‘Ինչպես են ապրում մեր գեներալները. Ս.Սարոյանի եկամուտը 2011 թ. կազմել է 1մլրդ 611 մլն 924 հազար 442 դրամ’

1246

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անկուսակցական անդամներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեդրակ Սարոյանը թանկարժեք գույքի սիրահարներ չեն: Դա են, համենայն դեպս, վկայում նրանց կողմից նախընտրական շրջանում ներկայացված հայտարարագրերը:

Ըստ «Parliamentmonitoring.am» կայքում տեղադրված հայտարարագրերի՝ իր գործընկերոջից ավելի երիտասարդ և կոչումով ավելի ցածր` գեներալ-մայոր Ս.Սարոյանն ավելի շատ անշարժ գույք ունի: Նա հայտարարագրել է 6 բնակելի տարածք` 2796,55 քմ ընդհանուր մակերեսով, և 10 հողամաս: Ս.Սարոյանն անշարժ գույք ունի նաև Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, ոչ գյուղատնտեսական նշանակության 2 հողատարածք` Ազատության պողոտայում:

Գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող Մանվել Գրիգորյանը հայտարարագրել է 2 բնակելի տարածք` 1422,9 քմ մակերեսով, և 3 հողատարածք` 28,03 հա ընդհանուր տարածքով:

Մանվել Գրիգորյանն ունի 2 ավտոմեքենա («Ֆորդ էկոնոլին» և «ԳԱԶ-12»), իսկ Ս.Սարոյանը` «ՀԱՄՄԵՐ-H2» մակնիշի մեկ մեքենա:

Ս.Սարոյանը հաշվետու տարում նաև ավելի մեծ եկամուտ է ունեցել` 1 մլրդ 611 մլն 924 հազար 442 դրամ, որից՝ պատգամավորի աշխատավարձը` 3 մլն 78 հազար 210 դրամ, մնացածը ` եկամուտ գույքի օտարումից ու փոխառություններից: Մ.Գրիգորյանի տարեկան եկամուտը կազմել է 147 մլն 995 հազ. 510 դրամ, որը գոյացել է զինվորական թոշակից և շահաբաժնից:

Ս.Սարոյանի դրամական միջոցները, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 47 մլն ՀՀ դրամ և 884 ԱՄՆ դոլար են, իսկ Մ.Գրիգորյանինը` 3 մլն 900 հազ. դրամ:

Մ.Գրիգորյանն ունի 100% բաժնետոմս «Կուարլինի» ՍՊԸ-ում, իսկ Ս.Սարոյանը` 33% ներդրում «Սարկոպ» հայ-ռուսական ՍՊԸ-ում:

Աղբյուրը՝ Փաստինֆո

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, պաշտոնական Բաքուն վրդովված է’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Տնտեսական ճգնաժամը մնացել է ՀՀ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքում’