‘Ինչու՞ էր մարդկային դեմքը կորցրել զինվորական դատախազության քննիչը ‘

2878

Epress.am — «Ձե՞զ ով ա կանչել ստեղ. Կտամ կքցեմ, ս… եղեք ստեղից». դիմելով Գոհար Սարգսյանին (բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը – խմբ.) և Իրինա Ղազարյանին (բանակում զոհված Արթուր Ղազարյանի մայրը – խմբ.)` ասել է նա: Ծնողներն ասել են, որ եկել են կանխելու հերթական հանցագործությունը: Նրանց խոսքով` եթե իրենց որդիների դիազննման ժամանակ էլ մարդիկ հավաքվեին, գուցե այդ գործերն էլ բացահայտվեին:

ilur.am — Նշենք, որ սա առաջին դեպքը չէ: Նախկինում զոհված զինծառայողների ծնողները հայտնել են, որ նա քաշքշել է իրենց, վիրավորել, իսկ Իրինա Ղազարյանին անվանել է «պոռնիկ»:

Ո՞վ է այս մարդը: Երեւի մտածեցիք` մի քանի անգամ դատապարտված վտանգավոր հանցագործ է կամ հարբած խուլիգա՞ն: Ոչ: Սա ՀՀ զինվորական դատախազության հատուկ կարեւոր գործերով քննիչ Յուրա Բադալյանն է, որը շտապել էր մասնակցելու Հայոց բանակում հերթական «ինքնասպանված» պատանու` 19-ամյա Րաֆֆի Մարաշլյանի անշունչ մարմինը: Այսինքն, այս մարդուն նստեցրել են հատուկ գործերով քննիչի աթոռին, որ արդարության հաստատման իր ներդրումն ունենա մեր «ապահով» երկրում: Այսինքն, բազմաթիվ Հայաստանի քաղաքացիների ճակատագիրը հանձնված է այս մարդակերպին:

Երեւի շատերը քմծիծաղեցին. «Իսկ ի՞նչ կա զարմանալի կամ ցնցող: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ համազգեստավոր եւ ուսադիրավոր, այսպես կոչված, օրենքի պաշտպաններն, արդեն քանի տարի է, անպատիժ հայհոյում, ծաղրում, քաշքշում եւ ծեծում են, նույնիսկ սպանում են Հայաստանի ցանկացած քաղաքացու, եթե նա համարձակվում է դուրս գալ փողոց` արդարություն պահանջելու: Ավելին, որքան գազանակերպ է եղել նրանց կեցվածքը նման քաղաքացիների նկատմամբ, այնքան ավելի շատ աստղ է ավելացել նրանց ուսերին եւ նույնքան զանազան շքանշաններ ու մեդալներ` նրանց «դոշերին»: Թարմ օրինակը վերջերս տեսանք: Երեւանն այժմ ունի մի ոստիկանապետ` Աշոտ Կարապետյան անուն-ազգանունով, որն «աստղ» է դարձել իր սադիստական հակումների «շնորհիվ»: Եւ նրան ոստիկանապետ է նշանակել աննկարագրելի «բարի», անվախտ-բեվախտ աղոթող եւ պատեհ-անպատեհ իր հավատքառատ բերանում Աստծո անունը «ծամծմող», ոչ անհայտ «զորավար» Վովա Գասպարյանը: Բնականաբար` իրենից ոչ պակաս «բարի» Սերժիկ Սարգսյանի «օրհնանքով»:

Պահանջե՞նք ՀՀ զինվորական դատախազությունից, որ Յուրա Բադալյանին անհապաղ ազատեն աշխատանքից եւ պատասխանատվության ենթարկեն սգավոր մայրերին վիրավորելու համար: Պահանջենք: Ես պահանջում եմ: Վստահ եմ, որ ինձ նման հազարավորներն են պահանջում:

Հնարավոր է նույնիսկ, որ մեր պահանջն այս անգամ կատարվի հերթական` Երեւանի քաղաքապետի աթոռի զավթումը հեշտացնելու համար: Մի քննիչն ի՞նչ է, որ մատաղ չանեն հանուն Սերժիկ Սարգսյանի կամակատար Տարոնի: Մանավանդ` մեծ է հավանականությունը, որ առավել բիրտ ու անտաշ մեկը կփոխարինի մարդկային դեմքից զուրկ այս քննիչ կոչեցյալին:

Իրեն արժանի տեղը կուղարկեն այս պարոնին, թե` ոչ, երկրորդական հարց է: Ամենակարեւորն այս դեպքում հետեւյալ հարցն է` ինչու՞ էր հերսոտել քննիչ Յուրա Բադալյանը: Թվում է` քիչ թե շատ ուղեղ ունեցող, ազնիվ, իր գործն արդարորեն իրականացնող մարդն ի’նքը կձգտեր, որ իրենց աշխատանքից դժգոհ մարդիկ ներկա լինեին հերթական անմեղ զոհի դիազննմանը` բազմաթիվ կասկածելի սպանությունների եւ «ինքնասպանությունների» ցանկը չընդլայնելու համար: Ինչի՞ց էր զգուշանում այս պարոնը, ինչու՞ էր նյարդայնանում այդ դժբախտ կանանց ներկայությունից, հակառակը` նրանց առաջ գլուխ խոնարհելու փոխարեն: Չէ՞ որ այդ սեւազգեստ մայրերը, իրենց կսկիծը թողած, այդ պահին ընդամենը պայքարում էին, որ տարիներ շարունակ իրենց զավակների իրական մարդասպաններին գտնելու հույսով փողոցը տուն դարձրած հուսահատ մարդկանց թիվը չավելանա: Եթե ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ պաշտպանության նախարարության խնդիրը հերթական անմեղ զոհի մահվան իրական պատճառի կոծկումը չէր, ինչու՞ էր մարդկային դեմքը կորցրել այս պարոնը:

Կարծում եմ, հարցերիս մեջ նաեւ պատասխանները կան:

Ես չեմ հավատում, որ Րաֆֆի Մարաշլյանն ինքնասպանություն է գործել, ինչպես չեմ հավատացել նախորդ բոլոր «ինքնասպանության» դեպքերին: Վստահ եմ, որ Հայոց բանակում` խաղաղ պայմաններում սպանել են եւս մեկ զինվորի, եւ Հայաստանում ավելացավ իրենց որդու իրական սպանողին փնտրող եւ չգտնող ծնողների թիվը: Իսկ եթե նույնիսկ ձգանն ինքն է քաշել, դա արել է ստիպողաբար, ինչը նույնպես սպանություն է:

Եւ, Աստված գիտե, քանի-քանի նմանօրինակ քրգործեր կոծկած քննիչ Յուրա Բադալյանին իր վերադասները հրահանգել էին գնալ եւ հերթական սեւ գործն անել, ինչին, ի դժբախտություն Բադալյանի եւ իր տերերի, եկել էին խոչընդոտելու սպանված զինվորների մայրերը:

Ահա թե որն է Յուրա Բադալյան կոչեցյալի կատաղության նոպայի պատճառը:

Լիզա Ճաղարյան 

 

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային պողոտայի ստորգետնյա կայանատեղերում «Տաշիրի Սամոն» առեւտրի կենտրո՞ն կկառուցի’
Հաջորդ հոդվածը‘Նախկինում դատված «դավիթաշենցի Վաչոն»՝ ՀՀԿ ցուցակում’