‘Ինչպես են ՀՀ-ում անցել նախագահական ընտրությունները՝ ըստ ԵՊՀ-ի ‘

4191

Կեղծել, քանի դեռ հնարավոր է

ՉԻ-ն արդեն անդրադարձել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի կողմից հրատարակված «Հայոց պատմություն» դասագրքին, որտեղ, ըստ էության, խեղաթյուրված են ներկայացված ոչ միայն մարտիմեկյան դեպքերը, այլեւ՝ վերջին 20 տարվա Հայաստանի պատմությունը: Գրքի այդ բաժինը, հիշեցնենք՝ հեղինակել է ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, գիրքը խմբագրել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայրը՝ Հրաչիկ Սիմոնյանը:

Գրքում վերջին 20 տարվա պատմությունը ներկայացված է այնպես, որ կարելի է տասնյակ առանձին-առանձին անդրադարձներ կատարել: Այս անգամ, թերեւս, խոսենք նախագահական ընտրությունների մասին: Բանն այն է, որ այս դասագրքում նախագահական ընտրությունները ներկայացված են բավականին զարմանալի ձեւով. այն ընտրությունները, որոնց մասնակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, հեղինակները ներկայացրել են մանրամասն, եւ որ ամենազավեշտալին է՝ ինչ-ինչ մեղադրանքներ ներկայացնելով վերջինիս՝ թե՛ որպես իշխանություն, թե՛ որպես ընդդիմություն: Իսկ ահա մյուս նախագահական ընտրությունները հիշատակվում են գրեթե հպանցիկ՝ անցկացվել են այսինչ թվականին, մասնակցել են այսինչ անձինք, հաղթել է այսինչ անձը: Եւ վերջ:

1991 թվականի ընտրություններ

Ահա թե ինչպես են գրքում հիշատակվում առաջին նախագահական ընտրությունները. «Նախկին խորհրդային հանրապետությունների օրինակով Հայաստանում եւս մտցվեց նախագահական կառավարման համակարգ: 1991 թվականի հոկտեմբերի 16-ին այստեղ առաջին անգամ անցկացվեցին նախագահական այլընտրանքային ընտրություններ՝ 6 թեկնածուների մասնակցությամբ: Արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանը: …Այսպիսով, խորհրդարանում առավել շատ տեղեր ստանալու ձգտումով իշխող կուսակցությունները, որպես կանոն (ՀՀՇն՝ սկզբում, իսկ ապա մյուսները՝ հետագայում), խախտում էին օրինականությունը, կատարում անարդար ու անթույլատրելի գործողություններ, որով ժողովրդի աչքում կորցնում էին վստահությունն ու հեղինակությունը: Ավելին, լայն ծավալներ ընդունեցին քաղաքական հակառակորդների դեմ բռնաճշնումները: Հաճախակի տեղի էին ունենում սպանություններ: Ելուզակային խմբերի կողմից պատվերով կատարած արյունալի հաշվեհարդարի զոհեր էին դառնում օրվա իշխանավորների համար անհաճո պաշտոնյաները, քաղաքական հակառակորդները, նույնիսկ՝ շարքային անմեղ մարդիկ»:

1996 թվականի ընտրություններ

«1996-ի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ. «Հանրապետություն» միավորումը առաջադրել էր Հանրապետության նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանի, իսկ քաղաքական 5 կուսակցություններ միավորող ընդդիմությունը՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Երկրորդ անգամ հանրապետության նախագահ ընտրվեց Լ. ՏերՊետրոսյանը: Այդ ընտրություններից հետո է՛լ ավելի խստացան իշխանությունների ու հասարակության միջեւ հակասությունները: Դժգոհելով նախագահական ընտրությունների արդյունքների բացահայտ կեղծումից՝ ժողովուրդը դուրս եկավ հանրահավաքների ու ցույցերի՝ պահանջելով անցկացնել կրկնակի ընտրություններ: 1996 թվականի սեպտեբերի 25-ի հանրահավաքը վերածվեց հանրապետության Ազգային ժողովի շենքի վրա գրոհի: Այս առիթն օգտագործելով՝ իշխանություններն ընդդիմության դեմ անցան վճռական գործողությունների: Սկսվեցին նրա առաջնորդների ու ակտիվիստների ձերբակալություններ, բռնություններ եւ պատվիրված քաղաքական դատավարություններ: Հանրապետությունում արգելվեցին հանրահավաքներն ու ցույցերը: 1997 թվականի նոյեմբերին Լ. ՏերՊետրոսանի նախաձեռնությամբ Երևան տեղափոխվեց Արցախի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նշանակվեց ՀՀ վարչապետ: Ի վերջո, տեւական առճակատումը հանգեցրեց գործող նախագահի հրաժարականին»:

1998 թվականի արտահերթ ընտրությություններ

Այս եւ հաջորդ ընտրությունները ներկայացված են ընդամենը երկուական նախադասությամբ: Ոչ մի խոսք կեղծիքների, լցոնումների, բռնությունների, ահակաբեկումների, դժգոհությունների, զանգվածային ցույցերի, ձերբակալությունների ու ծեծուջարդի, անօրինական հետապնդումների մասին: Գրքում գրված է միայն սա. «1998 թվականի մարտին արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ հիմնական պայքարը ընթանում էր ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքական ասպարեզ վերադարձած ՀԿԿ կոմկուսի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի միջեւ: Հանրապետության նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը»:

2003 թվականի ընտրություններ

«ՀՀ նախագահական չորրորդ ընտրություններն անցկացվեցին 2003 թվականի փետրվարի 19-ին, երկրորդ փուլ դուրս եկան գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ միացյալ ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը: Նախագահ վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը»:

2008 թվականի ընտրությունները ներկայացված են առավել մանրամասն եղանակով, սակայն, ինչպես արդեն նշեցինք, նորից կեղծված: Տպավորություն է, որ դասագրքի հեղինակների հիմնական խնդիրը ոչ թե պատմությունը շարադրելն է եղել, այլ՝ քաղաքական իրադարձություններն ըստ սեփական հայեցողության եւ իշխանություններին հաճո եղանակով ներկայացնելը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մասին գրքում նշվում է. «Նախագահական հինգերորդ ընտրությունները անցկացվեցին 2008 թվականի փետրվարի 19-ին: Թեկնածուների մեջ էին հանրապետության առաջին նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը (52, 82 %) ձայնով, իսկ Լևոն ՏերՊետրոսյանը ստացավ (21, 51%) ձայն: Ընտրությունները դիտարկող մի շարք երկրների ներկայացուցիչներ արձանագրել էին առանձին, ոչ էական խախտումներ ու թերություններ։ ԵԽԽՎ   1609 բանաձևում արձանագրվել էր, որ չնայած դրան, ընտրությունները հիմնականում անցկացվել են «Եվրոպայի խորհրդի չափանիշների համաձայն»։ Կոպտորեն մերժելով ընտրությունների արդյունքները, ընդդիմության արմատական թևը, իշխանությունների ամենաթողության պայմաններում արհամարհանքով խախտելով օրենքով սահմանված կարգը, փետրվարի 20-ից Երեւանում սկսեց հանրահավաքների շարք: Հետընտրական այդ օրերին ավելի լարվեց  ու շիկացավ նախընտրական քարոզչության փուլում ձևավորված մթնոլորտը, որի պայմաններում մեծապես խորացել էր անհանդուրժողականությունն ու անվստահությունը տարբեր խավերի ու խմբերի միջեւ, հասարակությունը երկփեղկվել և բեւեռացել էր վախի, ատելության ու թշնամանքի ազդակների ներքո։ Ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին նախագահի մյուս թեկնածուներին համագործակցության կոչ արեց, իսկ փետրվարի 29-ին քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրեց նախագահական ընտրություններում երրորդ տեղ գրաված թեկնածուի հետ։Առաջացած անվստահության մթնոլորտում արմատական գործելաոճ որդեգրած Լ. ՏերՊետրոսյանի կողմնակիցների արհամարհանքին էին հանդիպում տարբեր հասարակական կազմակերպությունների, արվեստի ու գիտության գործիչների, հայոց կաթողիկոսի հանդուրժողականության կոչերն ու հայտարարությունները։ Հայաստանյաց Աոաքելական եկեղեցու թեմակալ աոաջնորդների և եպիսկոպոսների փետրվարի 29-֊ի ժողովը ուղերձ հղեց ժողովրդին` հորդորելով պահպանել ողջամտության ու խոհեմության ոգին, լինել օրինապահ, չհետևել ատելություն և թշնամանք հրահրողներին, յուրաքանչյուր քայլ կատարել երկրի հեղինակության, նրա ժողովրդի ներկայի և ապագայի հանդեպ լուրջ մտահոգությամբ:…Փետրվարի 20-֊29–ին Ազատության հրապարակում հնչող քարոզչության մեջ հստակ առանձնանում էին իշխանությունների կողմից «ժողովրդի վրա բռնության», ընտրակեղծիքների, «ժողովրդի թեկնածուի» տարած հաղթանակին տեր կանգնելու, գործող իշխանության նկատմամբ մինչև վերջ անհանդուրժող լինելու կարգախոսներ։ Զանգվածների հուզական տրամադրությունն ավելի  սրելու համար ԼևոնՏեր Պետրոսյանն ու նրա կողմնակիցները անում էին «իշխանավորներին պատժելու» զանազան հայտարարություններ. «Եթե մեր ներկայացված պահանջները չկատարվեն ժամանակին, մենք կանենք այն, ինչ պետք է անենք», «որևէ մեկը չի կարող մեզ կանգնեցնել, «ժողովուրդն ինքը պետք է կամք ունենա պատժելու հանցագործներին»։… Մարտի 1-ի առավոտյան ՀՀ ոստիկանության կողմից տեղանքի զննման և հասարակական կարգի պահպանման նպատակով Ազատության հրապարակում ձեռնարկված միջոցառմանը զանգվածային անկարգությունների կազմակերպիչներն ու մասնակիցները պատասխանեցին դիմադրությամբ՝ երկաթե ձողերով, քարերով ու փայտերով։ Շուտով բողոքող զանգվածը տեղափոխվեց քաղաքապետարանի մոտ, ուր գործողությունները զարգանալով՝ կեսօրից հետո վերածվեցին ջարդարարության ու թալանի։ Անկարգությունների ղեկավարի և կազմակերպիչների կոչերով ամբոխը սկսեց ավերներ գործել։ Ջարդուփշուր արվեցին անձնական օգտագործման շուրջ 100 ավտոմեքենա, ավտոբուսներ, տրոլեյբուսներ, ավերվեց մերձակայքում գտնվող «Մոսկվայի տունը», «Վիվասել» ընկերության վարչական շենքը, կողոպտվեցին խանութներ և գրասենյակներ։ Ավելին, ցուցարարները սկսեցին հարձակումներ գործել ոստիկանների վրա։  Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքում զոհվեց 10 հոգի՝ ոստիկանության երկու աշխատող և ութ քաղաքացիական անձ։ Ծավալված իրադարձությունների ընթացքում վիրավորվեց ոստիկանության 220 աշխատակից, 200-ից ավելի քաղաքացիական անձինք։ Զանգվածային անկարգությունները շարունակվեցին նաև մարտի 2-ին։ Մարտի 1-ի երեկոյան ՀՀ դեռևս գործող նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով Երևան քաղաքում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն` Սահմանադրական կարգին սպառնացող վտանգները կանխելու, բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով։ Ակնհայտ է, որ դա պարտադրված քայլ էր, միակ ելքը՝ իրավիճակից դուրս գալու։ Հրամանագրում նշվում էր. «ՀՀ նախագահի թեկնածու Լ. ՏերՊետրոսյանի կողմնակիցներր շարունակում են վիճարկել ընտրությունների ելքն ապօրինի միջոցներով։ Ընդդիմության ներկայացուցիչների մի խումբ մարտի 1-ին անկարգություններ են իրականացրել Երևանի կենտրոնում՝ պատճառելով վնաս քաղաքացիների և պետության գույքին, ինչպես նաև ստեղծելով ուղղակի սպառնալիք քաղաքացիների անվտանգությանը, ինչը վիճակը դարձնում է անվերահսկելի։ Այդ գործողությունների թիրախր ՀՀ ձեռք բերած կայունությունն է, իսկ հետևանքը՝ միջազգային հեղինակության խաթարումը»։ Իհարկե, եթե հրամանագիրն ավելի վաղ հայտարարվեր, երբ տեղի էին ունեցել առաջին կրակոցներն ու մահվան դեպքերը, գուցե հնարավոր լիներ խուսափել ծանր հետևանքներից։ Սպանված անձանց գործի քննության համար հարուցվեց քրեական գործ։ Անկարգությունների կազմակերպիչներին, հրահրիչներին պատասխանատվության ենթարկելու համար կատարվեցին ձերբակալություններ և բանտարկություններ …»:

Հ.Գ. Ինչպես հայտնի է՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե պատմության հայտնի դասագրքում ոչ մի բառ չի փոխվելու: Աշոտյանի այս արձագանքը բնական է, պատմությունը ներկայացված է այնպես, ինչպես հաճո է իր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին: Սակայն Արմեն Աշոտյանը թերեւս ճիշտ կանի՝ քանի դեռ ուշ չէ, վերջապես հիշի, որ ինքը ՀՀԿ-ական լինելուց զատ՝ նաեւ ԿԳ նախարար է, եւ կատարի իր պարտականությունները: Հակառակ պարագայում՝ ինչպե՞ս են սույն պարոնայք արդարանալու ժողովրդի առաջ իշխանափոխությունից հետո:

 Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարան. Ձյուն մաքրող մեքենաներ չեք տեսնում, որովհետև դրանք գիշերն են աշխատում ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Աշոտյան. Մեզ մոտ այսօր հասարակությունը քիչ է կարդում, քիչ է սովորում’