‘Ինչպես են արտադրվում հայկական գորգերը (ֆոտոռեպորտաժ)’

4234

Արդեն շուրջ 15 տարի է՝ Թումանյան փողոցում գործում է գորգերի արտադրությամբ զբաղվով Tufenkian Artisan Carpets ընկերությունը: Գորգերի արտադրության համակարգող Լուսինե Բագինյանը պատմում է, որ իրենց գորգերի պահանջարկը մեծ է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

«Հիմնական մեր պատվերը ստանում ենք Նյու Յորքի մեր գլխավոր գրասենյակից:  Գորգերն այստեղ արտադրվում են, մշակվում են, լվացվում և արտահանվում են: Ունենք նաև տեղական պատվիրատուներ: Պատվիրում են գորգ՝ ըստ իրենց ցանկացած չափսի, գույնի, բայց ունենք նաև մեր ցուցասրահում ընդունված չափսերով, գույներով գորգեր: Դա մեր հիմնական գորգերի հավաքածուն է: Ունենք բավականին ճանաչված պատվիրատուներ: Շառլ Ազնավուրն է մեր գորգերից գնել տարիներ առաջ»,- պատմում է Բագինյանը:

Մինչև գորգը վերջնական տեսքի գա, այն մի քանի փուլեր է անցնում՝ դիզայներներ, տեխնիկական խումբ, գորգագործներ, վերամշակող խումբ, իսկ վերջին փուլում գորգերը լվացվում, խուզվում ու մաքրվում են:

Գորգագործներից Անուշ Սարգսյանը գորգագործություն սովորել է 8 տարեկանից, աշխատում է շուրջ 15 տարի:

«Ինչքան գորգը բարդ է, այդքան հաճելի է գործել: Սովորել եմ Արծվաշենում, որ հիմա Ադրբեջանի կազմում է գտնվում: Մայրս է սովորեցրել: Մեխանիկական աշխատանք է, երբեմն թվում է, թե հոգնել ես, բայց անմիջապես անցնում է  հոգնածությունդ»,- ասում է տիկին Անուշը:

Հռիփսիմե Առաքելյանն էլ է մանկության տարիներին գործել սովորել, սակայն միայն 40 տարեկանում է սկսել գորգագործությամբ զբաղվել:

«Ունեմ իմ պատրաստի աշխատանքերը տանը: Էջմիածնի եկեղեցին եմ գործել, Հայաստանի գերբն եմ գործել»,- նշում է նա: 

Նախորդ հոդվածը‘Սդրբեջանում ԱՄՆ դեսպանատուն. ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում բացել Հայաստանի հետ սահմանը’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդարանականները տեղյակ չեն Սերժ Սարգսյանի ստեղծած աշխատանքային խմբի մասին’