‘Ինչո՞ւ եվրոպացի դիտորդները երեք ժամ ուշացումով հրապարակեցին նախնական եզրակացությունը’

1338

Սովորաբար, Հայաստանի ընտրությունների ընթացքին հետեւող եվրոպական դիտորդները նախնական եզրակացությունները հրապարակում են քվեարկության հաջորդ օրվա ժամը 12.00-ին: Այսօր, սակայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները եզրակացությունը հրապարակեցին ժամը 15-ին հրավիրած ասուլիսի ընթացքում: Ընդ որում, հրապարակված փաստաթղթի վրա նշված է, թե այն հրապարակվել է ժամը 12.00-ին, այսինքն, փորձ է արվել քողարկել ուշացումը:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս ուշացման պատճառը դիտորդական առաքելության հրապարակելիք եզրակացության մեջ տեղ գտած ձեւակերպումների շուրջ անդրկուլիսային քննարկումներն են եղել: Հասկանալի է, որ այդ «բազարներն» ընթացել են Սերժ Սարգսյանի թիմի անդամների եւ եվրոպացի դիտորդների միջեւ:
Հայտնի է, որ այն բանից հետո, երբ Խորհրդարանի հիմնական ընդդիմադիր ուժերը՝ ԲՀԿ-Կոնգրեսը եւ ՀՅԴ-ը հրաժարվեցին մասնակցել նախագահի ընտրություններին, Սերժ Սարգսյանի ու իր թիմի հիմնական խնդիրը դարձավ՝ անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք միջազգային հանրության շրջանում կգնահատվեն որպես հարթ, անցնցում, եւ հնարավորինս մրցակցային: 
Սակայն փետրվարի 18-ի ողջ ընթացքում, երբ լրատվամիջոցները (այդ թվում՝ միջազգային) ողողված էին համատարած ընտրախախտումներն ու բռնության դեպքերը լուսաբանող հրապարակումներով, պարզ դարձավ, որ հանրապետականների համար դժվար կլինի «եւ կույս մնալ, եւ հաճույք ստանալ», այլ կերպ ասած՝ հայտնի միջոցներով պահել իշխանությունը եւ միաժամանակ, արժանանալ միջազգային հանրության անվերապահ գովասանքին: 
Այնուամենայնիվ, երկար ձգձգելուց հետո դիտորդները հերթական անգամ ընտրեցին կեղծիքները պարզաջրելու իրենց արդեն ավանդական (ու ոչ միայն Հայաստանում) դարձած պրակտիկան: Գործարքը (եռակողմ, թե քառակողմ, պարզ կդառնա առաջիկա օրերին) կայացավ, ու դիտորդական առաքելությունն արհեստավարժորեն անցավ իր սիրած գործին՝ լեգիտիմացումը շաղախել ընտրությունների ընթացքում նկատած մտահոգիչ փաստերով:
Ահավասիկ, սովորականից երեք ժամ ուշացումով հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացության մեջ, «հերթապահ» թերությունները մատնանշելով հանդերձ՝ շեշտվում է, որ «Հայաստանի Հանրապետության փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին և բնութագրվում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ», իսկ բուն քվեարկության օրն անցել է «հանգիստ և բնականոն, ոչ հարիր միջամտություններ են նկատվել ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից և որոշ լուրջ խախտումներ են դիտարկվել»:

Պանդուխտ Արարատյան

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն ԱՊՀ միավորված Առաջնության նախագիծը կքննարկի 2015 թվականից ոչ շուտ’
Հաջորդ հոդվածըԴավիթ Մաթեւոսյան. Սա է օրվա Հերոս…տրատը