‘Ինչո՞ւ մարզպետ հեռացիր, և ոչ՝ Սերժ Սարգսյան հեռացիր’

1363

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կազմակերպվող հետընտրական հանրահավաքների և հանդիպումների ժամանակ ամենաշատը աչքի զառնվող տարօրինակ հանգամանքներից մեկը շարունակում է մնալ այն, որ պարոն Հովհաննիսյանը պահանջում է բոլոր հնարավոր պաշտոնյաների հրաժարականները, բացառությամբ Սերժ Սարգսյանի:

Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպումների ժամանակ պահանջում է էլ մարզպետների, էլ քաղաքապետների, էլ համայնքապետների հրաժարականները, բայց երբ բանը հասնում է Սերժ Սարգսյանին, նա անմիջապես դառնում է «հարգարժան պարոն նախագահ», «արցախյան ազատամարտի ռահվիրա», և պարոն Հովհաննիսյանը հանրահավաքների ժամանակ անմիջապես լռեցնում է «Սերժիկ հեռացիր» գոռացողներին: Ու հիմնավորումները, թե ո՞րն է Սերժ Սարգսյանի հանդեպ դրսևորվող այս, մեղմ ասած, խիստ լոյալ վերաբերումքը, այնքան էլ համոզիչ չեն: Ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ տեղի ունեցած բացօթյա ասուլիսին հայտարարել է, թե այսօր կայանալիք հանրահավաքում ինքը կասի, թե ինչու չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ խոսում է միայն քաղաքապետերի, մարզպետների և այլ պետական պաշտոնյաների հրաժարականների մասին: Մինչ պարոն Հովհաննիսյանը ասում է, թե ինքը կբացատրի իր քայլերի հիմնավորումները վաղը, նրա կոլեգաներից, ԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ տվել է իր հիմնավորումը: Հակոբյանը ԱԺ-ում հայտարարել է, թե «պահանջելու հարց չկա, որովհետև ժողովուրդն արդեն պահանջել է»: «Հրաժարական պահանջում են նրանից, ով որ նախագահ է և ում նախագահությունն ընդունված է»,- հայտարարել է Հակոբյանը: «Ժառանգության» խմբակցության մեկ այլ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ դա բացատրել է նրանով, որ «Հանցագործներին չեն ասում հեռացիր, հանցագործներին հետապնդում են»։

Այս կապակցությամբ, պարոն Հովհաննիսյանի թիմից հնչում նաև ոչ պաշտոնական այսպիսի տեսակետներ, թե քանի որ Սարգսյանի լիազորությունները ավարտվելու են ապրիլի 9-ին, և Րաֆֆի Հովհաննիսյանը, իրենց խոսքով այդ ժամանակ պետք է ստանձնի լիազորությունները, հետևաբար, մինչև ապրիլի 9-ը վերջինիս հրաժարականը պահանջելն անիմաստ է: Մի խոսքով, կատարյալ աբսուրդի թատրոն հիշեցնող բացատրություններ են հնչում, որոնք մեղմ ասած՝ այնքան էլ համոզիչ չեն: Եւ ահա թե ինչու: Բանն այն է, որ պետք է հասկանալ, ի՞նչ հիմքով է օրինակ՝ պարոն Հովհաննիսյանը պահանջում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի  հրաժարականը, իսկ Սերժ Սարգսյանին «հեռացիր» չի ասում: Սուրիկ Խաչատրյանի պաշտոնն, ի դեպ, ընտրովի չէ, նրան նշանակում են: Եւ եթե Խաչատրյանը, մեղմ ասած, վատ է աշխատում, դա նրան այդ պաշտոնում նշանակողի և այդ պաշտոնում պահողի մեղքն է: Եւ խնդիրը ամենևին և միայն Խաչրատրյանը չէ: Մյուս բոլոր պաշտոնյաները շատ չեն տարբերվում նրանից: Իսկ ինչո՞ւ են այդ պաշտոնյաները նշանակվում իրենց պաշտոններում, եթե լավ չեն աշխատում: Մի պարզ պատճառով, որովհետև նրանց այդ պաշտոններում նշանակողները նույն տեսակից են, և իրենց ձեռնտու են այդպիսի պաշտոնյաներ. ատկատներ, թալան և այլն: Սա է իրական պատճառը: Այլ պայմաններում Սերժ Սարգսյանն ուղղակի չի կարող գոնե մեկ օր նախագահ աշխատել:

Իհարկե, կա նաև այս կապակցությամբ թմբկահարվող երկրորդ վարկածը և դա հիմնականում իշխանական քարոզչամեքենայի վարկածն է. դա այն է, թե Սերժ Սարգսյանը այնքան էլ վատը չէ, կամ լավն է, կամ՝ «պուպուշ» է, բայց նրա շրջապատը՝ մարզպետները, նախարարները, վարչապետը, օլիգարխները չեն թողնում, որ նա ի կատար ածի իր բարի նպատակները՝ ի փառս Հայաստանի և ՀՀ քաղաքացիների: Հետևաբար, պետք է Սերժ Սարգսյանին թողնել և պայքարել նրա վատ շրջապատի դեմ. այսինքն՝ընկեր Ստալինը ոչնչից տեղյակ չէ, դա վատ Բերյան է ամեն ինչ անում: Սերժ Սարգսյանի առաջին փեսա Միքայել Մինասյանի ազդեցության տակ գտնվող քարոզչամեքենայի կողմից տարածվող այս տեղեկատվության հեղինակները, ի դեպ, բնականաբար, իրենք էլ չեն հավատում այս վարկածին, ուղղակի քարոզչական առումով այսպես է պետք, այդպես են տարածում. շեֆին «մաքրելու» համար: Հայտնի անեկդոտի նման: Երբ մեկը գալիս է կրկես, և հայտարարում է, որ մի այնպիսի համար է ներկայացնելու, որից ողջ հանդիսատեսը շոկ է ապրելու: Երբ նրան հարցնում են, թե որն է լինելու այդ համարը, նա պատմում է. պետք է կրկեսի տանիքից կախել մի մեծ փուչիկ, մեջը լցնել լիքը կեղտ, հետո այդ փուչիկը պետք է պայթեցնել, հետո երբ ողջ կեղտը տարածվում է ամենուր, հանդիսատեսը, ողջ կրկեսը կեղտի մեջ կորչում են, ասում է՝ դուրս եմ գալիս ես՝ ամբողջովին մաքուր, սպիտակ կոստյումով: Ահա սա է Սերժ Սարգսյանին նոր՝ բարի կերպարի մեջ ներկայացնելու՝ առաջին փեսայի պլանի ողջ էությունը:

Մնում է միայն հասկանալ, ինչո՞ւ են նույն տեսակետը փորձում սերմանել այլ քաղաքական ուժեր, որոնք անմիջական առնչություն չունեն Սերժ Սարգսյանի հետ: Շատերը կարող են ասել՝ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Գուցե, բայց այդ պարագայում, ինչպե՞ս կարելի է գնալ Հայաստանի թիվ մեկ ընտրակեղծարարի մոտ և ասել՝ պատժեք ընտրակեղծարարներին: Ո՞ւմ պետք է պատժի Սերժ Սարգսյանը՝ ինքն իրե՞ն: Կամ ի՞նչ է, մարզպետները ու նախարարները, թաղապետերն ու գյուղապետերը իրենք իրենցո՞վ են որոշել ընտրակեղծիքներ իրականացնել Սերժ Սարգսյանի համար: Այդ դեպքում, պարզ չէ նաև մեկ այլ հանգամանք, ի՞նչ է նշանակում ՀՀԿ-ի հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, եթե նախագահական կեղծված ընտրությունները դեռ նոր են ավարտվել, երբ կա բողոքավոր մի հսկա զանգված, որը դուրս է եկել փողոց և իր ընդվզումն է արտահայտում կեղծված ընտրությունների դեմ: Պարոն Հովհաննիսյանն այս հարցին էլ հետաքրքիր բացատրություն ունի. ասում է՝ այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, դա խորհրդարանականների գործն է, և դա իր վարած «հանրահավաքային» պայքարի հետ կապ չունի: Այսինքն, ինքը կապ չունի իր խմբակցության ղեկավարի բանակցությունների հետ: Բա ո՞վ կապ ունի: Անհասկանալի հարցերը, մեղմ ասած, շատ-շատ են: Ու նորից առաջնորդվելով անմեղության կանխավարկածով՝ սպասենք, թե այսօր ինչ կասի Րաֆֆի Հովհաննիսյանը: Վատն այն է միայն, որ վերջինս ամեն օր ասում է՝ վաղը: Եւ չի բացառվում, որ այսօր էլ նա կասի՝ բոլոր հարցերին կպատասխանեմ վաղը:

Քրիստինե Խանումյան

«ՉԻ»

Նախորդ հոդվածը’11 հոգի հայտ է ներկայացրել «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնի համար ‘
Հաջորդ հոդվածը’24 ֆուտբոլիստ ստացել է պաշտոնական հրավեր ազգային հավաքականից’