‘Ինչո՞ւ չեն համընկնում Մեքսիկայի եւ ՀՀ ԱԳ նախարարների հաղորդագրությունները ‘

1349

Սիրում են, էլի, մեր իշխանությունները հատկապես դրսում տեղի ունեցող հանդիպումներից հետո տարօրինակ բովանդակությամբ հաղորդագրություններ տարածել: Մեկ-երկու բառ խեղաթյուրել, մեկ-երկու բառ պակասեցնել, մեկ-երկու բառ ավելացնել ու դարձնել իրենց սրտով` «կուկլա» հաղորդագրություն: Ո՞վ պիտի ջոկի որ: Դզում-փչում են եւ դարձնում այնպիսի հաղորդագրություն, ըստ որի՝ հանդիպումն ու քննարկումը ընթացել են այնպես, ինչպես ՀՀ իշխանություններն են ցանկանում:

Այսօր էլ` առավոտվանից, ամբողջ իշխանական լրատվական դաշտը ողողված էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարածված մի հաղորդագրությամբ, որտեղ բոլորը գրեթե նույն վերնագրով ավետում էին` «Էդվարդ Նալբանդյանը Մեքսիկայում իր դժգոհությունն է ներկայացրել այդ երկրի պաշտոնյաներին»: Խոսքն այն մասին է, որ Լատինական Ամերիկայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մեքսիկայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն էր հայտնել, այսպես կոչված՝ Խոջալուի ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման եւ Սենատի կողմից հակահայ բանաձեւի ընդունման կապակցությամբ: Մի խոսքով, այնպիսի տպավորություն էր, ասես Նալբանդյանը Մեքսիկայում դիվանագիտական նոկաուտ է հասցրել այդ երկրի ԱԳ նախարար Պատրիսիա Էսպինոսային: Դե, մենք էլ, որպես «իսկական» ՀՀ քաղաքացիներ, կարդացինք, հավատացինք, հպարտացանք եւ ուրախացանք մեր ԱԳ նախարարի համար: Ինչ տղայ ա, է: Մտածեցինք: Բայց մինչեւ այն պահը, քանի դեռ պատահաբար չէինք կարդացել նաեւ Մեքսիկայի ԱԳ նախարարության կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունը: Տիկին նախարարն այլ բան էր պնդում: 

Տարբերակ 1 

Ահա թե ինչ է հանդիպման` ԼՂ հարցին վերաբերող հատվածում գրվել ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության տեքստում. «ՀՀ ԱԳ նախարարը տարակուսանք հայտնեց անցյալ տարի Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող բանաձևերի ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ բանաձևերը կոպտորեն հակասում են միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից, վնաս են հասցնում կարգավորման գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը, բացասաբար են ազդում նաև հայ-մեքսիկական հարաբերությունների վրա: ..Արտգործնախարարը նաև ընդգծեց, որ կիսում է մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպանների տեսակետը, որ Մեխիկոյում այսպես կոչված Խոջալուի հուշարձանի տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաև ոչ միայն Մեքսիկայում, այլ նաև աշխարհով մեկ հնչած արձագանքներին՝ Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման կապակցությամբ: Նախարար Պատրիսիա Էսպինոսան բացատրություններ և պարզաբանումներ տվեց այս կապակցությամբ՝ նշելով, որ այդ ամենը բացասական արձագանք է ստացել Մեքսիկայի հանրային կարծիքի կողմից: ..Նախարար Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանի և ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգային հանրության՝ հարցի խաղաղ լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական, սադրիչ և տարրական բանականությանը հակասող քայլերով ամեն ինչ անում է բանակցությունները փակուղի մտցնելու և տապալելու համար: Այս ենթատեքստում Պատրիսիա Էսպինոսան վերահաստատեց Մեքսիկայի կառավարության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ»:  

Տարբերակ 2 

Մինչդեռ ահա թե ինչ է նույն թեմայի մասին գրված Մեքսիկայի ԱԳ նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ. «ՀՀ ԱԳ նախարարն իր կառավարության խորը մտահոգությունն է հայտնել Մեխիկոյի չինովնիկների` Tlaxcoaque -ի հրապարակում և «Բարեփոխումների» պուրակում հուշատախտակ և քարտեզ տեղադրելու որոշման կապակցությամբ, որը, ըստ իր համոզման, պարունակում է պատմական սխալներ, եւ իր դժգոհությունն է հայտնել նաեւ 2011 թ. Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ: ԱԳ նախարար Էսպինոսան առաջարկել է Հայաստանի դիրքորոշումն ուղարկել շրջանի դաշնային կառավարություն և նորից ստանալ ավելի ստույգ տեղեկություններ այս թեմայի վերաբերյալ` համաձայն գործող օրենսդրության: Երկու երկրների արտգործնախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այս առումով քարտուղար Պատրիսիա Էսպինոզան հաստատել է, որ Մեքսիկայի կառավարությունը անկողմնակալ և չեզոք դիրք ունի եւ հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին մասնակից կողմերի համար ընդունելի եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին համահունչ խաղաղ կարգավորման օգտին»

Ամփոփում

Համացանցը լավ բան է: Մեր իշխանությունների, տարատեսակ գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրությունները կարդալուց հետո կարելի է մտնել համացանց եւ կարդալ` այդ հանդիպումների  մասնակից կողմերի հաղորդագրությունները եւս: Մեկ էլ տեսար, մերոնք մի բան պակաս էին փոխանցել, կամ` ճոխացրել էին: Բա չիմանա՞նք:

\"\"

 

\"\" 

Մուսա Բադալյան 

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անգործությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Առաջարկում եմ հրաժարվել գործող մեծամասնական ընտրակարգից ‘