‘Ինչպես էր Սերժ Սարգսյանը քնած «ընթերցում». նոր տեսանյութ’

6411

www.7or.am-ը գրում է, որ երբ բելոռուսական «ОНТ» հեռուստաընկերությունը Մինսկում անցկացված ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի քնած կադրը տեղադրել էր իր ռեպորտաժում, իշխանամերձ տիրույթից նախ ասացին, որ Սարգսյանը ոչ թե քնած է, այլ ուշադիր լսում է։ Դա Շարմազանովի օպերատիվ արձագանքն էր։

Հետո շրջանառության մեջ դրվեց ավելի «կրեատիվ» վարկած՝ «ընթերցանության» վարկածը։ Ու թեև պարզից էլ պարզ էր, որ նա իրոք քնած է, բայց իշխանության քարոզչամեքենան, սովորության համաձայն, որոշեց հերթական անգամ սևը սպիտակի տեղ անցկացնել, ու պնդել, թե մենք անչափ ընթերցասեր նախագահ ունենք, այնքան ընթերցասեր, որ գագաթաժողով–մագաթաժողով թողած՝ խորացել է ընթերցանության մեջ։

«Շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է: Մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է»,-Twitter-ի իր էջում շտապեց համոզել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:

Բայց եթե անգամ փորձենք հավատալ, ապա կստացվի, որ այդ գագաթաժողովը նկարահանած բոլո՛ր օպերատորների դիտանկյունն է ոչ պրոֆեսիոնալ։ Մասնավորապես, «mir24.tv»–ն տեղադրել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ուղիղ հեռարձակման ամբողջական՝ 56–րոպեանոց տեսագրությունը)։ Եվ ահա, դրանից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն մի կադրում և մեկ անգամ է նիրհել, այլ բազում անգամներ։

Սարգսյանն առաջին անգամ հայտնվում է տեսանյութի 04։40–րդ րոպեին։ Ամեն ինչ դեռ նորմալ է, բոլորն արթուն են։ Բայց ահա 06։56–րդ րոպեին ցուցադրվում է մեզ արդեն ծանոթ տեսարանը, երբ Բելառուսի նախագահի բացման խոսքի ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն մուշ–մուշ «ընթերցում» է։

Անամոթ օպերատորի ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունը ֆիքսում է նաև, թե ինչպես է 08։54–րդ րոպեին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքի ժամանակ, Սերժ Սարգսյանը քնից հանկարծ վեր թռնում, սրբում աչքերը, հետո ձեռքը մեկնում անձեռոցիկին։

Դրանից հետո բոլոր կադրերում հստակ երևում է, որ Սերժ Սարգսյանն արթուն է մինչև 24։53–րդ րոպեն։ Բաքու կատարած իր այցելության և Ադրբեջանի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքի ժամանակ Սերժ Սարգսյանին, կարծես, միայն մի բան է մտահոգում՝ հանկարծ չքնել։ Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, թե Սերժ Սարգսյանն ինչ տիտանական ջանքեր է գործադրում և ներքին կռիվ մղում «ընթերցելու» անհագ ցանկության դեմ։

37։50–րդ րոպեին կրկին օպերատորի «ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունն» իր չար կատակն է անում՝ Սերժ Սարգսյանի աչքերը գրեթե «խփվում» են։ Պարզապես, արդեն այս անգամ նա ձեռքը դրել է գլխի տակ, որ հանկարծ սեղանին չխփի ու լրիվ խայտառակ չլինի։

«Արթուն մնալ ամեն գնով» Սերժ Սարգսյանի պայքարը, փաստորեն, ահագին երկար է շարունակվում, բայց բնությունն ի վերջո անում է իրենը։ 51։54–րդ րոպեին ցուցադրվող կադրից պարզ երևում է, որ նա դեռ շարունակվում է «դանթել»:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Նախորդ հոդվածը‘Հայաստան է ժամանել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը’
Հաջորդ հոդվածը‘Սյունիքի մարզի դատախազն ազատվել է աշխատանքից’