‘Ինչու՞ են Սարգսյան- Մեդվեդև հանդիպման վերաբերյալ կողմերի տարածած հաղորդագրությունները միմյանցից տարբերվում’

1514

Բելառուս կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև ՈԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հատկապես «Գազպրոմ» ընկերության կողմից Հայաստան մատակարարվող գազի սակագնի բարձրացման համատեքստում այս հանդիպումը բավական ուշագրավ է։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՌԴ-ում արված հայտարարությունների զգալի մասը ՀՀ կառավարության պաշտոնական կայքում պարզապես չկա։ Ի՞նչ են թաքցնում։

Տ. Սարգսյան-Դ. Մեդվեդև հանդիպման վերաբերյալ կողմերի տարածած հաղորդագրությունները միմյանցից բավական տարբերվում են, ընդ որում՝ տարբերությունները էական են։ Ըստ ՌԴ կառավարության հաղորդագրության՝ Դ. Մեդվեդևը, ողջունելով Տ. Սարգսյանին, ասել է, թե իրենք քննարկել են Մաքսային միության և ընդհանրապես ինտեգրացիոն պրոցեսները։ «Հայաստանը, ընդհանուր առմամբ, ուզում է դրան մասնակցել։ Մեզ համար ևս դա կարևորէ»֊- ասել է Մեդվեդևը, իսկ Տ. Սարգսյանն ի պատասխան նշել է. «Մեր դիրքորոշումը հստակ է. այստեղ երկմտություն չի կարող լինել, և մեր նախագահները ևս այդ թեման քննարկել են։ Հիմա արդեն ամեն ինչ պետք է որոշել տեխնիկական առումով, թե ինչպիսի տեմպերով, ինչպիսի քայլերով պետք է առաջ գնալ»։ ՌԴ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Տ.Սարգսյանը նաև նշել է, թե տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ իրենք քննարկել են երկկողմ հուշագրի ստորագրման հարցը։ «Մենք պետք է շտապ պատրաստենք (Մասքային միությանն անդամակցելու մասին–Ա.Գ.) հուշագիրը, համաձայնեցնենք նախագահների հետ ու ստորագրենք»,-֊ասել է ՀՀ վարչապետը։

Իսկ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում «Անդրադարձ է կատարվել եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին և դրանց Հայաստանի մասնակցության հնարավոր ձևաչափերին։ Վարչապետ Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ այժմ պետք է հստակեցնել տեխնիկական այն հարցերը, թե ինչպիսի քայլերով պետք է առաջ գնալ։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է նաև երկկողմ հուշագրի ստորագրման հարցը»։ Այսինքն՝ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ որևէ բառ չկա Մաքսային միությանն անդամակցելու հուշագիրը շտապ պատրաստելու և ստորագրման ներկայացնելու մասին։ Թե ինչու է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունն այս հարցում «լռում», դժվար չէ ենթադրել, ընդամենը մեկ տարի առաջ ՀՀ-ի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեմ էր արտահայտվում Մաքսային միությանը ՀՀ անդամագրվելու հարցին, այդ մասին նա հայտարարել է բազմիցս։ Օրինակ՝ 2012թ. ապրիլին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նա ասել է. «Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, որ երկիրը, չունենալով սահմաններ, դառնա Մաքսային միության անդամ։ Դա անիմաստ կլիներ… Մաքսային միությունը մեզ համար չի հանդիսանում այնպիսի գործիք, որը պետք է եկամտաբեր լինի տնտեսվարող սուբյեկտների համար»։ Նույն միտքը նա կրկնել է 2012թ. նոյեմբերին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, իսկ այս տարվա փետրվարին «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում Տ.Սարգսյանը լրացուցիչ փաստարկներ է բերել՝ հիմնավորելու, թե ինչու է դեմ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամագրվելուն. «Խոսքը միայն ընդհանուր սահմանների բացակայության մասին չէ։ Հայաստանի առանձնահատկությունը նաև այն է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը շատ է տարբերվում Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից… Ընդհանուր առմամբ, Մաքսային միությունում մաքսերի մակարդակը երկու անգամ բարձր է Հայաստանում գանձվողից»։

Բայց, ինչպես տեսնում եք, վերջին շրջանում մտածողության մեջ հեղափոխություն կատարելու մասին պարբերաբար հայտարարող Տիգրան Սարգսյանի մոտ իրոք մտածողության հեղափոխություն է կատարվել։ Սաքսային միության դեմ խոսող վարչապետը հիմա խոսում է շտապ համաձայնագիր պատրաստելու մասին։

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, թե ինչպես է ՀՀ վարչապետի մտածողության մեջ հեղափոխություն կատարվել. «Կողմերն անդրադարձել են նաև գազի գնի 30 տոկոս սուբսիդավորմանը, մասնավորապես, թե ինչ սկզբունքների ներքո պետք է այն գործի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով, ինչի շուրջ բանակցությունները դեռևս կշարունակվեն»։ Այլ կերպ ասած՝ Տ.Սարգսյանը ռուսներից հերթական անգամ փող է խնդրել, և վերջիններս էլ խոստացել են քննարկել ՀՀ-ին գրանտ տրամադրելու հարցը, որով ՀՀ կառավարությունը կփորձի մեղմել գազի սակագնի բարձրացման բեռը։ ժողովրդական իմաստությունն ասում է. «Ինչ չի անի փողը, կանի շատ փողը»։

Ի դեպ, ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ որևէ բառ չկա ՀՀ և ՌԴ վարչապետերի միջև գազի սակագնի վերաբերյալ քննարկումների և ՀՀ-ին տրամադրվելիք գրանտի մասին։ Թե ինչու՝ դա էլ միգուցե ՌԴ կառավարությունը մեկնաբանի։

Արման Գալոյան

«Ժողովուրդ»

Նախորդ հոդվածը‘Անդրես Ինյեստա. Մեսին Նեյմարին ավելի ուժեղ կդարձնի’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Քերին եւ Էլմար Մամեդյարովը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը’