‘Ինչու՞ է դռնեդուռ ընկել Գագիկ Հարությունյանը’

3767

Ինչպես հայտնի է, այսպես կոչված, սահմանադրական բարեփոխումները Սերժ Սարգսյանը նախաձեռնել է պահպանելու ու ցմահ դարձնելու համար իր իշխանությունը։ Դա այնքան ակնհայտ է, որ այս պատկերացումն արդեն հասարակության ամենալայն շերտերի համոզումն ու սեփականությունն է։

Զարմանալիորեն այս գործընթացում առանցքային դերակատարություն եւ առաջամարտիկի դեր է ստանձնել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

Գագիկ Հարությունյանն ահագին գիտելիքներ ունի՝ հասկանալու համար, որ Հայաստանի արատներն ու դժբախտությունները՝ համատարած կոռուպցիան, ընտրակեղծիքները, ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոտնահարումները, թալանն ու կողոպուտը, կործանարար արտագաղթը եւ այլն, բացարձակապես կապված չեն գործող Սահմանադրության հետ։ Ընդհակառակը՝ այդ ամենը հենց արդյունք են այն բանի, որ իշխանության կողմից կոպտորեն խախտվում են Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն ու պահանջները։

Հարությունյանը, բնականաբար, հասկանում է նաև, որ ինքը, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, իրավունք չունի զբաղվելու ինչպես նոր Սահմանադրության մշակման, այնպես էլ գործող Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու գործով։ Ի պաշտոնե նրա միակ պարտականությունը գործող Սահմանադրության տառի հսկումն ու պահպանումն է։

Եվ վերջապես, Գ. Հարությունյանը հասկանում է, որ լծվելով Սերժ Սարգսյանի ձեռնարկած սահմանադրական փոփոխությունների քարոզչության՝ իր պաշտոնին ու դերին անհարիր գործին, ըստ էության, վերածվում է Սերժ Սարգսյանի կամակատարի՝ ինքն իրեն լիովին ու վերջնականապես պատվազրկելով հասարակության աչքում։

Այս երեք անսակարկելի դրույթները հուշում են, որ նման նվաստացուցիչ դերակատարություն ստանձնելու համար Գագիկ Հարությունյանը պետք է ունենար ծանրակշիռ անձնական մոտիվացիա՝ շարժառիթ։

Լավ ճանաչելով նրան՝ այս բանը կարելի էր նաեւ կռահել, ենթադրել տեսականորեն։ Սակայն մի բան է ենթադրությունը, թեկուզ հիմնավոր, մի այլ բան, երբ հասու են նաեւ որոշակի տեղեկություններ, որոնք ցույց են տալիս, որ Գ. Հարությունյանը այդ խայտառակ դերը ստանձնել է Սերժ Սարգսյանի հետ կնքած փոխշահավետ մի գործարքի արդյունքում։

Հայտնի է, որ 2018թ. լրանում է Գ. Հարությունյանի 70 տարին։ Համաձայն Սահմանադրության 117 հոդվածի 13-րդ կետի՝ Սահմանադրական դատարանի անդամների (նաեւ ՍԴ նախագահի) համար դա պաշտոնավարման առավելագույն տարիքն է, ինչից հետո նրանց լիազորությունները դադարեցվում են, եւ նրանք անցնում են թոշակի։

Եւ ահա, Սերժ Սարգսյանը Գ. Հարությունյանին խոստացել է «սահմանադրական բարեփոխումների» գործը գլուխ բերելու դեպքում նրան շնորհել Հանրապետության նախագահի պաշտոնը։ Ճիշտ է՝ խորհրդարանական համակարգում եւս այն կհամարվի բարձր պաշտոն, բայց գործնականում կունենա չափազանց սահմանափակ և արարողակարգային լիազորություններ՝ ճիշտ Գ. Հարությունյանի համար։ Համենայնդեպս՝ հազարապատիկ գերադասելի «թոշակառուի» կարգավիճակից։

«Ազնիվ» գործարք ժողովրդի թիկունքում՝ «Դու ինձ ցմահ իշխանության իրավական ձևակերպում, ես քեզ՝ հավերժական պաշտոն»։

Եւ այս գործարքն սկսել է գործի դրվել։ Արդեն իսկ որոշակի քայլեր են արվում այդ ուղղությամբ։ Մեզ հասած տեղեկություններն այս մասով հետևյալն են.

ա) Մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվեց Ալվինա Գյուլումյանը՝ 2018թ. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու հեռանկարով,

բ) Դրանից հետո Գ. Հարությույանը կզբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոնը (ըստ «բարեփոխված» Սահմանադրության՝ խորհրդարանական քվեարկությամբ),

գ) Սերժ Սարգսյանը կդառնա ԱԺ նախագահ. (նա խոստացել է չառաջադրվել ՀՀ նախագահի եւ վարչապետի պաշտոնում, բայց չի հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից)՝ մնալով նաեւ ՀՀԿ «գենսեկ» ու Մելիք-Ադամյան տեղափոխելով իրական իշխանության կենտրոնը,

դ) Վարչապետի պաշտոնն էլ Ս. Սարգսյանի «ձեռքի տակ» կզբաղեցնի ցանկացած մեկը (դա կարող է անգամ Սարգսյանի սիրելի մյուս Սարգսյանը լինել՝ Տիգրանը)։

Ներկայացվածն, անշու՛շտ, իշխանության ցանկությունն ու ծրագիրն է, այլ ոչ թե հարյուր տոկոսով երախշավորված խաղը։

Ամեն դեպքում հարկ է նկատել, որ այդ սցենարը Գագիկ Հարությունյանի համար այնպիսի մի բաղձալի հեռանկար է, որի համար նա, իրոք, չէր խորշի ցանկարած նվաստացումից, ինչի վկան ենք մենք այսօր։ Խոսքը Գ. Հարությունյանի՝ կոմերիտական եռանդով գյուղեգյուղ ու տնետուն սահմանադրափոխության քարոզարշավի մասին է։ Ընդ որում՝ այնքան ինքնամոռաց քարզչության, որ այդ ընթացքում ՍԴ նախագահն արտաբերում է անգամ սահմանադրական իրավունքի ու ընդհանրապես իրավաբանության «հերն անիծող» այնպիսի մտքեր, որոնք անհեթեթ կարող են գնահատվել անգամ նորմալ միջնակարգ կրթությամբ լսարանում։

Բայց խարդավանքների սիրահար ու զգուշավոր Սերժը Սերժ չէր լինի՝ բավարարվելու համար միայն մեկ՝ ժողովրդի թիկունքում կնքած գործարքով։ Նա մշակել է նաեւ գործարքի պահուստային («ստրախովչնի») տարբերակ, այս անգամ՝ հենց Գ. Հարությունյանի թիկունքում. մեզ հայտնի հաջորդ տեղեկությունն այն է, որ սահմանադրական փոփոխությունների իրականացման գործուն աջակցության դիմաց Ս. Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը առաջարկել է նաեւ այլ անձանց։ Այսինքն, Գ. Հարությունյանի ծառայություններից առավելագույնս օգտվելուց հետո, նա կարող է նաեւ առանց վարանելու «քցել» վերջինիս, ինչը այս ամենից հետո, մեր մեջ ասած, «հասնում» է նրան (թեև Գ. Հարությունյանը կարող է հանգիստ լինել, քանզի գործը «քցվելուն» չի հասնի, որովհետև հիմնական քաղաքական ուժերը սահմանադրական հանրաքվեն վերածելուն են Սերժի հրաժարականի միջոցառման, եթե իհարկե մինչև այդ տեղի չունենա վերջինիս հեռացումը Բաղրամյան 26–ից)։

Ահա, թե իրականում Սերժ Սարգսյանի ու նաեւ Գագիկ Հարությունյանի համար այսօր որտեղով է անցնում «ռազմաճակատի գիծը», որտեղ պետք է կենտրոնացնել ամբողջ ուշադրությունն ու բոլոր ռեսուրսները։ Դա Հայաստան-Ադրբեջան եւ Ղարաբաղ-Ադրբեջան սահմանը չէ՝ ամենօրյա դրամատիկ իրադարձություններով ու զոհերով։ Եւ ոչ էլ, բնականաբար, հայ ժողովրդի ազգային անվտանգության, Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության, մարդկանց ապահովության ու բերեկեցության խնդիրներն են։ Նրանց համար «ռազմաճակատի գիծն» իրենց ու սեփական ժողովրդի միջեւ է՝ ամեն գնով վերջինիս վրա իշխանության պահպանման գերնպատակով։ Հենց այստեղ էլ կենտրոնացված է նրանց ամբողջ ուշադրությունն ու բոլոր ռեսուրսները։

Վարդան Մկրտչյան

Հ.Գ. Գագիկ Հարությունյանը ՀՀ նախագահ դառնալու հարցի վրա մի անգամ արդեն սայթաքել, «քցվել է». ինչպես հայտնի է, 1998-ին էլ էին նրան խոստացել (խոստացողներից մեկ՝ Ս. Սարգսյան) ՀՀ նախագահի պաշտոնը …

7or.am

Նախորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Սահմանին լարվածության աճի մեղավորը միայն Ալիեւը չէ’
Հաջորդ հոդվածը‘Բրյանսկի արգելոցում շիկահեր արջուկ է ծնվել’