Ինչո՞ւ է մանիպուլացնում Վարդան Օսկանյանը

7322

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն օրերս ԶԼՄ-ներում մի հոդված էր հրապարակել, որը ներկայացվում էր որպես տեքստ` «ղարաբաղյան սպասվող բանակցություններում հայկական նոր օրակարգի ձեւավորման անհրաժեշտության մասին»։

Հոդվածի գրեթե կեսը, սակայն, անդրադարձ է բանակցային պատմությանը, որտեղ Օսկանյանը փորձում է ներկայացնել, թե մինչ այժմ ինչ փաստաթղթեր են եղել բանակցությունների սեղանին։ Իսկ ինչո՞ւ է փորձում, ոչ թե` ներկայացնում։ Շատ պարզ պատճառով. պարոն Օսկանյանը ներկայացնում է ոչ թե թղթերի փաստացի էությունը եւ համեմատությունը, այլ դրանց վերաբերյալ ի՝ փաստացի վերաբերմունքը։ Նա ընտրովի ներկայացնում է մեկի միայն դրական, մյուսի՝ միայն բացասական որոշ դետալներ, եւ չգիտես ինչու` ուղղակի չի հիշատակում։ Այս պարզ մանիպուլյացիաների արդյունքում, նա, ընդհանուր առմամբ, նպատակ ունի դրական կարծիք ձեւավորելու միայն իր եւ Ռոբերտ Քոչարյանի համատեղությամբ բանակցված թղթերի վերաբերյալ։

Իսկ ի՞նչ է ասում պարոն Օսկանյանը։ Փորձենք կետերով անդրադառնալ նրա ասածներին։

Վարդան Օսկանյանն ասում է․ «Մինսկի խումբն իր գործունեության նախորդ քսանհինգ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հինգ առաջարկություն է ներկայացրել։ Այդ հինգ առաջարկություններից յուրաքանչյուրն առանց բացառության արտացոլել է այդ օրվա Հայաստանի իշխանությունների՝ Ղարաբաղի հարցում որդեգրած սկզբունքները եւ վարած քաղաքականությունը»։

Դեռ առանց թղթերի դետալների մեջ խորանալու, միայն այս ընդհանրական ձեւակերպումը բավարար է՝ կասկածի տակ դնելու պարոն Օսկանյանի կա՛մ դիվանագիտական հմտությունները, կա՛մ՝ զուտ մարդկային ազնվությունը։

Որովհետեւ սա նշանակում է, որ կարգավորման հարցով զբաղվող միջնորդները Հայաստանին (նախկինում` նաեւ Արցախին) բանակցություններում առաջարկություններ արել են ոչ թե հաշվի առնելով քաղաքական իրողությունները, միջազգային իրավունքը, դաշնակիցների առկայությունը, կամ բացակայությունը, հակամարտության մեջ ներգրավված երկրների ռեսուրսային հնարավորությունները, տնտեսական վիճակը, աշխարհաքաղաքական դիրքը, եւ այլն, եւ այլն, այլ` թե որ ղեկավարը ինչպես է պատկերացրել լուծումը։

Եթե այդպես լիներ, հապա ինչո՞ւ հենց պարոն Օսկանյանի նախարար եղած ժամանակ չի առաջարկվել որեւէ լուծում, որով Արցախն անմիջապես անկախություն պիտի ստանար, մի՞թե պարոն Օսկանյանն անմիջապես անկախություն չէր ցանկանում Արցախի համար, եւ կամ` ինչո՞ւ չեն առաջարկել այնպիսի լուծում, որով 7 շրջանները եւս պիտի Արցախի կամ ՀՀ-ի մաս կազմեին, մի՞թե պարոն Օսկանյանի որդեգրած սկզբունքներում 7 շրջանը պահելու ցանկություն չկար, իսկ եթե չկար, պատճառն այն էր, որ պարոն Օսկանյանը հայրենասե՞ր չէր, թե՝ ուղղակի պրագմատիկ էր եւ հաշվի էր առնում առկա իրողությունները, իսկ եթե ինքը հաշվի էր առնում առկա իրողությունները, հապա ինչպե՞ս է պնդում, թե մյուսների պարագայում գործել է հենց այնպես ծագած ինչ-որ ենթադրյալ որդեգրած սկզբունք։

Դիվանագետի նման պնդումն աբսուրդ է նույնքան, որքան եթե որեւէ գեներալ որեւէ պատերազմից հետո հայտարարի, թե այս կամ այն պատերազմում իրենց հաղթելու ելքը կախված էր ոչ թե ռեսուրսներից, ոչ թե բանակի ֆիզիկական, բարոյահոգեբանական, հագեցվածության վիճակից, ոչ թե ընդհանուր պատրաստվածությունից եւ դրա հնարավորությունն ընձեռող հանգամանքներից, անգամ՝ եղանակից, այլ բացառապես պատերազմող երկրի ղեկավարի հաղթելու ցանկությունից։

Մի՞թե Նապոլեոն կայսրը չէր ցանկանում գրավել ու հաղթել Ռուսաստանին, եւ եթե միայն նրա ցանկությունն ու պատկերացումները բավարար լինեին, ապա արդյո՞ք Մոսկվան վաղուց արդեն այլ անունով կոչված չէր լինի։

Այնպես որ, պարոն Օսկանյանի այս պնդումը, մեղմ ասած, սխալ է։

Հաջորդիվ Վարդան Օսկանյանը գրում է․ «Լեւոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականությունը խարսխված էր Հայաստանի այդ օրերի առկա եւ տեսանելի համախառն ներուժի սթափ (ուշադրություն դարձրեք այս բառին՝ ՍԹԱՓ-հեղ․) գնահատման վրա՝ զուգորդված իր՝ միջազգային եւ աշխարհաքաղաքական իրադարձությունների նկատմամբ անվերապահ ռեալիզմով։ Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ հետսառըպատերազմյան միջազգային տրամադրություններն այնպիսին են, որ պարզապես անհնար է հասնել Ադրբեջանից դուրս Լեռնային Ղարաբաղի ամբողջական ինքնորոշման։ Նա, հետեւապես, տրամաբանում էր, որ եթե ազգովի անպայման պահանջում ենք Ղարաբաղի խնդրի ամբողջական լուծում, ապա պետք է համակերպվել Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության հետ, իսկ եթե ոչ, ապա պետք է գնալ փուլային ճանապարհով»։

Լավ է, իհարկե, որ պարոն Օսկանյանը, այդուհանդերձ, քաջություն ունի եւ կիրառում է «սթափ» բառը, բայց այդ բառից հետո նա էլի անցնում է մանիպուլյացիաների։

Մի կողմից նա նշում է, որ նախագահ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը խարսխված էր մեր ներուժի սթափ գնահատման վրա, մյուս կողմից գրում է, թե Տեր-Պետրոսյանը «համոզված էր»։

Վարդան Օսկանյանը «համոզված» բառը պատահական չի ընտրում, «համոզված» բառը նշելով՝  նա փորձում է տպավորություն ստեղծել, թե Տեր-Պետրոսյանի պնդումները հիմնված էին ոչ թե առկա իրողությունների սառը վերլուծության եւ հաշվարկի, այլ դրանց վերաբերյալ ունեցած իր համոզմունքների վրա։ Բայց անգամ այս դեպքում նախադասության մեջ տրամաբանական սխալ կա, որովհետեւ եթե նա, ըստ Օսկանյանի, մեր համախառն ներուժի հիման վրա սթափ դատողություններ էր անում, ապա չէր կարող, ըստ այդմ, քայլեր ձեռնարկել զուտ միայն իր համոզմունքների բերումով։

Օսկանյանը ասում է, թե նախագահ Տեր-Պետրոսյանին թվում էր, թե քանի որ կարգավիճակի հարցն անմիջապես պահանջելու դեպքում՝ այն ամրագրվելու էր բացառապես Ադրբեջանի կազմում, եւ եթե դրա հետ համաձայն չենք, ուստի պետք է գնալ փուլային լուծման․ այս հատվածն էլ Օսկանյանը ձեւակերպում է այնպես, որ փուլային լուծման գնալու որոշումը ոչ թե իր նշած սթափ հաշվարկի հետեւանք, եւ կամ առավելեւս՝ շահեկան տարբերակ ընկալվի, այլ՝ նախագահ Տեր-Պետրոսյանի համոզմունքերի արդյունքում ստացված ճարահատյալ որոշում, որն իրականությանը չի համապատասխանում։ Սա արվում է նաեւ այն հատուկ դիտավորությամբ, որպեսզի բացասական ֆոն ստեղծելի իրենց քննարկած փաստաթղթերը ներկայացնելու համեմատության մեջ, կեղծ առավելություն ստեղծի փաթեթային ապագա լուծումների համար, որպեսզի անտեղյակ մարդիկ ինքնաբերաբար կարծեն, թե դրանից հետո բոլոր փաստաթղթերը կամ միայն փաթեթային են եղել, կամ էլ՝ այդ փաթեթայիններն էլ` միայն «ընտիր» լուծումներ են ունեցել։ Էլ չենք խոսում այն մասին, որ մինչեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահ եւ իր՝ ԱԳ նախարար դառնալը, ինքը ԱԳ փոխնախարարն էր ու գլխավոր բանակցողներից, ուստի ինչո՞ւ ինքը անհամաձայնություն չէր հայտնում եւ հրաժարական չէր տալիս։

Հաջորդիվ Վարդան Օսկանյանը շարունակում է․ «Հետաքրքրական է, որ 1997-ին Մինսկի խումբը մեզ առաջարկեց իրար հաջորդող երկու փաստաթուղթ, որոնք ամբողջությամբ արտացոլում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի տրամաբանությունը։ Առաջինը «փաթեթայինն» էր, որով Լեռնային Ղարաբաղին տրվում էր բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Այն անմիջապես մերժվեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից, իսկ դրան հաջորդած «փուլայինը»՝ տարածքների վերադարձ առանց կարգավիճակի հստակեցման, Տեր-Պետրոսյանը համարեց չարյաց փոքրագույնը, ինչը եւ ավելի ուշ դարձավ նրա հրաժարականի պատճառներից մեկը»։

Այս նախադասությունը վերծանելու համար մենք, թերեւս, լեզվաբանների օգնության կարիքն ունենք, որպեսզի նրանք բացատրեն այս շարադրանքում մտքի այսպիսի հակասության էությունը։

Նախ, Վարդան Օսկանյանն ասում է, թե մեզ առաջարկվել է երկու թուղթ, «որոնք ամբողջությամբ արտացոլում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի տրամաբանությունը», բայց անմիջապես հետո գրում է, թե «առաջին՝ փաթեթային տարբերակը անմիջապես մերժվեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից»։

Պարոն Օսկանյանն անգամ ջանք չի թափում բացատրել, թե` եթե այն արտացոլում էր նշյալ տրամաբանությունը, ապա ինչո՞ւ մերժվեց։

Փաստաթղթերի համեմատությունները կներկայացնենք քիչ անց։

Հաջորդիվ Վարդան Օսկանյանն անցնում է արդեն իր ԱԳ նախարար աշխատած տարիների եւ Ռոբերտ Քոչարյանի բանակցած փաստաթղթերի  գովքին։

Նա գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի ղարաբաղյան քաղաքականությունը հիմնված էր ոչ թե Հայաստանի Հանրապետության ԱՌԿԱ հնարավորությունների, այլ ԱՊԱԳԱ ՀՆԱՐԱՎՈՐ ներուժի վրա եւ զուգորդվում էր միջազգային քաղաքականության մեջ նրա խիստ պրագմատիզմով»։

Մենք նորից լեզվաբանների օգնության կարիքն ունենք, որ մեզ բացատրեն, թե «ԱՊԱԳԱ ՀՆԱՐԱՎՈՐ» եւ «ԽԻՍՏ ՊՐԱԳՄԱՏԻԶՄ» բառերը ինչպե՞ս կարող են համակեցությամբ գոյեատեւել մեկ նախադասության մեջ։

Ապա Վարդան Օսկանյանը գրում է․ «Այդ պրագմատիզմն արտահայտվում էր նրանում, որ նա, ճիշտ գնահատելով օրվա աշխարհաքաղաքական իրադարձությունները եւ միտումները, ինչպես նաեւ գլխավոր դերակատարների տրամադրությունները, ղարաբաղյան կարգավորման հարցում ծայրահեղ պահանջներ չէր դնում՝ հակառակ իր անձնական համոզմունքների։ Այդ օրերի հայկական պահանջներն էին ա) հորիզոնական կապ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, բ) Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովում, գ) անխափան կապ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ»։

Այսինքն, Վարդան Օսկանյանը պնդում է, թե եռակողմ ֆորմատով կարգավիճակի հարցի հետաձգումն ավելի վատ տարբերակ է, քան իր պատկերացրած ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ կապը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։

Եւ բնականաբար, պարոն Օսկանյանը մոռանում է նշել, թե հետաձգմամբ փաստաթղթի տակ քանի՞ կողմ պետք է ստորագրեր, իսկ իր մատնանշած տարբերակով՝ քանի՞ կողմ, եւ թե դա ինչպե՞ս էր ազդում հակամարտության էության վրա։

Բնականաբար, այս ամենը եւս պարոն Օսկանյանը մոռանում է մատնանշել՝ քաղաքական նախասիրության դրդմամբ։

Բացի այդ, Վարդան Օսկանյանը գեղեցիկ ձեւով շրջանցում է այս պնդման բացատրությունը, այն է` Քոչարյանը «ճիշտ գնահատելով օրվա աշխարհաքաղաքական իրադարձությունները եւ միտումները, ինչպես նաեւ գլխավոր դերակատարների տրամադրությունները, ղարաբաղյան կարգավորման հարցում ծայրահեղ պահանջներ չէր դնում»։

Ցանկացած լեզվաբան կամ դիվանագետ կբացատրի, որ այս եւ Տեր-Պետրոսյանի մասին գրված «իսկ դրան հաջորդած «փուլայինը»՝ տարածքների վերադարձ առանց կարգավիճակի հստակեցման, Տեր-Պետրոսյանը համարեց չարյաց փոքրագույնը» արտահայտությունը փաստացի նույն միտքն է արտահայտում, պարզապես նախադասությունները պարոն Օսկանյանը ձեւակերպել է այնպես, որ դրանց միջեւ հակասություն նկատվի, եւ մարդիկ Քոչարյանի մոտեցումներում առավելություն տեսնեն։

Վարդան Օսկանյանը շարունակում է․

«Հետաքրքրական է, որ Քոչարյանի տասը տարիների ընթացքում Մինսկի խմբի կողմից եղել է երեք առաջարկություն՝ «Ընդհանուր պետություն», որտեղ առաջարկվում էր հորիզոնական կապ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ, «Քի Վեսթ», որտեղ Ղարաբաղը դրվում էր Հայաստանի ինքնիշխանության ներքո, եւ վերջապես՝ «Մադրիդյան փաստաթուղթ», որտեղ Ղարաբաղը ստանում էր Ադրբեջանից դուրս միջանկյալ կարգավիճակ՝ ապագայում հանրաքվեի հեռանկարով»։

Ուշագրավ է, որ Վարդան Օսկանյանն այս տարբերակները մատների արանքով է ներկայացնում` ընդհանրական մեկնաբանություններով, երեւի` որ այդ թղթերին անծանոթ մարդիկ հավատան, բայց թե ինչո՞ւ չի մտածում մասին, որ կան նաեւ թղթերին ծանոթ մարդիկ, հայտնի չէ։

Այդ տարբերակներին կանդրադառնանք ներքեւում։

Հաջորդիվ Օսկանյանը գրում է․ «Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը հիմնականում Քոչարյանի պրագմատիզմի մասամբ ԻՆԵՐՑԻՈՆ (ընդգծումը` հեղինակի), մասամբ նախաձեռնողական շարունակությունն էր։ Այդ ժամանակահատվածում նոր փաստաթուղթ չի ծնվել, այլ ընդամենը տեղի են ունեցել Մադրիդյան փաստաթղթի տարատեսակ փոփոխություններ, այդ թվում այսպես կոչված՝ «Լավրովյան պլանը», որը թերեւս Մադրիդյանի փուլային տարբերակն էր»։

Այստեղ էլ պարոն Օսկանյանը մանիպուլյացիաներ է անում, որպեզի իրենց բանակցած սկզբունքների իրավահաջորդ Սերժ Սարգսյանին շատ գովասանքներ չշռայլի, ասում է, որ նրա ժամանակաշրջանը փաստացի Քոչարյանի բանակցածի իներցիոն շարունակությունն էր, եւ ապա մանիպուլացնում է Մադրիդյան փաստաթղթի ընկալման հատվածը. նա մոռանում է նշել, որ Մադրիդյանը ոչ թե պատրաստի փաստաթուղթ էր, այլ՝ սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է ծնվեին կարգավորման հետագա պլանները։

2007-ի աշնանը՝ նախագահության ավարտին Ռոբերտ Քոչարյանը համաձայնեցրել է այդ սկզբունքները եւ ամիսներ անց պաշտոնը՝ փաստաթղթերով հանդերձ, հանձնել Սերժ Սարգսյանին։

Արդեն այդ սկզբունքների հիման վրա էլ Սարգսյանը վարել է բանակցությունները՝ ստանալով Կազանյան եւ Լավրովյան պլանները։

Անցնենք առաջ։ Օսկանյանն ասում է․ «Փաշինյանի իշխանության սկզբնական շրջանում Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշումը անորոշ եւ քաոսային էր։ Դժբախտաբար նա չուզեց խորհրդակցել նախկիններից որեւէ մեկի հետ։ (Երեւի՝ իր հետ – հեղ.)։ Հայտնվել էր «եթե չգիտես ուր ես գնում, ապա երբեք չես կորչում» խաբուսիկ շրջանի մեջ, ուստի որեւէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թե արդյոք սխալ ճանապարհո՞վ չի գնում։ Որոշ ժամանակ անց Փաշինյանի մոտ ձեւավորվեց միտքը,— որը կարծես դարձավ նրա ղարաբաղյան քաղաքականության անկյունաքարը,— որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Շատ քննադատներ ու մեկնաբաններ պնդում են, որ պատերազմի բռնկման պատճառներից մեկը Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունն էր։ Ես կարծում եմ՝ նրա հենց այս գաղափարն էր, որ Ադրբեջանին առիթ տվեց պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը։ Ադրբեջանցիների ընկալմամբ՝ դա ցինիզմի եւ չհիմնավորված իդեալիզմի համադրություն էր»։

Փաշինյանին ուղղված  մեղադրանքներն այսքանով ավարտվում են։ Այնինչ, պարոն Օսկանյանն, օրինակ՝ խուսափում է Փաշինյանին մեղադրել հիմնականում՝ իշխանությունը ստանձնելու պահից բանակցային իրական էությունը չներկայացնելու համար, նա չի նշում, որ Փաշինյանը իրական բանակցություններում էլ արել է այն, ինչ իրենք արել են բանակցությունների հրապարակային ներկայացման հարցում, չի մեղադրում այն բանի համար, որ փաստացի շարունակել է իրենց բռնած գիծը, չի ասում, որ թե իր նախկին ղեկավար Քոչարյանն ու նրան սատարող ուժերը, եւ թե իրենց հաջորդած Սարգսյանն ու նրան սատարող ուժերը՝ 18-ից անմիջապես հետո դիստանցավորվել են իրենց բանակցածից, եւ իրենցից որեւէ մեկը ոչ միայն քաջություն չի ունեցել հրապարակային հորդորելու վերջինիս` գնալ եւ ստորագրել սեղանին եղած թուղթը, այլեւ՝ արել են հակառակը՝ ինֆորմացիոն այնպիսի դաշտ ստեղծելով, որ սեփական փասռասիրությամբ տոգորված Փաշինյանը հանկարծ առկա փաստաթուղթը չստորագրի։

Վարդան Օսկանյանը չի հիշատակում այս ամենը,  որովհետեւ պիտի իրեն էլ մեղադրի այս ամենի համար։ Այդ իսկ պատճառով նախընտրում է լռել, եւ տեքստի շարունակության մեջ խորհուրդ տալով Փաշինյանին` այսուհետ խորհրդակցել գիտակ մարդկանց հետ, ըստ էության առաջարկում է նաեւ իր ծառայությունները։ Ահա այսպես, կարծես՝ ոչինչ էլ չի եղել։

Հիմա ըստ էության անդրադարձ պարոն Օսկանյանի պնդումներին։

1. Վարդան Օսկանյանը միտումնավոր խեղաթյուրում է 1997-ի փուլային տարբերակի ամենաշահեկան լինելը։ Իսկ այն շահեկան տարբերակ էր, քանի որ, ինչպես անգամ Օսկանյանն է պնդում, ռացիոնալ հաշվարկի արդյունք էր, այդպիսով, թեեւ կարգավիճակի հարցը փաստաթղթում ներառված չէր բառացի, բայց ամբողջ թղթի էությունը արդեն ցույց էր տալիս ապագա զարգացումներն ու կարգավիճակը։ Փաստաթուղթը ստորագրվելու էր եռակողմ՝ Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան ֆորմատով։ Ճիշտ այնպես, ինչպես զինադադարի մասին համաձայնագիրը։

Կարգավիճակի բառացի չհիշատակումը պակաս կարեւոր էր, քան այն, որ Արցախը ստորագրելու էր այն` որպես հակամարտող կողմերից մեկը։ Արցախը ոչ միայն ստորագրելու էր, այլեւ՝ կարգավիճակի հարցի հետագա քննարկումերը եւս տեղի էր ունենալու եռակողմ ֆորմատով։ Հանրաքվեով իր անկախությունը հռչակած Արցախը Ադրբեջանի հետ ստորագրելու էր փաստաթուղթ, եւ Ադրբեջանի հետ շարունակելու բանակցությունները կարգավիճակի մասին։

Դա արդեն կարգավիճակ էր, պարոն դիվանագետ։

Հայկական կողմերին էր այդ ընթացքում մնալու ԱՄԲՈՂՋ Լաչինի շրջանը։

Ռեսուրսներով ավելի թույլ Հայաստանն ու Արցախը հաղթածի եւ ուժեղի դիրքից մեծահոգաբար «ձեռք էին մեկնում» ռեսուրսներով ավելի ուժեղ Ադրբեջանին՝ վերջինիս պարտվածի հոգեբանական բարդույթը չխորացնելու համար, իսկ խաղաղապահ ուժերի տեղակայումից եւ ապա` կոմունիկացիաների բացումից ու տնտեսական շարժից հետո, այդպիսով չնչին էին դարձնում վրեժի նրա ցանկությունը։ Դա հնարավորություն էր տալու Ադրբեջանի օրվա իշխանությանը ներքին լսարանի առաջ ամբողջությամբ գլխահակ վիճակում չհայտնվել, արժանապատիվ ներկայացնել նաեւ իրենց ձեռքբերումը։ Սա էլ հնարավորություն կտար արդեն ժամանակի ընթացքում հաշտեցնել Ադրբեջանին նախկին ԼՂԻՄ-ի մարզի փաստացի կորստի հետ․ ընթացիկ իշխանությունները կունենային որոշակի ձեռքբերումներ ռեւանշի չձգտելու համար, հաջորդ իշխանություններն էլ այդ ձգտումներից ավելի զերծ կլինեին, քանի որ չէին կրելու այդ տարածքների կորստի պատասխանատվության բեռը։

Այս փաստի առումով ուշագրավ է թե՛ քոչարյանական, թե՛ սարգսյանական եւ թե փաշինյական մոտեցումների ընդհանրությունը, այն է՝ միանգամից ունենալ փաստաթուղթ, որտեղ Ադրբեջանը պիտի հրաժարվեր Արցախի՝ իր կազմում լինելու կարգավիճակից։ Սա նշանակում է` կա՛մ ոչինչ չհասկանալ դիվանագիտությունից եւ քաղաքականությունի, կա՛մ ծառայել այլ շահերի, բայց  ոչ` Արցախի եւ ՀՀ–ի։

Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, բայց դա էական չէ, քանի որ Կոսովոն անկախ է փաստացի, քանի որ նրա անկախությունը ճանաչել են բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ մի շարք գերտերություններ։

Այսօր անգամ, երբ Թուրքիան հայտարարում է, որ Հայաստանի հետ պետք է սահմանների փոխադարձ ճանաչում լինի, հայաստանյան քաղաքական եւ հանրային դաշտն ալեկոծվում է․ Հայաստանի եւ Թուրքիայի ռեսուրսներն անհամեմատելի են, այդ թվում՝ բանակի թվակազմը. այն, որ Հայաստանը կարող է այսօր կամ վաղը հարձակվել եւ վերադարձնել Կարսը` անհնարին է, բայց այսօր անգամ մեր երկրում մարդիկ չեն ցանկանում, որ Հայաստանը փոխադարձ ճանաչի սահմանները Թուրքիայի հետ, եւ դա ի հեճուկս այն բանի, որ ՀՀ ղեկավարների մակարդակով այս կամ այն կերպ նշվել է կամ դրա հնարավորությունը, կամ դրա հակառակի դեպքում՝ տարածքների վերադարձի անհնարինությունը։

Մենք՝ որպես անկախ երկիր, մեր մեծամասնությամբ հրաժարվում ենք ճանաչել, որ ասենք՝ Կարսը Թուրքիայի մաս է հիմա, բայց դրանից Կարսը ՀՀ տարածք չի վերադառնում։

Ուստիեւ, հասկանալի չէ, թե Ադրբեջանի որեւէ իշխանություն ինչո՞ւ պիտի հակամարտության ավարտից անմիջապես հետո հրապարակավ ստորագրեր մի փաստաթուղթ, որով անմիջապես ճանաչում Արցախի անկախությունը։ Ադրբեջանը հաշտվել կարող էր իրականության հետ, բայց ճանաչել, այն էլ՝ այն ժամանակ, ոչ։

Բացի այդ, 1997 թվականի փուլային փաստաթղթում կան «փախստականներ» եւ «տեղահանվածներ» ձեւակերպումները, եւ ոչ՝ «ներքին տեղահանվածներ» արտահայտությունը, ինչը հայտնվեց հետագա փաստաթղթերում, եւ ինչը էականորեն փոխում է տարբերակի էությունը։

Փախստականն այն անձն է, որը մի երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններից անցնում է մեկ այլ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններից այնկողմ։

Ներքին  տեղահանված են այն անձինք, որոնք ռազմական (կամ այլ) գործողությունների արդյունքում մեկ  երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում են տեղահանվել։ Բաքվից կամ Սումգայիթից` Երեւան եւ կամ` հակառակ ուղղությամբ տեղափոխված անձինք համարվում են փախստականներ։ Զանգելանից Բաքու տեղահանված անձը կհամարվի ներքին տեղահանված, ինչպես որ հիմա մենք այդպես ենք անվանում Հադրութից տեղահանված անձանց, քանի որ Հադրութը համարում ենք օկուպացված, իսկ Հադրութը՝ մերը։

Իսկ ովքե՞ր են Ստեփանակերտից կամ Շուշիից, կամ՝ Ասկերանից տեղափոխված ադրբեջանցիները։ Եթե նրանց կոչեին փախստական, ուրեմն` Ադրբեջանը ճանաչում է, որ Ստեփանակերտը, Շուշին, Ասկերանը այլ պետության վարչական տարածքներ են։

Եթե գրվեր` ներքին տեղահանված, ուրեմն` հայկական կողմերը ճանաչում էին, որ այդ տարածքը, այսինքն՝ նախկին ԼՂԻՄ-ը, Ադրբեջանի մաս է։ «Տեղահանված» նշումը նշանակում էր այդ տարածքների կարգավիճակի չհստակեցվածություն։ Եթե դրանք Ադրբեջանի մաս էին համարվում, ապա ո՞րն էր չհստակեցված համարելու իմաստը։

Փաստաթղթի այլ դետալներում չխորանանք, դրանք կարելի է կարդալ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի կայքում։

2. 1998 թվականի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի օրոք բանակցված «Ընդհանուր պետություն» տարբերակն արդեն վերջինն էր, որտեղ Արցախին եւս ներկայացվում էին փաստաթղթերը՝ «այո» կամ «ոչ» ասելու իրավունքով։ Այսինքն, այս տարբերակից հետո, Արցախին այլեւս որպես կողմի որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել՝ համաձայնեցնելու համար։

Այդ տարբերակը միակն էր, որով ԱՄԲՈՂՋ Արցախը, ներառյալ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, փաստացի դառնալու էր Ադրբեջանի մաս։ Հիշեցնենք, որ փաստաթղթի հենց առաջին տողում նշված էր, որ «Լեռնային Ղարաբաղը Հանրապետության տեսքով պետական եւ տարածքային կազմավորում է եւ ընդհանուր պետություն է ձեւավորում Ադրբեջանի հետ՝ վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Այդ փաստաթղթում նշվում է նաեւ, որ․

«Լեռնային Ղարաբաղը մասնակցում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության իրականացմանը՝ այն հարցերում, որոնք առնչվում են իր շահերին: Այդպիսի հարցերով որոշումները չեն կարող կայացվել առանց երկու կողմերի համաձայնության․․․

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը կարող է ներկայացուցիչներ ունենալ Ադրբեջանի դեսպանատներում եւ հյուպատոսություններում արտասահմանյան այն երկրներում, որտեղ ունի հատուկ շահեր, ինչպես նաեւ ադրբեջանական պատվիրակությունների կազմ գործուղել իր փորձագետներին՝ միջազգային բանակցություններին մասնակցելու համար, եթե դրանք առնչվում են Լեռնային Ղարաբաղի շահերին․․․

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները որպես անձը հաստատող փաստաթուղթ ունենալու են Ադրբեջանի անձնագիր՝ «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշմամբ:

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի ներկայացուցիչներ ընտրելու Ադրբեջանի խորհրդարանում եւ մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին:

Հայերենը հիմնական պաշտոնական լեզուն է Լեռնային Ղարաբաղում, իսկ երկրորդ պաշտոնական լեզուն ադրբեջաներենն է»:

Ահա սա է պարոն Օսկանյանի երազած հորիզոնական կապը, երբ հավանական անկախությունը ստորադասվում է փաստացի Ադրբեջանի մաս դառնալու փաստաթղթին։

3՝ Քի–Ուեսթյան տարբերակին անդրադառնալուց առաջ Օսկանյանը մոռանում է նշել այն քննարկումների մասին, որոնք եղել են ԸՊ (1998) եւ ՔՈՒ (2001) տարբերակների միջեւ։ Խոսքը «Մեղրիի» կոչված տարբերակի մասին է։

Օրինակ՝  ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Ֆիլիպ Ռեմլերը «Կովկասին շղթայված. Խաղաղարար գործընթացը Լեռնային Ղարաբաղում 1987-2012թթ.» աշխատությունում պնդում էր, որ Քոչարյանն ու Ալիեւը այն ժամանակ, երբ դեռ նույն Օսկանյանը խոսում էր ԸՊ տարբերակի մասին, արդեն քննարկում էին Մեղրիի շրջանը Լաչինի շրջանի հետ փոխարինելու տարբերակը։ Այն, որ հետագայում ՔՈՒ դարձած տարբերակը եղել է ոչ թե միջնորդների, այլ Քոչարյանի եւ Ալիեւի գաղափարը, վերջերս հաստատել էր նաեւ ՄԽ ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն։ Կոնկրետ այդ տարբերակի մասին, ըստ մամուլի, խոսել էր նաեւ ինքը՝ Օսկանյանը` ԱՄՆ-ում հայերի հետ հանդիպման ժամանակ, ասելով, որ ըստ այդ տարաբեակի` Մեղրին պետք է տրվի ի փոխադարձ Լաչինի, ինչը հետո իր խոսնակ Արա Պապյանն անվանել էր «խիստ մասնավոր զրույց»։

Նշենք նորից, որ սա Քի-Ուեսթյան տարբերակը չէր, սրանք քննարկումներ էին, որ ընթանում էին 1999-ին, որոնց մասին, սակայն, պարոն Օսկանյանը լռում է։  

Եւ այս տարբերակի ամենախայտառակ կողմն այն էր, որ հերիք չէ` Արցախն այլեւս որպես կողմ գոյություն չուներ, եւ հարցը լիովին տարածքային վեճի տեսք էր ստացել երկու ճանաչված պետությունների միջեւ, դեռ մի բան էլ՝ չորս սահման ունեցող եւ երկու սահմանից շրջափակված Հայաստանը պետք է իր երրորդ սահմանը զիջեր` այն դեպքում, երբ վերջին՝ չորրորդ սահմանակից պետությունը բացահայտ աջակցում էր Ադրբեջանին՝ Արցախյան կարգավորման հարցում, եւ ՀՀ լիակատար շրջափակման հնարավորությունը կարող էր իրականություն դառնալ։

4.  Ինչ վերաբերում է «Քի Ուեսթյան» տարբերակին, դրա մասին արդեն կա 2001-ին արված Օսկանյանի հարցազրույցի տեսագրությունը, որտեղ նա ասում է, որ այդ տարբերակով «խոսք է գնում ադրբեջանցիներին դեպի Նախիջեւան ինչ-որ կապ տալու մասին», բայց առանց հստակեցնելու, թե դա ի՞նչ կապ է լինելու, քանի որ դրա էությունը դեռ քննարկվում էր՝ իր ասելով։

Հարցին, թե՝ ճի՞շտ է, որ ըստ այդմ` Լեռնային Ղարաբաղն ու Լաչինը ունենալու են ինքնակառավարման կարգավիճակ, Օսկանյանը պատասխանում է, որ «Լաչինը ունենալու է նույն կարգավիճակը, ինչ՝ Ղարաբաղը», իսկ թե Ղարաբաղն ի՞նչ կարգավիճակ կունենա` չի ասում, որովհետեւ՝ «դիվանագիտական գաղտնիության հարց կա»։ Բայց խոսքից ակնհայտ է դառնում, որ բոլոր դետալները կախված են Նախիջեւանի հետ կապի հարցից։

Այսօր էլ` Վարդան Օսկանյանը այդ բոլոր հարցերի դետալները չի հստակեցնում. ինչո՞ւ այդ տարբերակը չի ներկայացվել Արցախին` որպես հակամարտող կողմ, ո՞րն էր այդ կապը, որի մասին Օսկանյանը խոսում էր, բայց մանրամասները չէր ներկայացնում, ի՞նչ էր զիջելու Հայաստանն իր սուվերեն տարածքից, ի՞նչ էր կորցնելու այդպիսով Հայաստանը, եւ եթե դա նախորդ տարբերակի ավելի մեղմ տարբերակն էր, ապա ինչո՞վ էր ավելի մեղմ, ի վերջո` եթե այն Հայաստանի ինքնիշխան տարածքից զիջումներ չէր պահանջում, ապա ինչո՞ւ այդ տարբերակը դարձավ փաստացի միակը, որի ամբողջական տեքստն առ այսօր չի հրապարակվում։

5․ «Մադրիդյան սկզբունքներին» անդրադառնալով՝ Վարդան Օսկանյանը գրում է, որ այդպիսով` «Ղարաբաղը ստանում էր Ադրբեջանից դուրս միջանկյալ կարգավիճակ՝ ապագայում հանրաքվեի հեռանկարով»։

Էլի՛ պարոն Օսկանյանը այնպես է ամենը ներկայացնում, ասես՝ մի աներեւակայելի տարբերակ են գտել։ Իհարկե, 44-օրյա պատերազմից հետո հետահայաց գրեթե բոլոր տարբերակներն էլ ավելի լավն էին, բայց չէ՞ որ պարոն Օսկանյանը քննարկում է նախկին տարբերակների համեմատությունը՝ մինչեւ 44-օրյա պատերազմը։

Նախ, ամենամեծ մշտական խաբկանքի մասին, որ կա փուլային եւ փաթեթային լուծում, եւ որ` փաթեթայինով մենք Արցախը պահում էինք, իսկ փուլայինով՝ հանձնում։ Սա տասնամյակների ընթացքում եղել է իշխանական քարոզչության մեխը։

Այս հարցում այնքան դետալներ կան, որ ժամեր են պետք դրանք բոլորը մատնանշելու համար։ Բայց անդրադառնանք ամենաառանցքայիններին։

Փաթեթային լուծումը ենթադրում է, որ մեկ թղթով բոլոր խնդիրները միանգամից լուծում են գտնում։

Փուլային լուծումը ենթադրում է խնդիրների լուծում ըստ հերթականության, սկզբնական փուլում լուծվում են այն հարցերը, որտեղ կողմերը տարաձայնություններ չունեն, իսկ այն հարցերը, որոնց շուրջ կան տարաձայնություններ, թողնվում են ապագային։

Մաքուր փաթեթային լուծում է եղել «Ընդհանուր պետություն» տարբերակը, Քոչարյանի իշխանության կողմից հերքված, բայց բազմաթիվ վկայություններով փաստարկված «Մեղրիի» տարբերակը եւ, թերեւս` ՔՈՒ տարբերակը։ Բայց առաջինի դեպքում Ադրբեջանը փաստացի ոչ միայն 7 շրջաններն էր ստանում, այլեւ՝ ամբողջ նախկին  ԼՂԻՄ-ը, մյուս երկուսի պարագայում՝ զիջումներ ՀՀ ինքնիշխան տարածքից։

Մադրիդյան սկզբունքների կամ ավելի ճիշտ` Ռոբերտ Քոչարյանի կամ Վարդան Օսկանյանի, ինչու ոչ՝ նաեւ Սերժ Սարգսյանի սիրահարները սիրում են հայտարարել, թե դա փաթեթային լուծում է, քանի որ կարգավիճակի հարցը հենց առաջին կետով է նշվում։

Բայց ի՞նչ է նշվում հենց առաջին կետով․ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում։ ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու եւ կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:

Առաջին, թե թղթի վերջին կետով նշվեր այս տեքստը, դրանից նրա էությունը չի փոխվում, որովհետեւ կարգավիճակի որոշման ձեւն է նշվում, սակայն մյուս մանրասմասները էլի թողնվում են ապագային, այսինքն` կարգավիճակի հարցում էլի ունեցանք փուլային՝ հետաձգված տարբերակ, բայց արդեն երկկողմ ֆորմատով․ իսկ դա լիովին փոխում էր բանակցությունների եւ հակամարտության ընթացքն ու դրա ներկայացումը։

Հաջորդիվ արդեն նշվում է տարածքների վերադարձման հերթականությունը, ըստ որի` հայկական կողմին մնում է միայն Լաչինի միջանցքը, ոչ թե շրջանը, ինչպես 97-ի փուլային տարբերակում, այլ՝ միայն միջանցքը։ Մյուս գրեթե բոլոր կետերը նման են նույն տարբերակին։

Իսկ ինչո՞վ են տարբեր։

Եւ` վտանգավոր։

Սկզբունքները համաձայնեցրել էին միայն Հայաստանն ու Ադրբեջանը` առանց Արցախի, այսպիսով` ինքնորոշման (կամ հետագայում ձեւակերպված «Փրկություն հանուն խաղաղության») կոնցեպտից քայլ անելով դեպի երկու երկրների միջեւ տափակ տարածքային վեճի տիրույթ։

Կարգավիճակի հարցը էլի հետաձգված էր։ Անգամ` սկզբունքներով։ Կար կարգավիճակի որոշման եղանակը, բայց հետաձգված, շատ հարցերում անորոշ, (այդ թվում՝ աշխարհագրության), մասնակիցների փոփոխությամբ, եւ այդ փոփոխությամբ պայմանավորված՝ հարցի խեղաթյուրմամբ։

Բացի դրանից, այդ տիրույթ տեղափոխվելուց հետո հետաձգված կարգավիճակի հարցը փաստացի չեղյալ էր հայտարարվում 1991 թվականի ԼՂՀ անկախության հանրաքվեն։

Այսինքն, երկար դեգերումներից հետո, Հայաստանն էլի փաստացի եկել էր հետաձգված կարգավիճակին եւ փուլային տարբերակին, բայց արդեն այլ աշխարհաքաղաքական իրավիճակում, Հայաստանի եւ Ադրբեջանի ռեսուրսների լիովին այլ համամասնության պարագայում, Ադրբեջանի վրեժխնդրության եւ ռազմական բալանսի ակնհայտ խախտման պարագայում, եւ մի պարագայում, երբ մենք շատ ավելին, քան 1997-ին` «Արցախի հարցում չունեինք դաշնակիցներ»։

Եւ իզուր չէր, որ ինչ-որ մի պահից ՀՀ ԱԳՆ-ն Մադրիդյան սկզբունքների հիման վրա կարգավորման պլանն անվանում էր «փուլային լուծմամբ փաթեթային տարբերակ»։

Դարձ ի շրջանս յուր, բայց արդեն շատ ուշ եւ արդեն շատ ավելի խոցելի կարգավիճակով։

Իսկ թե ինչ եղավ դրա արդյունքում եւ դրանից հետո, մենք բոլորս տեսանք։

Հ․ Գ․ Վարդան Օսկանյանը փաստացի մարմնավորում է Արցախյան հարցում Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները, ուստի, կարող ենք եւ նրա ներկայացրած մոտեցումները համարել Քոչարյանինը, եւ մեր պատասխանները՝ վերջինիս։

Սերժ Սարգսյանի պարագայում ամեն բան նույնն է, հավելյալ այն, որ ապրիլյան պատերազմից հետո նրա իշխանության քարոզչությունը ոչ միայն առանձնակի դիտավորությամբ խափանեց կարգավորման ցանկացած գաղափարի քննարկում, այլեւ հանրության շրջանում սերմանեց այն գաղափարը, թե փուլային լուծումն անընդունելի է, քանի որ եթե դրա այլընտրանքը պատերազմն է, ապա մենք դրան ի զորու ենք դիմակայել, եւ լավագույն օրինակը՝ Ապրիլյան պատերազմն է։ Եւ ոչ մի բացատրություն առ այն, թե այդ ինչպե՞ս էր ստացվել, որ այդ պատերազմում մենք հաղթել էինք, բայց բանակցություններում կոշտացել էին Ադրբեջանի դիրքորոշումներն ու խստացել էին նրա պահանջները։

Ռոբերտ Քոչարյանի հետ մեկտեղ, Սերժ Սարգսյանը եւս մեղավոր է․ նա մեղավոր է, որովհետեւ վերջնականապես ջախջախեց բանակցային փոխզիջումային լուծման վերաբերյալ հնարավոր դիսկուրսը, սին հույսեր տալով մարդկանց, թե` եթե կարող ենք պատերազմով հաղթել, ապա ո՞րն է փոխզիջումների իմաստը։

Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համատեղ մեղքը 2018-ից հետո ավելի քան ակնհայտ է․ որքան էլ որ նրանք գովում էին իրենց բանակցած փաստաթղթերը, այդուհանդերձ, երբեք կոչ չարեցին Փաշինյանին՝ մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնություններն ու հանուն երկրի ստորագրել սեղանին եղած փաստաթղթերը։ Ավելին, նրանց ընդհանուր քարոզչության մեխն այն էր, որ իրենք հողեր պահող են եղել, իսկ Փաշինյանը եկել է հողերը տա։ Այսինքն, նրանք չեն գործել հանուն Հայաստանի եւ Արցախի։ Նրանք հանուն իրենց անվան զոհաբերել են Արցախը եւ Հայաստանը։

Փաշինյանի ամենամեծ մեղքն այն է, որ հանրային մեծ վստահություն եւ աջակցություն ունենալով հանդերձ՝ չի խոսել հանրության հետ մինչեւ պատերազմը, թե իրերի իրական դրությունն ինչպիսին է, իր կշռից ծանր հայտարարություններ է արել եւ մեզ տարել է կործանարար պատերազմի։ Նրա մեղքը ոչ թե փողային հայրենասերների սիրած «հողերը ծախեց» թեմայի շրջանակներում է, այլ այն, որ մինչ պատերազմը պետք է գնար փոխզիջումների՝ խուսափելու համար այն ամենից, ինչ որ եղավ, եւ ինչը կանխատեսելի էր։

Անգիտակցաբար-տգիտությամբ պայմանավորվա՞ծ է այդպես արել, թե գիտակցաբար՝ Քոչարյանի եւ Սարգսյանի հետ պայմանավորված, այդ մասին պատմությունը կխոսի։ Բայց որ արել է, դա փաստ է։ Ինքը՝ Փաշինյանը, եւս խոստովանել էր, որ կարող էր ստորագրել սեղանին եղած փաստաթուղթը, բայց այդ դեպքում իրեն դավաճան կանվանեին։

Այսինքն, ինչպես Քոչարյանն ու Սարգսյանը, այնպես էլ Փաշինյանը, համատեղ ջանքերով՝ հանուն իրենց քաղաքական ռեյտինգի, Արցախը տարան պատերազմի դուռն ու հազարավոր հայորդիների կյանքի գնով վճարեցին իրենց քաղաքական վարկանիշի համար։

Միակ քաղաքական գործիչը, որը մշտապես արել էր հակառակը, այն է` իր վարկանիշն էր զոհել հանուն Արցախի, Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Եւ միայն նա իրավունք ունի նշյալ երեք անձանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելու։

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածըԵղել, չէր եղել․ Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածը«Ռոմայի» սենսացիոն պարտությունը՝ 1։6 (տեսանյութ)