‘Ինչո՞ւ է աղմկում նախագահականը, կամ «մենք պետք է»-ների հերթական գրոհը ‘

2896

Շաբաթ օրով կառավարության անդամներին եւ մի շարք այլ պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը իր բնույթով եւ բովանդակությամբ ընդամենը սովորական Reality  show-ի տպավորություն թողեց: Ընդամենը: Բանն այն է, որ այդ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը չասաց որեւէ այնպիսի քաղաքական միտք, որը հնչեցնելու համար անհրաժեշտ էր տեսախցիկների առկայությունը: Քաղաքական առումով նման խորհրդակցությունը լիովին հնարավոր էր անցկացնել նաեւ փակ ռեժիմով, եւ դրանից որեւէ բան չէր փոխվելու: Հետեւաբար, հարց է առաջանում՝ ո՞րն էր այդ խորհրդակցությունն անցկացնելու իրական պատճառը:

Քանի որ վելուծագանգության մտքի դասականները պնդում են, թե քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում, եւ եթե հրացանը կախված է պատից, ապա այն  ի վերջո պետք է անպայման կրակի, հետեւաբար՝ կարելի է հասկանալ, որ Սարգսյանի կողմից խորհրդակցություն հրավիրելու իրական նպատակը պատից կախված հրացանն ի ցույց դնելն էր:

Քաղաքական բովանդակությունը

Տեսեք, ընդամենը ամիսներ առաջ նախագահական ընտրություններին պատրաստվող Սարգսյանը նմանատիպ մի քանի խորհրդակցություններ անցկացրեց, որտեղ թեեւ ձեւական, սակայն, այդուհանդերձ, կիրառեց ավելի կոշտ բառապաշար: Եթե հիշում եք՝ այժմ ֆոլկլորային դարձած «գլխից է պետք բռնել, մեծերին» արտահայտությունը հենց այդ ժամանակ հնչեցվեց Սարգսյանի կողմից: Ամեն ինչ, իհարկե, թատրոն էր, բայց թատրոնի ձեւական կողմը պահում էին: Այժմ, երբ նախագահական ընտրություններն արդեն ետեւում են, Սարգսյանը նույնիսկ ձեւական կողմը չի պահում: Յուրաքանչյուր նման խորհրդակցություն գնալով ավելի ու ավելի ձեւական է դառնում, անորոշ ապագային միտված կոչերով եւ հորդորներով: Ահավասիկ, Սարգսյանն իր 27 րոպեանոց ելույթի ընթացքում 35 անգամ ասում է «մենք», 32 անգամ «պետք է», 4 անգամ ասում է «չպետք է», եւ 14 անգամ ասում է «խնդիրներ»: Այսինքն, ներքաղաքական առումով՝ սա կարելի է կոչել «մենք պետք է»-ների խորհրդակցություն: Նույնը՝ անցած տարվա աշնան խորհրդակցությունների ժամանակ, նույնը՝ ՀՀԿ վերջին համագումարում: Երբ երկրի ղեկավարի աթոռին նստած անձն անընդհատ խոսում է «մենք պետք է»-ների ծիրին մեջ, դա նշանակում է, որ ներկայում (իսկ այդ ներկան արդեն ձգվում է հինգ տարի) ոչինչ չի արվում: Դա շատ նման է այն բանին, երբ ծխախոտից կախվածություն ունեցողն ամեն օր ասում է՝ «ես վաղը թարգելու եմ ծխելը»: Ամեն օր ասում է, որ վաղը «կթարգի», բայց այդպես էլ չի թարգում: «Թարգողը», աջուձախ հայտարարություններ անելու փոխարեն, մի օր ուղղակի դադարում է ծխել, եւ նրա մերձավորները մի օր ուղղակի նկատում են, որ իքս մարդն այլեւս չի ծխում: Եւ ի դեպ, եթե մարդը, որ նման ղեկավար պաշտոն է զբաղեցնում, իր պաշտոնավարման օրոք անընդհատ ասում է՝ «մենք պետք է» այսպես անենք, կամ այնպես անենք, ու ոչինչ իրականում չի արվում, ինքնաբերաբար ստացվում է այնպես, որ կորչում եւ լղոզվում է տրամաբանության եւ բանականության սահմանագիծը, եւ «պետք»-ների կողքին շարվում են անտրամաբանական լոզունգներ. Դիլիջանը պետք է դարձնենք տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, Գյումրին պետք է դարձնենք տեխնոպարկ, պետք է կառուցենք Հայկական աշխարհ եւ այլն, եւ այլն, եւ այլն: Չզարմանանք, եթե մի օր ասեն, որ պետք է Հայաստանը դարձնել տիեզերագնացության կենտրոն: Եթե միեւնույն է՝ «պետք է»-ներից այնկողմ ոչինչ չի արվելու, ապա լոզունգներ հռչակելը խաղուպար է դառնում:

Ներքաղաքական բովանդակությունը

Սերժ Սարգսյանին այս խորհրդակցությունն, ուրեմն, ոչ թե քաղաքական իմաստով էր պետք, այլ՝ ներքաղաքական: Նա խնդիր ուներ հրապարակայնորեն հնչեցնել իր տեսակետները օդում կախված մի շարք խնդիրների շուրջ, ցույց տալ, թե փոքրիկ հակամարտությունների կոնտեքստում ինքն ում մեջքին է կանգնում, եւ ամենակարեւորը՝ դա անել հրապարակայնորեն: Ի՞նչ արժե միայն Սարգսյանի կողմից՝ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված այս նախադասությունը. «Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են»: «Ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակություն»,- ասում է Սարգսյանը: Ընդամենը: Ասել է թե՝ նա Իշխան Զաքարյանին ուղղակի մեսիջ է հղում՝ «ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել, սաղ-սաղ մի 200-300 մլն դրամ են հափշտակել»: Այսինքն՝ այն, որ պետբյուջեից գումարներ են հափշտակվում, դա Սերժ Սարգսյանին չի հուզում: Նրան հուզել է միայն այն, որ հափշտակված լինելու գումարների չափը ավելին է ասվում, քան, իր կարծիքով՝ կա:  Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն այս խորհրդակցությամբ ուղղակի մեսիջ հղեց հանրությանն ու Իշխան Զաքարյանին, որ «լափած գումարների եւ հափշտակությունների մասին անհարկի» հայտարարություններով չփորձի խախտել ներիշխանական ստատուս քվոն եւ անդորրը: Սերժ Սարգսյանը հանրությանը հասկացրեց, որ ինքը տեղյակ է, որ բյուջեն մսխվում է, տեղյակ է, թե ով որքան է մսխում, լափում կամ հափշտակում, եւ չի պատրաստվում որեւէ մեկին դրա համար պատասխանատվության ենթարկվել: «Գլխից է պետք, մեծերին» դեմագոգիկ եւ կեղծավոր հայտարարությունների ժամանակները նրա համար վաղուց արդեն անցյալում են, նա այժմ նորից հանդես է գալիս այդ ամենի բացահայտ հովանավորի դերում: Ստատուս քվոն ու անդորրը Սերժ Սարգսյանի համար զորավոր են, եւ որեւէ մեկը իրավունք չունի առանց իր «դաբռո»-ի՝ սեփական գլխից վեր-վեր թռչել: Իսկ մնացածն ընդամենը սովորական ջուր ծեծոցի էր. «պետք է պատրաստվել հարցազրույցներին», «գրում են, թող գրեն» եւ այլն:

Հ.Գ. Իլֆի եւ Պետրովի «12 աթոռ» հանրահայտ վեպում Օստապ Բենդերը մի այսպիսի միտք է ասում. «Без уголовщины. Кодекс мы должны чтить»: Սերժ Սարգսյանի «մենք պետք»-ները ասես հենց այդ ստեղծագործությունից լինեն:

Պարգեւ Ապրեսյան

 

 

Նախորդ հոդվածը‘Տ. Ուրիխանյան. Ի՞նչ կա էդքան խորհրդակցելու, կա խախտում՝ պիտի լինի իրավական հետևանք’
Հաջորդ հոդվածը‘Սեդրակայնը կրկին միջնորդել է գրավով ազատ արձակվել’