‘Ինչպես են ԱԻՆ-ի մասնագետները մեկնաբանում եղանակային փոփոխությունները Հայաստանում ‘

1299

2013 թ. դեկտեմբերի 14-ից մինչև հունվարի 13-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի հովիտներում և Մեղրու հատվածում   դիտվել է մառախուղ, ջինջառ և մերկասառույց: Օդի ջերմաստիճանը, սկսած դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ը, աստիճանաբար նվազեց և ամսվա վերջին հասավ իր նվազագույն արժեքին` Արարատյան դաշտում և դրա նախալեռներում գիշերը հասնելով -15…-200C, ցերեկը` -14…160C: Օդի առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային առանձին շրջաններում, Լոռիում, Տավուշում և  Սյունիքում, հատկապես ցերեկը, 15-200C-ով  ավելի բարձր էր, քան Արարատյան դաշտում: Վերջապես հունվարի 27-ին Միջերկրական ծովի շրջաններում ձևավորվեց ցիկլոն, որը հունվարի 1-ի գիշերն Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում պայմանավորեց ջերմաստիճանի կտրուկ բարձրացում 7-90C-ով: Հունվարի 3-ից, երբ ցիկլոնային դաշտն իր տեղը զիջեց անտիցիկլոնին, դիտվեց մառախուղի ուժգնացում և ջերմաստիճանի որոշակի նվազում:

Հերթական էական փոփոխությունը դիտվեց հունվարի 14-ի գիշերը, երբ Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք ներթափանցեց ցիկլոնային դաշտ, դիտվեց ձյուն,  քամիների ուժգնացում և օդի տուրբուլենտականության զգալի մեծացում` ցրելով մառախուղը:

Օգտվելով առիթից փորձենք ներկայացնել ինչ է եղանակը և վերլուծել վերջին մեկ ամսվա ընթացքում Արարատյան դաշտում և Երևան քաղաքում դիտված եղանակային պայմանները:

Եղանակը ձևավորվում է մթնոլորտի գլոբալ շրջանառության արդյունքում, հորիզոնական ուղղությամբ ընդգրկելով հազարավոր կիլոմետրեր, ուղղահայաց տարածվելով մինչև 15-20 կմ բարձրություն: Եղանակի ձևավորման վրա էական ազդեցություն են ունենում արեգակնային ճառագայթումը, ջրային և ցամաքային մակերևույթների դասավորությունը, օվկիանոսային հոսանքները, տեղանքի ռելիեֆը և ծովի մակերևույթից   ունեցած բարձրությունը:

Սովորաբար միջին օրական ջերմաստիճանի անցումը 00C-ից ցածր ընդունված է համարել ձմեռվա սկիզբ: Երևան քաղաքի սահմաններում այն տեղի է ունենում դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին: Ձմեռվա տևողությունը կազմում է 75-85 օր: Ձմեռը Երևանում չափավոր ցուրտ է: Միջինը 55 օր ցերեկը լինում է դրական ջերմաստիճան, չափավոր ցուրտ եղանակը տևում է 36 օր, իսկ օրերի 8 տոկոսի ընթացքում դիտվում են զգալի սառնամանիքներ:

Ձմռանը միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 2-2.50C ցրտի, հունվարը ամենացուրտ ամիսն է, սակայն դիտարկումների ամբողջ ընթացքում դեպքերի 42 տոկոսում ամենից ցուրտ եղել է փետրվարը: Մթնոլորտային շրջանառության առանձնահատկությունների և Արարատյան դաշտի ֆիզիկաաշխարհագրական պայմաններից ելնելով միջին ամսական ջերմաստիճանը կարող է զգալիորեն շեղվել բազմամյա միջին մեծությունից: Այն դեպքում, երբ ջերմաստիճանի շեղումները բազմամյա միջինը չեն գերազանցում  1.50C-ով,  համարվում է միջին ձմեռ: Դրանց քանակը կազմել է ընդհանուրի 32 տոկոսը: Ցուրտ և տաք ձմեռները (շեղումը` 1.50C-ից մինչև 4.60C) կազմել են համապատասխանաբար` 25 և 29 տոկոս, շատ ցուրտ և շատ տաք ձմեռները (շեղումը` 4.70C և ավելի)` միջինում 7 տոկոս: Ձմռանը Երևանում լավ արտահայտված են լինում ջերմաստիճանային ինվերսիաները, այսինքն, երբ ըստ բարձրության ջերմաստիճանները ոչ թե իջնում են, այլ` բարձրանում: Ինվերսիայով պայմանավորված` քաղաքի բարձրադիր մասերում հաճախ ավելի տաք է լինում, քան հարավային ցածրադիր մասերում, և այդ տարբերությունը հասնում է 5-70C:

Ձյան ծածկը Երևանում սովորաբար առաջանում է դեկտեմբերի կեսերին և վերանում մարտի սկզբներին: Սակայն կայուն ձնածածկ լինում է միայն ձմեռների 50 տոկոսի  դեպքում: Դրա առավելագույն տասնօրյակային բարձրությունը կազմել  է 58 սմ:

Ձմեռների ցուրտ լինելու աստիճանը զգալիորեն պայմանավորված է ձնածածկույթի առկայությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ ձմռան սկզբին կամ դրա առաջին կեսում դիտվում է զգալի ձնածածկ, այն բավական հաճախ բերում է մնացած ամբողջ ժամանակահատվածում ցուրտ եղանակի: Ձնածածկույթը նաև պայմաններ է ստեղծում Հայկական լեռնաշխարհի տարածքում լոկալ անտիցիկլոնի առաջացման համար, որը միջլեռնային գոտիներում առաջացնում է ցուրտ օդի լճացում և մառախուղ:

Ձմեռային մառախուղները պայմանավորված են Հայկական լեռնաշխարհի տարածքում  ձևավորված լոկալ անտիցիկլոնի կենտրոնական հատվածներում դիտվող բավականին լավ արտահայտված  ջերմաստիճանային ինվերսիաներով: Այն է` գետնամերձ շերտում առաջանում է ավելի ցածր ջերմային ֆոն, քան մթնոլորտի 1500-3000 մ բարձրություններում: Արդյունքում` առաջանում է ջրային գոլորշու խտացում և ցածր ամպամածություն ու մառախուղ: Դրանք սովորաբար պահպանվում են 7-10 օր, առանձին դեպքերում` 15-20 օր, հազվադեպ` ավելի երկար:

Ինվերսիայի ձևավորման առաջին երկու օրերին մառախուղը հիմնականում ընդգրկում է Արարատյան դաշտի ամենացածրադիր` 850-900 մ բարձրությունները: Այնուհետև` ջերմային հաշվեկշռի բացասական լինելու պատճառով օր օրի ջերմաստիճանը  նվազում է 1-20C, և ինվերսիայի ստորին սահմանը սկսում է բարձրանալ, որն ուղեկցվում է մառախուղի ստորին սահմանի բարձրացմամբ: Ինվերսիայի ձևավորման 4-5-րդ օրը  մառախուղի ստորին սահմանը տարածվում է մինչև 1300-1500 մ բարձրությունները, Արարատյան դաշտի ցածրադիր հատվածների համար դառնալով արդեն բարձրացած մառախուղ: 850-1500 մ բարձրությունների վրա դիտվում է հոմոթերմիա (անփոփոխ ջերմաստիճան), իսկ 1500 մետրից բարձր` ջերմաստիճանի աճ: Նման պայմաններում առաջանում է ջինջառ և մերկասառույց, որի տրամագիծը հաճախ հասնում է 3-4 սմ: Ինվերսիան և մառախուղը պահպանվում են այնքան ժամանակ, մինչև հանրապետության տարածքով անցնում են զարգացած ճակատային կտրվածքներ,  որոնք ուղեկցվում են  քամիներով և տեղումներով:

Այն թյուր կարծիքը, որ կարելի է հրավառության կամ այլ ներգործությունների միջոցով ցրել մառախուղը, առաջացնել եղանակի տաքացում, մեղմ ասած` զառացանք է: Հրավառությունը  չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ 300 կմ հորիզոնական և 800 մ ուղղահայաց ձգվածություն ունեցող մառախուղային ամպի վրա: Ավելին` այն միայն  բացասական ազդեցություն է ունենում, քանի որ իրենից ներկայացնում է քիմիական նյութերի արտանետում դեպի մթնոլորտ: 

ԱԻՆ լրատվական ծառայություն

Նախորդ հոդվածը‘Քաղաքագիտության այբուբենը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ գործող նախագահն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին’