‘Ինչո՞ւ են լռում այլմոլորակայինները. նոր բացատրություններ’

1494

Մոլորակագետները բացատրել են ենթադրյալ այլմոլորակայինների լռության պատճառը: Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Astrobiology  ամսագրում, իսկ դրանց մասին հակիրճ տեղեկացնում է Ավստրալիայի ազգային համալսարանի կայքը: Գիտնականների կարծիքով՝ կյանքի առկա ձևերը (այդ թվում՝ բանականը) այլ աստեղային համակարգերի մոլորակների վրա չափազանց հազվադեպ երևույթ են և տարածված չեն Տիեզերքում, ինչպես ենթադրում են գիտնականներից ոմանք:

Այլ մոլորակներում կյանք առաջանալու դեպքում այն չի հասցնի զարգանալ մինչև բարդ բազմաբջիջ ձևերի աստիճանի, ինչպես Երկրի վրա է, և կոչնչանա: Դրա պատճառը, մասնագետների կարծիքով, այն է, որ երկնային մարմիններն ընդունակ չեն կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ապահովել:

Երկիր մոլորակի վրա մարդու հայտնությունը տեղի է ունեցել էվոլյուցիայի միլիարդավոր տարիների ընթացքում: Վեներան (Արուսյակ), Երկիրը և Մարսը չորս միլիարդ տարի առաջ իրենց մակերեսների վրա ունեին համանման ֆիզիկա-քիմիական պայմաններ: Սակայն միայն Երկնագույն մոլորակն է կարողացել պահպանել կյանքի համար նպաստավոր այդ պայմանները: Վեներայի վրա չափազանց տաք եղանակ է հաստատվել, իսկ Մարսում՝ ցուրտ:

Եթե մարդկությանը երբևէ հաջողվի այցելել այլ մոլորակներ, որտեղ կյանք է եղել, ապա, ինչպես կարծում են գիտնականները, այնտեղ մարդիկ կհայտնաբերեն ոչ թե բարդ, այլ պարզ օրգանիզմների մնացորդներ: «Տիեզերքում քարացած մասունքների գերակշիռ մասը կպատկանի ոչնչացած մանրէներին, այլ ոչ թե բազմաբջիջ տեսակների, ինչպիսիք են դինոզավրերը կամ հումանոիդները, որոնք զարգացել են միլիարդավոր տարիների ընթացքում»,- ասել է հետազոտության համահեղինակ Չառլի Լայնուիվերան: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փակ է Վարդենյաց լեռնանցքը’
Հաջորդ հոդվածը‘Գերմանացի ֆաշիստներն ավերեցին Վարշավան, մեր տեղականները` Երեւանը ‘