‘Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Կոնգրեսի ու ԲՀԿ-ի փողոց դուրս գալուց’

1650

Իշխանական քարոզչամեքենայի վերջին երկու օրվա խուճապային քարոզչությունը վկայում է. այս պահին իշխանությունները ամենից շատ վախենում են այն բանից, որ Կոնգրեսն ու ԲՀԿ-ն կարող են միասին փողոցային պայքար սկսել: Խնդիրն, իհարկե այն չէ, թե արդյո՞ք այդ երկու քաղաքական ուժերը կարող են գալ նման պայմանավորվածության, այլ այն, որ իշխանությունները արդեն իսկ կանխատեսում են այդ սցենարը որպես հավանական, եւ արդեն իսկ վախենում են այդ սցենարից ու «էն գլխից» փորձում են քարոզչություն իրականացնել այդ սցենարի դեմ:

Իսկ քարոզչության, եւ հետեւաբար նաեւ իշխանությունների մտավախության հիմնական կետերն այսպիսին են.

1. Այո, ժամանակին Կոնգրեսը փողոցում դոմինանտ էր, բայց այժմ դա այդպես չէ, եւ եթե այդ սցենարն անգամ ստացվի, ապա միեւնույն է` Կոնգրեսը, իբր, չի կարողանալու վերականգնել իր ուժերը

2. Եթե դուրս գան փողոց, ապա ասելու փոխարեն, պետք է անցնեն գործողությունների, իսկ հաշվարկը, իբր այն կլինի, որ Սերժ Սարգսյանը կգնա բախումների, ինչից կշահի երրորդ կողմը

3. Եւ վերջապես, ինչպես միշտ, ըստ հերթական վերլուծության, նպատակն այն է, որ փողոցում Կոնգրեսը, ԲՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը կգնան բախումների, եւ այստեղ, ինչպես միշտ լինում է իշխանական քարոզչամեքենայի բոլոր վերլուծություններում, «սիֆտակ կաստյում շլվարով» պետք է հայտնվի Ռոբերտ Քոչարյանը, ով պետք է օգտվի այդ իրողությունից եւ ներսից վերցնի իշխանությունը:

 

Իշխանությունների երեւակայությունը, ինչպես տեսնում ենք, նորից չի փայլում, այն հերթական անգամ նույն երգն է երգում, եւ ինչպես բոլոր երգերը, այս երգը եւս Քոչարյանի մասին է: Ավելի կոնկրետ, ամեն ինչ այդ անվան հետ կապելը: Պարզ է, իշխանությունների հիմնական խաղադրույքն այն բանի վրա է արվում, որ Քոչարյանի սեւ անունը պետք է կապվի ցանկացած գործողության հետ, եւ ցանկացած գործողություն, ըստ այդմ, միանգամից կսեւանա: Սակայն, իշխանությունները, որոնք հաճախ նույնիսկ ամենաանտրամաբանական փաստարկներով են Քոչարյանի անունը կապում տարբեր գործընթացների հետ, չեն հասկանում մեկ պարզ բան. որքան շատ են նրանք երգում նույն անտրամաբանական երգը, այնքան ավելի շատ են ի ցույց դնում իրենց ներքին վախերը: Եւ այս պարագայում իշխանությունների ներքին վախերից մեկն ավելի ակնհայտ է երեւում: Իշխանությունները ուղղակի սարսափում են այն մտքից, որ Կոնգրեսը կարող է վերսկսել «փողոցային» պայքարը, որին կարող է մասնակից լինել, կամ կարող է միանալ նաեւ ԲՀԿ-ն: Սերժ Սարգսյանն ու իշխանական ողջ քարոզչամեքենան լավագույնս են հասկանում, որ այս դեպքում Հայաստանում հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդիացիան արդեն ավելի առերեւույթ կդառնա, իսկ սա իշխանությունների համար նշանակում է իշխանության հանձնում` մինչեւ նախագահական ընտրությունները: Թերեւս հենց այս փաստի գիտակցությունն է, որ իշխանություններին կանգնեցրել է այսպիսի խուճապի առաջ:

Ճիշտ է` իր խուճապը իշխանությունը փորձում է հերթական անգամ քողարկել Ռոբերտ Քոչարյանի անունով, սակայն, իշխանության այս հերթական քարոզչական «բադիկը», ինչպես եւ մյուսները, շատ կարճատեւ կյանք ունեն: Եթե իշխանությունների համար ամենաանցանկալի զարգացումները տեղի ունենան, այն զարգացումները, որոնք իշխանությունները տեսնում են իրենց ամենասարսափելի երազներում, ապա այդ պարագայում, որեւէ մեկի անունը որեւէ գործընթացի անվան հետ կապելը կամ չկապելը իշխանություններին այլեւս չի օգնի: Իսկ դրան քիչ է մնացել:

Պարգեւ Ապրեսյան  

Լուս.` ՀԺ-ի 

Նախորդ հոդվածը‘ՉԻ. Սերժ Սարգսյանը կոչ չի անում, բայց «համայն հայությունը» պետք է գումար տա ‘
Հաջորդ հոդվածը‘ Տ.Ուրիխանյան. Փոստանջյանը ընդհանրապես չներկայացավ նիստին’