‘Ինչպես են «Սերիա Ա-ի» թիմերը պատրաստվում ավարտել Յուվեի գերիշխանությունը’

977

Եթե 2011-2012 մրցաշրջանումթուրինյան ակումբը, որոշ առումով՝ անակնկալ կերպով «Միլանից» խլեց «Սկուդետտոն», ապա նախորդ մրցաշրջանի սկզբից նրանք այդպես էլ մրցակից չունեցան չեմպիոնության համար պայքարում: «Միլանին» սեփական երկրպագուներն էին «թաղում», «Ինտերը» շարունակում էր տառապել Ստրամաչոնիի ձեռքին, իսկ Մացարիի «Նապոլիին» չեմպիոններ էին պակասում: Այլ թիմերից՝հռոմեականները ամիսը մեկ էին փայլում, իսկ «Ֆիորենտինան» ՉԼ-ի գոտուց ավելիին չէր հավակնում:

Այս ամռանը ևս թուրինցիները ամրապնդվում են այնպիսի խաղացողներով, որոնց կարիքը ունեն, բայց «Սերիա Ա-ի» այլ թիմերի երկրպագուները հուսով են, որ այս տարի կավարտվի Կոնտեի տղաների գերիշխանությունը: Տեսնենք, թե ինչպիսի փոփոխություններ են գրանցվել բոլոր այն թիմերում, որոնք հավակնում են «Սկուդետտոյին»:

«Ռոմա». Զդենեկ Զեմանից հետո սկսեց թվալ, որ Լուիս Էնրիկեն ամենահարմար մասնագետն էր, և սխալ էր նրանից հրաժարվելը: Այժմ թիմը գլխավորում է «Լիլին» չեմպիոնության հասցրած Ռուդի Գարսիան, ում նույնպես կարելի է համարել «Ռոմային» հարմար մասնագետ: Տեղի ունեցած տրանսֆերներից կարելի է առանձնացնել Կևին Ստրուտմանին, ով նախընտրեց Հռոմը Մանչեստերից: Բացի նրանից՝ «Ռոման» ստորագրել է երեք պաշտպանների՝ Մայկոնին, Բենատիային և Էդվային՝ փոխարենը կորցնելով Եվրոպայում հանդես եկող լավագույն երիտասարդ պաշտպաններից մեկին՝ Մարկինյոսին, որի տրանսֆերից ստացած 31 մլն €-ն դեռ կարելի է խելացի ծախսել: Ռուդի Գարսիան ցանկանում է «Լիլից» գնել Մավուբային: Հարցական է մնում նաև Դե Ռոսսիի և Օսվալդոյի ապագան:

Իրական հավակնությունները 2013-2014 «Սերիա Ա-ում»՝3-րդ տեղ:

«Ինտեր». «Մոուրինյոյի թողած ավերակները կարգի բերելու համար Մորատտիի թիմում հեղափոխություն է անհրաժեշտ»: Այս նախադասությունը արդեն երկու, նույնիսկ երեք մրցաշրջան է, ինչ լսվում է Միլանյան թիմի հասցեին, բայց Մորատտին միայն այս ամռանը որոշեց գործել: «Ինտերի» նախագահը պատրաստ է վաճառել ակումբը, բայց կարծես թե ոչ ամբողջությամբ, ինչին էլ դեմ է գլխավոր հավակնորդ ինդոնեզացի գործարար Էրիկ Տոխիրը: Իսկ մինչ բանակցությունների ավարտը Մորատտին վերջապես հզոր մասնագետ է գտել, ում համար դեռևս չի կարողանում անհրաժեշտ կադրեր գնել: Մացարին այդքան էլ տխուր չէ Կասանոյի թիմը լքելուց, քանի որ ունի Մաուրո Իկարդի: 51-ամյա մասնագետնիր հետ «Նապոլիից» կբերի «3-5-2-ը», արդեն բերել է Կամպանյարոյին ևհուսով է՝ նաև Ինլերին և Ցունիգային: Բոլորը հասկանում են, որ այդ ամենը հնարավոր կլինի միայն Տոխիրի հետ:

Իրական հավակնությունները 2013-2014 «Սերիա Ա-ում»՝3-րդ/4-րդ տեղ:

«Ֆիորենտինա». ԷմիլիանոՄանդանիկոն կարծում է, որ նրա նախկին թիմը զիջում է միայն «Յուվենտուսին»: Այդպես է դա, թե ոչ՝ կտեսնենք մրցաշրջանի ընթացքում, որից առաջ «Մանուշակները» իրոք փայլուն տեսք ունեն: Որքան էլ որ ցավոտ էր Յովետիչի տեղափոխությունը, բայց վաղուց արդեն եկել էր պահը, որպեսզի չեռնոգորցին ավելի հզոր թիմ տեղափոխվի: Ստեֆանի փոխարեն՝ նրանք ձեռք բերեցին Մարիո Գոմեսին, ում ինքը Գվարդիոլան էր խորհուրդ տվել տեղափոխվել Ֆլորենցիա: Ամբրոզինին և Խոակինը կավելացնեն թիմի փորձառությունը, որը ներկայիս իտալացի լավագույն մարզիչներից մեկի՝Մոնտելայի գլխավորությամբ, ամենաքիչը պետք է 3-րդ տեղին հավակնի:

Իրական հավակնությունները 2013-2014 «Սերիա Ա-ում»՝ 2-րդ տեղ:

«Նապոլի». Առանց Մացարիի և առանց Կավանիի: Եթե այսպես վերնագրվեր «Նապոլիի» նոր մրցաշրջանը այն կարող էր որպես տապալվելու վճիռ թվալ, իսկ ի՞նչ՝ եթե թիմը լքեն նաև Ցունիգան, Ինլերը: Թվում է անելանելի իրավիճակ, բայց իտալական ամենակրիմինալ քաղաքներից մեկում գիտեն՝ ինչպես գումար ծախսել: Կավանիի տրանսֆերից ստացած 64 մլն €-ով «Նապոլին» արդեն իսկ ձեռք է բերել Գոնսալո Իգուաինին, Պաբլո Արմերոյին, Դրիս Մերտենսին, Ռաուլ Ալբիոլին և Կալյեխոնին:Բացի այդ՝ Դե Սանկտիսին փոխարինելու համար «Սանտոսից» գնել են դարպասապահ Ռաֆայել Կաբրալին և վարձակալել Պեպե Ռեյնային: Եվ այս թիմը գլխավորում է Ռաֆա Բենիտեսը, ով փայլուն կերպով է կարողանում աշխատել իսպանական «Պրիմերայում» խաղացած ֆուտբոլիստների հետ: Բենիտեսի՝ «Ինտերում» անհաջող փուլից հետո մասնագետները կասկածում են նրա՝Իտալիայում սպասվող հաջողություններին, բայց պետք է հիշել, որ «Ինտերում» պահանջները այդ ժամանակ շատ բարձր էին, իսկ թիմը բոլորովին չէր համապատասխանում նրանց: Նեապոլում նրան թույլ կտան աշխատել, իսկ մինչ տրանֆերային պատուհանի փակվելը առաջարկում են ընտրել Ալեքսիս Սանչեսի և Ջեքսոն Մարտինոսի միջև: Ակնկալիքները մեծ են, այդ թվում՝ նաև ՉԼ-ում:

Իրական հավակնությունները 2013-2014 «Սերիա Ա-ում»՝ Չեմպիոն

«Միլան».Անցյալ մրցաշրջանի երկրորդ հատվածում թիմը վերելք ապրեց Բալոտելլիի և նրա հետ «եկած» 11 մետրանոցների շնորհիվ, իսկ ի՞նչ է սպասվում հիմա: Թիմի բոլոր մրցակիցներն ավելի են հզորացել, իսկ Ալեգրիի թիմը դեռևսորևէ ձեռքբերում չի կատարել, և բացի Հոնդայից՝ ուրիշ մեկի անունը չի էլ շոշափվում, այնինչ՝ թիմին անհրաժեշտ է ուժեղացնել բոլոր դիրքերը: Նոր մրցաշրջանում թիմի վատ ելույթների համար նորից գլխավոր մարզչին մեղադրելը սխալ կլինի, մնում է հուսալ, որ մնացած մեկ ամսում Անիելլին որոշ կարևոր ձեռքբերումներ, այնուամենայնիվ, կկատարի, այլապես միայն Բալոտելլին և Էլ Շարավին «Սկուդետտո» չեն կարողանա նվաճել:

Իրական հավակնությունները 2013-2014 «Սերիա Ա-ում»՝ 2-րդ/3-րդ տեղ:

Նախորդ հոդվածը‘Հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինվորի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը. Սենոր Հասրաթյան’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Աննախադեպ» հաղթելու արանքներում մեկ-մեկ էլ մտածեք’