‘Ինչու՞ է ՀՀ կառավարությունը պարտավոր մարել «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերը’

1243

Օրերս «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել է, որ նաիրիտցիները «բարոյական իրավունք ունեն» իրենց աշխատավարձերը պահանջելու, բայց իրենց պահանջի հասցեատերը կառավարությունը չէ: Ըստ վարչապետի, իբր, աշխատավարձերը վճարելու պարտավորություն ունի գործարանի սեփականատերը: Սակայն «Նաիրիտ»-ի նկատմամբ կառավարության պարտավորություններն իրականում ոչ թե բարոյական հարթությունում են, ինչպես փորձում է ներկայացնել Հովիկ Աբրահամյանը, այլ՝ իրավական:   

«Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը Ֆեյսբուքում ներկայացրել է, թե ինչու.

«ՀՀ կառավարությունը պարտավոր է մարել Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձի գծով կուտակված 18 ամիսների պարտքը, որովհետև, նախ՝ այդ ընկերության 10%-ի սեփականատերն է և աշխատելու տարիներին որևէ ներդրում` նույնիսկ 1%-ի, չի արել Նաիրիտում:

Երկրորդ, որովհետև կառավարության ոչ հետևողական կեցվածքի շնորհիվ է Նաիրիտը հայտնվել նման իրավիճակում: Հիմնավորեմ` համաձայն Ռայնովիլ փրոփրթի լիմիթեդ ընկերության և ՀՀ կառավարության միջև կնքված պայմանագրի` պետությունը պարտավորվել է հետևողական լինել պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար: Իսկ Ռայնովիլը պարտավոր էր 5 տարվա ընթացքում 120մլն դոլարի ներդրում անել գործարանում, ինչպես նաև 2008թ-ի սկզբին արդեն քլորոպրենային կաուչուկի, լատեքսների, այլ քիմիական նյութերի արտադրության տարեկան ծավալը հասցնել 25 հազար տոննայի: Այդ պարտավորությունը չի կատարվել: Ըստ այդմ` սա պայմանագրի կետերով նախատեսված հիմք էր բաժնետոմսերը վերադարձնելու համար, ինչը չի արվել:
Երրորդ` ՀՀ կառավարությունը, հանդիսանալով ընկերության 10%-ի բաժնետեր, Նաիրիտի վերաբերյալ բոլոր որոշումների կայացմանը մասնակցություն է ունեցել՝ ի դեմս Նաիրիտի խորհրդի անդամ էներգետիկայի փոխնախարարի: Սա ևս հիմք է, որ կառավարությունը իր 10%-ի չափով ստանձնի Նաիրիտի՝ այս պահի անվճարունակության պատասխանատվությունը և ընդհանուր պարտքերի գոնե մի մասի մարման պարտավորությունը, այն է` վճարի աշխատակիցներին աշխատավարձերի 15 մլն դոլարի չափով պարտքը: Այս ցանկը դեռ երկար կարող եմ շարունակել….
Ինչ վերաբերում է 4 տարի չաշխատող գործարանին աշխատավարձ վճարելուն, ապա կառավարությունը, ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Նաիրիտի երկու տարվա աշատավարձ է տվել փոխառությունների տեսքով` տոկոսով և գույքի գրավադրմամբ, այն դեպքում երբ պարտք է Նաիրիտին մոտ 5 մլրդ դրամ!!!! Եվ այդ աշխատավարձերի վճարումներն էլ անընդհատ ուղեկցվել են առաջիկա երկու ամսում գործարանում ներդրումներ ապահովելու և վերագործարկելու խոստմամբ…ինչը, արդեն, ակնհայտ է, չի կատարվել:
Այնպես որ, վստահեցնում եմ, Նաիրիտի աշխատակիցները բոլոր իրավունքներն ունեն այսօր հենց ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ պահանջելու իրենց աշխատավարձի պարտքի մարումը»:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը դեռ հիվանդանոցում է ‘
Հաջորդ հոդվածը‘Ըստ Էլմար Մամեդյարովի՝ Սարսանգի ջրամբարը վեր է ածվել հումանիտար, էկոլոգիական և տեխնածին աղետի աղբյուրի’