլացման մասին: Մի փաստ, որից պետք է կարողանան օգտվել բոլոր այն քաղաքական, քաղաքացիական ու մտավոր ուժերը, ովքեր գիտակցում են Սերժ Սարգսյանի իշխանավարման կործանարար հետևանքները այս երկրի համար:

Վարդան Սահակյան

 

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Կոմիտաս 5-ում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ ‘
Հաջորդ հոդվածը‘Նունե Եսայանի համերգը հարկատուներին արժեցել է 135 000 դոլար’