‘Ինչպես եւ երբ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններն ըստ Ռուստամյանի ‘

2083

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ չի կարծում, թե արտահերթ ընտրությունները բխում են ՀՀԿ-ի շահերից, քանի որ իրենց պահվածքից, եւ նաեւ, եթե իրենց հայտարարությանը հակառակ քայլ անեն երկրորդ անգան, ապա պարզ չէ, թե այդ քաղաքական ուժն ինչ ռեսուրսով պիտի մասնակցի այդ ընտրություններին:

Այսպես է Ռուստամյանը պատասխանել այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ՀՀԿ-ականները վաղը չքվեարկեն իրենց հայտարարության համաձայն, վիժեցնեն Փաշինյանի ընտրությունը, երկիրը վարչապետ չունենա, եւ օրենքի ուժով անցկացվեն արտահերթ ընտրություններ:

Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրությունների Փաշինյանի տարբերակին, որը պետք է անցկացվի իր ընտրությունից հետո, ապա Ռուստամյանի խոսքով, այդ արտահերթ ընտրությունների համար ինքնանպատակ ժամկետներ նշելը ճիշտ չէ, «որովհետև առնվազն մի քանի հարցեր անհրաժեշտաբար պետք է կատարվեն, որպեսզի այդ ընտրությունները բոլորի համար լինեն ընդունելի, և արդյունքներն, ինչպես նախորդ ընտրություններին են եղել հաճախ, կասկածի տակ չդրվեն»։

«Նախևառաջ պետք է Ընտրական օրենսգիրքը փոխվի, որը նույնպես ենթադրում է պրոցես՝ աշխատանք, սարքավորումները պետք է դրվեն, որոնք կբացառեն կրկնակի քվեարկություններն ամբողջ Հայաստանի տարածքով մեկ, սա նույնպես ենթադրում է աշխատանք։ Կարծում եմ, որ առաջին քայլերից մեկը պետք է նաև լինի այն, որ վարչապետի լիազորությունները պետք է պակասեցվեն, օրինակ՝ նախարարություն դառնան Ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը»,- ասել է Ռուստամյանը՝ հավելելով, որ մինչ այդ պետք է մեխանիզմներ ունենալ, որ կանխվեն ընտրակաշառքի դեպքերը, և նաև հավասար հնարավորություն ստեղծվի քաղաքական բոլոր ուժերի համար, որ իրենք կարողանան մասնակցել ընտրություններին։

Նա նշել է, որ քաղաքական ուժերը պետք է համախոհաբար որոշեն այդ ընտրություններն անցկացնելու «ողջամիտ ժամկետները»:  

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ժողովրդի ասած՝ ինչի՞դ վրա ես էդքան ուրախ’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ. ԱՄՆ-ի սադրանքները կասկածի տակ են դնում խաղաղության հեռանկարը’