‘Ինչու՞ է ոստիկանությունը խուզարկում վանաձորցիների բնակարանները. պարզաբանումները ոչինչ չեն պարզում ‘

1035

Այսօր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի ՝ 2012 թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին համատարած խուզարկություններ են իրականացվել Վանաձոր քաղաքի բնակիչների բնակարաններում:

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, դատապարտելով համատարած խուզարկությունների կիրառումը, պահանջում է ՀՀ գլխավոր դատախազությունից քննության առարկա դարձնել այս հարցը»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Քանի որ գրասենյակը դիմում է գլխավոր դատախազությանը, iLur.am-ը փորձեց դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա ասաց, որ այդ հայտարարությանը ծանոթ չէ, և քանի որ ոստիկանությունն է խուզարկություններն իրականացրել, խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն:

Ոստիկանության լրատվության վարչությունից iLur.am-ի հարցմանը խոստացան պատասխանել կես ժամից, իսկ երբ կրկին հետաքրքրվեցինք, թե ինչ են պարզել, պատասխանեցին, որ պարզելու ոչինչ էլ չկա:

«Եթե անհրաժեշտություն եղել է, կատարվել է խուզարկություն»,- ասաց ոստիկանության աշխատակիցը՝ հավելելով, որ գրասենյակը դիմել է դատախազությանը, և դատախազությունը պետք է դա պարզի:

Մեր դիտարկմանը, թե գրասենյակը նշում է համատարած խուզարկությունների մասին, ոստիկանությունից այսպես արձագանքեցին.

«Բոլորս էլ կարող ենք ասել համատարած, բայց հնարավոր է՝ այդ օրը երկու-երեք բնակարան է խուզարկվել»:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Վանաձորի ոստիկանության բաժնից: Այտեղից iLur.am-ին հայտնեցին, որ նման խուզարկությունների մասին տեղեկություն չունեն:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բիձինա Իվանիշվիլիին ‘
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Լավրովը ռուս-ամերիկյան լրտեսական սկանդալից տեղյակ չէ՞ ‘