‘Ինչո՞ւ ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետը չի բացվում Հայաստանում. Մամուլ ‘

1128

«Այս տարվա սեպտեմբերին լուրեր տարածվեցին, թե հիպերմարկետների «Կարֆուր» ֆրանսիական ցանցն առևտրական կենտրոն է բացելու Հայաստանում` հայտնի «Դալմա մոլում»: Նշվում էր, որ այդ հիպերմարկետը կունենա 10 հազար քառակուսի մետր տարածք: «Դալմա մոլում» հայտնված պաստառը հիմնավորում էր այդ լուրերը: Նաև նշվում էր, որ «Կարֆուր» հիպերմարկետը կբացվի հենց այս տարվա նոյեմբերին: Ոչ միայն չբացվեց, այլև այդ ուղղությամբ աշխատանքներ գրեթե չեն տարվել: Եվ ուրեմն` ինչ է տեղի ունեցել: Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչով է կարևոր «Կարֆուրի» բացվել-չբացվելու պատմությունը, պարզաբանենք, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ապրանքանիշը: «Կարֆուրն» իր տեսակի մեջ երկրորդն է աշխարհում: Տարբեր երկրներ ում սա ունի ավելի քան 15 հազար առևտրական կենտրոն: Գրանցում աշխատում է ավելի քան 400 հազար մարդ, իսկ տարեկան հասույթը կազմում է մոտ 100 միլիարդ եվրո: Եվ ուրեմն, այս հսկայական ընկերության մտադրությունը` մեր երկրում գործունեություն ծավալելու առումով, արդեն իսկ ուշագրավ է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի մոտ 50 տարվա բյուջեի չափ տարեկան շրջանառություն ունեցող «Կարֆուրը» լուրջ, չափազանց լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մեր օլիգարխների համար: Խնդիրն այն է, որ «Կարֆուրը» հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, իսկ տեղական արտադրողներից ապրանքներ վերցնելիս` չափազանց բծախնդիր է դրանց որակի և գնի նկատմամբ: Այն ժամանակ, երբ «Կարֆուրը» նոր էր հայտնել իր մտադրությունը` գործունեություն ծավալել Հայաստանում, այս «փոքր» դետալը դուրս էր մնացել մերոնց ուշադրությունից: Հետագայում, սակայն, մեր օլիգարխները, որոնք միաժամանակ և սուպերմարկետների տերեր են, և խոշորագույն ներկրողներ, հասկացել են սա ու խառնվել իրար: Մեր տեղեկություններով, «Կարֆուրի» հարցը մի քանի անգամ թեժ քննարկումների թեմա է դարձել իշխանական ամենաբարձր օղակներում: Օրինակ, հաշվարկ է արվել, որ եթե «Կարֆուրը» ներկրի շաքարավազ, ալյուր, ձեթ… ապա իր հիպերմարկետում դրանց գները 25-40 տոկոսով ցածր կլինեն, քան հիմա մեր սուպերմարկետներում վաճառվող նույն ապրանքները: Շատ ու շատ այլ ապրանքներ, անշուշտ, կլինեն ավելի թանկ: Բայց պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե պարզվի, որ «Դալմա մոլում» գտնվող «Կարֆուր» հիպերմարկետում շաքարավազն արժե ոչ թե 400 դրամ, ինչպես մեր գործող սուպերմարկետներում, այլ 300-320 դրամ: Շատ արագ «Կարֆուրը» կդառնար շաքարավազի խոշոր, եթե ոչ` միակ ներկրող: Նույնը նաև այլ ապրանքների դեպքում: Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե մեր մաքսայինը` հանուն իր հարազատ օլիգարխների կարող է «Կարֆուրի» համար խոչընդոտներ ստեղծել սահմանի վրա: Բայց դա միայն առաջին հայացքից: «Կարֆուրի» հետ նման «կատակները» չեն անցնում: Միակ ելքն այն է, որ ինչ-որ ձևով խոչընդոտվի «Կարֆուրի» հայտնվելը Հայաստանում: Եվ ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն, մեր օլիգարխները և իշխանությունն այդ հարցում արդեն հաջողության են հասել՝ «Կարֆուրը» որոշել է Հայաստանում գործունեություն չծավալել: Թե ինչպես են դա արել, մանրամասներն առայժմ հայտնի չեն:«Կարֆուրի» մտափոխվելու վերաբերյալ լուրերը ճշտելու նպատակով մեր թղթակիցը դիմեց « Դալմա զարդեն մոլ» համալիրի տնօրինությանը, որտեղից, սակայն, որևէ մեկնաբանություն չտվեցին»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Այն, ինչ շտապ է, կարևոր չէ, այն, ինչ կարևոր է, շտապ չէ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Այժմ, ինչպես սովետական ժամանակ, ասուլիսի դեր են կատարում համագումարները. Մամուլ’