‘Ինչո՞ւ է Ֆարմանյանը սրբագրում Սերժ Սարգսյանի խոսքերը’

1586

Նախկին ՕԵԿ-ական, ՄԻԱԿ-ական, ներկայում ՀՀԿ-ական պատգամավոր, Ս.Սարգսյանի մամլո նախկին խոսնակ եւ ժամանակին նաեւ Հ1-ի քաղաքական ծրագրերի տնօրեն Սամվել Ֆարմանյանը թերեւս մոռացել է, որ այլեւս Ս. Սարգսյանի խոսնակը չէ, եւ շարունակում է սրբագրել ու խմբագրել Սարգսյանի խոսքերը: Այս անգամ Ֆարմանյանը անցել է ՀՀԿ արտահերթ համագումարի ժամանակ ունեցած Սերժ Սարգսյանի ելույթը խմբագրելուն: Ինչպես հայտնի է` իր ելույթում Սարգսյանը խոսել էր նաեւ հեռուստաեթերից` հայտարարելով. «Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը»:

Այն, որ վերջին տողերը ակնհայտորեն վերաբերվում էին «Ա1+» հեռուստաընկերությանը, որը պայմանագիր է կնքել «Արմնյուզ» հեռուստաընկերության կես` այդ ալիքով կես ժամանոց եթեր ունենալու շուրջ, ակնհայտ է: Այնքան ակնհայտ էր, որ Սարգսյանի խոսքերին անմիջապես արձագանքել էր «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը: Նա նշեց, որ ի սկզբանե պարզ էր, որ սեպտեմբերին «Արմնյուզի» հետ պայմանագիրը կնքվեց այն օգտագործելու համար`սակայն գեղեցիկ քողարկված էր բիզնես առաջարկի անվան տակ: «Եվ այստեղ, իհարկե, ինձ մոտ հարց է առաջանում. լավ, եթե այդպես որոշված չէր, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը միջամտում երկկողմանի բիզնես պայմանագրին, եւ ինչ է նշանակում, թե «փակված հեռուստաընկերություններին մեր իշխանության օրոք եթեր է տրվել»: Փակվածներից մեկը «Ա1+» -ն է, եւ ես կարող եմ իմ վրա վերցնել: Պատասխանեմ. մենք եթեր չունենք, մենք ունենք պատվեր եւ դա դարձնել քաղաքական շահարկման առարկա եւ նորից մեղադրել ընդդիմությանն ու «Ա1+»-ին` հարցը քաղաքականացնելու մեջ, դառնում է անհեթեթություն: Այսօր Սերժ Սարգսյանը ինքը քաղաքականացրեց այդ հարցը, եւ սկսեց շահարկել: Ես կասեի, որ Սարգսյանն արջի ծառայություն մատուցեց «Արմնյուզի» ղեկավարությանը, որը ելնելով իր բիզնես շահերից եւ ինչ-ինչ ամբիցիաներից, արել էր այդ առաջարկությունը. փաստորեն մատնվեց նրանց խաղը: Դա մի քիչ անիմաստ քայլ էր և ի վերջո, դրանով չի որոշվում` երկրում խոսքի ազատությունը ամրապնդվե՞լ է, թե ոչ, լրագրողների նկատմամբ բռնություններ լինո՞ւմ են, թե՞ ոչ, ընտրություններում լրագրողների իրավունքները ոտնահարվո՞ւմ են, թե՞ ոչ: Դա մանկական խաղ էր ամենատգետ զանգվածի համար, որին չի հետաքրքրում ոչ «Ա1+»-ը, ոչ լրագրողների նկատմամբ վերաբերմունքը, ոչ էլ ընդհանրապես երկրի քաղաքական վիճակը: Իսկ այն մարդիկ, ովքեր քաղաքական բուռն քննարկումների, նախընտրական եւ ընտրական զարգացումների մեջ են, շատ լավ հասկանում են` ինչ է կատարվում. ուզում են ինչ-որ բան ցույց տալ Եվրոպային, բայց պետք է հիասթափեցնեմ. մենք արդեն ցույց տվել ենք` Եվրոդատարան դիմելով եւ հաղթելով»,- հայտարարել էր Մովսիսյանը:

 

Եւ ահա այստեղ ի հայտ եկավ Սամվել Ֆարմանյանը, ով Facembook սոցցանցի միջոցով արձագանքեց Մովսիսյանի այս հայտարարությանը: Բայց ամենաուշագրավն այն էր, որ Ֆարմանյանը արձագանքեց` Սերժ Սարգսյանի խոսքերը սրբագրելով ու խմբագրելով: «Ցավով կարդացի Ձեր հարցազրույցը Հանրապետության Նախագահի (նկատի ունի` Ս.Սարգսյանին), ելույթի վերաբերյալ: Ցավով, որովհետև վստահ եմ, որ Դուք շատ լավ եք հասկացել, թե ինչ է իրականում ասում Նախագահը (նկատի ունի` Ս.Սարգսյանին): Բայց ստիպված եք հակառակել, որովհետև կարծում եք, թե պարտավոր եք դա անել: Վստահ եմ` Դուք իրականում ճիշտ եք նկատել` Նախագահը (նկատի ունի` Ս.Սարգսյանին), չի խոսում «Ա1+»-ի կամ որևէ այլ հեռուստաընկերության եթեր ունենալ-չունենալու մասին, նա խոսում է… եթեր ունենալու իրավունքի մասին: Նա ասում է` եթեր ունենալու իրավունք ունեն բոլորը` և «Ա1+»-ը, և Կենտրոնը, և Երկիր Մեդիան, և Գալան, և մյուս բոլոր հեռուստաընկերությունները: Բոլորը: Այո, Դուք այսօր ունեք պայմանագիր, վաղը կարող է ունենաք հինգ այդպիսին: Նա ասում է, որ վերևներից ոչ-ոք իրավունք չունի իր քիթը խոթելու ու ինչ-որ բան փսփսալու նրանց ականջին, ովքեր ձեզ ու մնացածին պայմանագիր են առաջարկում կամ չեն առաջարկում: Ես հասկանում եմ, որ այս ամենը Դուք ինձնից լավ եք նկատել»,- արձագանքել էր Ֆարմանյանը:

Նկատենք, սակայն, որ Սերժ Սարգսյանը իր խոսքում հենց քաղաքական շահարկման էր ենթարկում «Ա1+»-ի կես ժամանոց եթերը: Այդ հեռուստաընկերությանը կես ժամանոց եթեր տալու փաստը` Սերժ Սարգսյանը դա վերագրում էր իր քաղաքական ձեռքբերումներին: Սերժ Սարգսյանն ասում է` «վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը»: Ասում է`«վերականգնեցինք»: Այսինքն, այն, որ նույն հաճախականության համար պայքարում Ամալյանի հանձնաժողովը որոշում կայացրեց ոչ թե հօգուտ «Ա1+»-ի, այլ` «Արմնյուզի», դա դեռ մի կողմ, բայց հետո, որ նույն հաճախականությամբ կես ժամանոց եթեր տվեցին «Ա1+»-ին, դա արդեն Սերժ Սարգսյանի ձեռքբերումն էր, Սարգսյանենք այդպիսով վերականգնեցին այդ հ/ը-ի եթեր ունենալու իրավունքը: Սա կոնկրետ պնդում է, կոնկրետ շահարկում, կես ժամանոց եթերի շահարկում, որը ակնհայտորեն կշարունակվի ողջ քարոզարշավի շրջանում: Իսկ եթե ինչու է երիտասարդ ՕԵԿ-ա-ՄԻԱԿ-ա-ՀՀԿ-ականը, արդեն արդարացումների, սրբագրումների, շեֆի ասածի տակից դուրս գալու, նախընտրական շրջանում պուպուշ կերպարով հանդես գալու ժանրից է:

 

Պարգեւ Ապրեսյան

 

 

 

Նախորդ հոդվածը‘Մի քանի գյուղեր ղեկավարելու է մեկ գյուղապետ’
Հաջորդ հոդվածը‘Հարկային բեռը կծանրանա’