‘Ինչու քաղաքապետարանը չի հաղթահարում «աննախադեպ» ձյունը’

4581

Մինչ Երեւանի բնակիչները փորձում են մի կերպ հաղթահարել ձյունն ու տաքսի գտնել քաղաքի որեւէ հատված հասնելու համար, քաղաքապետարանը հերթական անգամ խրոխտ ձայնով տեղեկացնում է. «Տեղացող աննախադեպ ձյան պայմաններում մայրաքաղաքի համապատասխան բոլոր ծառայություններն արդեն երրորդ օրն է շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Վերջիններս շուրջօրյա ժամանակացույցով շարունակում են համապատասխան հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցները: Փողոցների մաքրման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են նաև մայթերի, կանգառասրահների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Տեղերում ընթացող աշխատանքները վարչական շրջանների ղեկավարների շուրջօրյա վերահսկողության տակ են»: Բայց սա քաղաքապետարանի մեկնաբանությունն է, թե որ փողոցներն են մաքրում նրանք, չգիտենք, որովհետեւ դժվար է կռահել: Իսկ ահա թե որ փողոցները չեն մաքրում, կռահելը դժվար չէ: Բավական է ընդամենը դուրս գալ փողոց, ընդ որում, ոչ թե խոսքը հեռավոր եւ նեղլիկ փողոցների մասին է, այլ ամենակենտրոնական փողոցների: Ինչպես ասում են՝ գնացեք Երեւան եւ հարցրեք ցանկացած վարորդի, տո՛ թեկուզ ցանկացած քաղաքացու, արդեն երկրորդ օրն է՝ որեւէ մաքրած փողոց հանդիպել են, թե ոչ: Արդեն երկրորդ օրն է, անգամ հատուկ ամանորյա գիշերներն աշխատող տաքսիստները հատուկ հարցնում են՝ որտեղ եք գնալու, եւ պատճառն էլ միայն մեկն է՝ նույնիսկ գումարը չի շահագրգռում այդ մարդկանց, ասենք՝ Կիեւան փողոցից Կոմիտաս բարձրանալ, որովհետեւ անգամ ձմեռային անվադողերը նրանց չեն փրկում, մեքենան ուղղակի սահում է փողոցի մեջտեղում: Եւ դա այն դեպքում, երբ, ինչպես արդեն հիշատակեցինք, քաղաքապետարանը պնդում է, թե արտակարգ ռեժիմով մաքրում է աննախադեպ ձյունը: Ընդ որում, աննախադեպ միայն քաղաքապետարանի համար, որը մինչեւ ձյան տեղումները պնդում էր, թե իրենք պատրաստ են մաքրման աշխատանքներին, համապատասխան տեխնիկան կա, անհրաժեշտ նյութերն էլ գնել են: Ինչով են գնել՝ պարզ է, հարկատուներիս փողերով, բայց թե այդ գումարներն իրականում ուր են գնացել, մնում է կռահել: Ուր ասես, բայց հաստատ՝ ոչ ձյունը մաքրելու վրա, որովհետեւ մենք ձյունից մաքրված փողոց դեռ չենք տեսել: Իսկ ինչի պիտի տեսնենք: Իշխանության ներկայացուցիչները հիմա Դուբայի տաք արեւն են վայելում, իսկ երեւանցիները ստիպված են կռիվ տալ ձյան դեմ: 

Նախորդ հոդվածը‘Անրին «Ման. Յունայթեդը» ղեկավարությանը կոչ է անում հեռացնել Լուի վան Գալին և հրավիրել Մոուրինյուին’
Հաջորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից. Առաջին նախագահի գրասենյակ’