‘Ինչու՞ էր Գվարդիոլան ժամանել Ցյուրիխ’

969

«Elconfidencial»-ը հերթական անգամ անդրադարձել է ֆուտբոլում ներկայիս ամենախարիզմատիկ երկու մարզիչների` Ժոզե Մոուրինյոյին և Պեպ Գվարդիոլային՝ հստակ ներկայացնելով նրանց մարդկային տարբերությունները:

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ՖԻՖԱ-ի տարվա լավագույնների մրցանակաբաշխությանը չմասնակցելով, բազմաթիվ խոսակցությունների առիթ տվեց: Ինքը պորտուգալացին ասաց, որ պատրաստվում է աշխատել և ժամանակ չունի այդպիսի միջոցառումներին մասնակցելու: Ինչպես հետագայում պարզեց իսպանական մայրաքաղաքային մամուլը, որը նրա վարած քաղաքականությունից հետո տրամադրված է «յուրահատուկի» դեմ, Ժոզեն ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ ամենևին էլ չէր աշխատում, այլ ընդամենը հետևում էր իր որդու մարզմանը «Ռեալ»-ի մանկապատանեկան թիմի կազմում:

Իրականում պարզ է Մոուրինյոյի բացակայության պատճառը: Ինչքան էլ որ ՖԻՖԱ-ն և «Ֆրանս Ֆուտբոլ»-ը ամեն կերպ փորձում են գաղտնի պահել ապագա մրցանակիրների անունները, բազմաթիվ երկրներում դեռևս դեկտեմբերի կեսերին հայտնում են, թե ում օգտին են իրենք  քվեարկելու, իսկ ժամանակին, երբ դեռևս «Ոսկե գնդակ»-ը միավորված չէր ՖԻՖԱ-ի տարվա մրցանակին, իտալացի պապարացիները հետևում էին հնարավոր հաղթողին և հաջողացնում էին նրան բռնացնել Փարիզում: Այդպիսով՝ հաղթողի անունը հայտարարվելուց առաջ բոլորը արդեն գիտեին, թե ում է հանձնվելու ավարը:

Այս անգամ ևս Մոուն, հստակ իմանալով, որ տարվա լավագույն մարզչի մրցանակը ստանալու շանսեր չկան, նախընտրեց մնալ Մադրիդում և այցելել որդու մարզմանը, քանի որ ցանկություն չուներ դահլիճում նստած ծափահարելու «անարժաններին»` իր կողմից բազմաթիվ անգամ քննադատված իսպանական ֆուտբոլի ներկայացուցիչներ Դել Բոսկեին կամ Պեպ Գվարդիոլային:

Պորտուգալացին միակն էր մրցանակի առաջադրվածներից, ով չէր ժամանել Ցյուրիխ: Ընդակառակը, նույնն իմանալով՝ Բարսայի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Նյու Յորքից ժամանել էր Շվեցարիա: Կատալոնցին մինչև հունիս որոշել էր հանգստանալ և ամեն կերպ մինչ մրցանակաբաշխության օրը փորձում էր խուսափել մասս-մեդիայի հետ շփումներից, որպեսզի նրան չանհանգստացնեն իր ապագայի հետ կապված հարցերով: Բարսայի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելուց հետո Պեպը միայն մեկ անգամ էր խոսել Նյու Յորքից, այն էլ՝ Կատալոնիայի անկախության հետ կապված:

Ցյուրիխում Գվարդիոլային չհաջողվեց խուսափել հարցերից, և մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ ամռանը պատրաստվում է վերադառնալ աշխատանքի՝ չնշելով, թե որ երկրում: Ամեն դեպքում այժմ Չիկի Բեգիրիստայնի՝ Մանչեստերում լինելը, Բենիտեսի խնդիրները՝ «Չելսի»-ում, և Ֆերգյուսոնի թոշակի անցնելու մասին մտքերը Պեպին մոտեցնում են անգլիական «Պրեմիեր լիգա»-ին:

Ինչպես նշում է իսպանական օնլայն պարբերականի` «Elconfidencial»-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիազը, ով ներկա է գտնվել Ցյուրիխում, Պեպը ասուլիսից հետո մոտեցել և ողջունել է մրցանակաբաշխության մասնակիցներ Նեյմարին, Մադրիդի «Ռեալ»-ի  նախագահ Ֆլորենտինո Պերեսին և «տարվա լավագույն մարզիչ» տիտղոսի գլխավոր հավակնորդ Վիսենտե Դել Բոսկեին:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի հետ զրույցում կատալոնցին ասել է հետևյալը. «Այստեղ եմ ժամանել միայն նրա համար, որպեսզի ծափահարեմ քեզ, ուրիշ ոչինչ չունեի անելու»: Դել Բոսկեն երեկոյի գլխավոր գործող անձն էր, իհարկե՝ Մեսսիից հետո, և ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերը նույնպես շնորհավորել է նրան՝ շնորհակալություն հայտնելով «այն ամենի համար ինչ նա տվել է ֆուտբոլին»: 

Նախորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյանն ապաքինվում է և մոտ օրերս կվերադառնա ‘
Հաջորդ հոդվածը‘Samsung-ը ներկայացրել է ճկուն էկրանով հեռախոսի օրինակը’