‘Ինչպես է ԵՊՀ-ն կեղծում պատմությունը-2 ‘

1787

iLur.am-ն արդեն ներկայացրել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի կողմից հրապարակված «Հայոց պատմություն» դասագիրքը, որտեղ կեղծված տեղեկություններ էին հրապարակվել 2008-ի նախագահական ընտրությունների եւ մարտիմեկյան սպանդի վերաբերյալ:

Ստորեւ ներկայացնենք մի քանի կեղծված հատվածներ գրքից եւ զուգահեռաբար՝ իրական փաստերը: Մարտիմեկյան հատվածի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է: Գրքի համահեղինակներից են նաեւ ԵՊՀ ռեկտոր, ՀՀԿ-ական Արամ Սիմոնյանը, վերջինիս հայրը` Հրաչիկ Սիմոնյանը:

Այսպես, գրքում գրված է. 

«Ընտրությունները դիտարկող մի շարք երկրների ներկայացուցիչներ արձանագրել էին առանձին, ոչ էական խախտումներ ու թերություններ։ ԵԽԽՎ   1609 բանաձևում արձանագրվել էր, որ չնայած դրան, ընտրությունները հիմնականում անցկացվել են «Եվրոպայի խորհրդի չափանիշների համաձայն»։

ԵԽԽՎ թիվ 1609 (2008) բանաձեւում, սական, իրականում գրված է հետեւյալը.

«2008  թ.  փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան  նախագահական ընտրություններ: Չնայած որ դրանք  «անցկացվեցին  հիմնականում Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ»,  ընտրությունները դիտարկող Ժամանակավոր հանձնաժողովը   արձանագրեց մի շարք խախտումներ և թերություններ,  որոնցից  ամենակարևորն էին. բոլոր թեկնածուների համար նախընտրական  քարոզարշավի իրականացման ոչ հավասար պայմանները,  ընտրական  վարչարարության ոչ բավարար թափանցիկությունը և բողոքների ու  գանգատների քննության գործընթացում բողոքաբերների համար  իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի չապահովումը:  Բացի  այդ, արձանագրվեցին ընտրակեղծիքների մի շարք դեպքեր:     

…Խորհրդարանական վեհաժողովն ափսոսանքով է նշում,  որ  նկատված խախտումները և թերությունները չնպաստեցին ընտրական  գործընթացի նկատմամբ հանրության`  առանց այն էլ խախտված  վստահության մակարդակի բարձրացմանը՝  միաժամանակ հայաստանյան  հասարակության մի հատվածի շրջանում հարցեր առաջացնելով  ընտրությունների արդյունքի վստահելիության կապակցությամբ:   Հանրային վստահության պակասը հիմք դարձավ նախնական  արդյունքների հրապարակմանը հաջորդած,  թեև առանց նախապես  պաշտոնական տեղեկացման, խաղաղ ցույցերի համար,  որոնք տասն օրվա  ընթացքում հանդուրժվում էին իշխանությունների կողմից:     

…Վեհաժողովը ցավ է հայտնում ոստիկանության և ցուցարարների  միջև բախումների և 2008  թ.  մարտի 1-ին բռնության սրացման  կապակացությամբ,  որի հետևանքով տասը հոգի զոհվեց, և շուրջ երկու  հարյուր մարդիկ  ստացան մարմնական վնասվածքներ:   Մարտի 1-ի  ողբերգական իրադարձություններին հանգեցրած բուն հանգամանքների,  դրանց նկատմամբ իշխանությունների արձագանքի,  այդ թվում` 2008  թվականի մարտի 1-ից 20-ը Երևան քաղաքում արտակարգ իրավիճակ  մտցնելու և ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ  գործադրելու հարցը լուրջ տարաձայնությունների տեղիք են տալիս և պետք  է ենթարկվեն վստահելի և անկախ քննության:    

…Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց,  այդ թվում`  ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների և խորհրդարանի երեք  անդամների ձերբակալումը և շարունակվող կալանավորումն այնպիսի  մեղադրանքների հիման վրա, որոնց մի մասն առերևույթ արհեստական  է և պայմանավորված քաղաքական շարժառիթներով:   Սա նշանակում է  իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում:     

…Արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր առաջ` 2008 թ. մարտի  17-ին,  Ազգային ժողովը Կառավարության առաջարկով հրավիրված  արտակարգ նիստի ընթացքում ընդունեց մի շարք փոփոխություններ  «Ժողովներ,  հանրահավաքներ,  երթեր և ցույցեր անցկացնելու մասին»  օրենքում,  որոնք էապես սահմանափակում են հավաքների ազատության  իրավունքը և իշխանություններին մեծածավալ հայեցողական  լիազորություններ վերապահում`  արգելելու քաղաքական ժողովները և  ցույցերը: Հետևաբար,  դրանք հակասում են եվրոպական չափանիշներին,  որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  11-րդ հոդվածում,  ինչպես նաև`  խախտում Հայաստանի  Հանրապետության`  որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության  պարտավորությունները և հանձնառությունները: Եվրոպայի խորհրդի  Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը  (Վենետիկի հանձնաժողով)  և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նույնպես համատեղ  եզրակացության նախագծում նշել են,  որ այդ փոփոխություններն  անընդունելի են: Վեհաժողովը ողջունում է նորընտիր Նախագահի կողմից  իր պաշտոնի ստանձնման խոսքում արտահայտված մտադրությունը  ամբողջովին համապատասխանեցնել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր  և ցույցեր անցկացնելու մասին»  օրենքը եվրոպական չափանիշներին և  խրախուսել այս հարցում Վենետիկի հանձնաժողովի հետ հետագա  համագործակցությունը»:     

2008-ի նախագահական ընտրությունները դիտարկած ամենամասնագիտացված եւ խոշոր կառույցի` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում կարդում ենք.

«Թեեւ 2008  թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին, նախընտրական շրջանում եւ քվեարկության ժամերին՝ որոշ պարտավորությունների նկատմամբ ի հայտ եկան լուրջ մարտահրավերներ՝ հատկապես ընտրությունների օրվանից հետո: Սա ժողովրդավարական ընտրությունների համար էական չափանիշների նկատմամբ ցուցաբերեց անբավարար հարգանք եւ արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը: Մասնավորապես, քվեների հաշվարկում ի հայտ եկան հաշվետվության եւ թափանցիկության թերություններիսկ բողոքների եւ բողոքարկման ընթացակարգերը լիովին արդյունավետ չէին»:  

Մարտի մեկի երեկոյան տեղի ունեցած սպանդը գրքում հետեւյալ կերպ է նկարագրվում.

«Անկարգությունների ղեկավարի և կազմակերպիչների կոչերով ամբոխը սկսեց ավերներ գործել։ Ջարդուփշուր արվեցին անձնական օգտագործման շուրջ 100 ավտոմեքենա, ավտոբուսներ, տրոլեյբուսներ, ավերվեց մերձակայքում գտնվող «Մոսկվայի տունը», «Վիվասել» ընկերության վարչական շենքը, կողոպտվեցին խանութներ և գրասենյակներ։ Ավելին, ցուցարարները սկսեցին հարձակումներ գործել ոստիկանների վրա։  Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքում զոհվեց 10 հոգի՝ ոստիկանության երկու աշխատող և ութ քաղաքացիական անձ։ Ծավալված իրադարձությունների ընթացքում վիրավորվեց ոստիկանության 220 աշխատակից, 200-ից ավելի քաղաքացիական անձինք։ Զանգվածային անկարգությունները շարունակվեցին նաև մարտի 2-ին»։

Նշենք, որ մարտի մեկից հետո ՀՀ Գլխավոր դատախազությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել է, թե մարտի 1-ին մարտական հրազեն չի օգտագործվել: Ոստիկանությունը եւս բազմիցս հերքել էր, թե իրենք զենք են ունեցել: 2008-ի նոյեմբերին հրապարակվեց արտասահմանյան ԶԼՄ-ներից մեկին ԱԺ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ տեսակ զենք են ոստիկանները օգտագործել մարտի 1-ին` Սամվել Նիկոյանն ասում է. «Մեր օրենքներով, մեր ոստիկանությունն իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, «դուբինկաներ», ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, «չերյոմուխայի» տարբեր տեսակներ եւ հրազեն, ոստիկանի կողքի հրազենից սկսած` անհատական, եւ ավտոմատ զենք, եւ մի հատ սնայպեր»: Ավելին, հենց մարտի մեկի գործով զբաղված ՀՔԾ-ի կողմից հրապարակված տեղեկանքներից երեւում է, որ իշխանությունները մարտի մեկին մարտական զենք են կիրառել:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե հրաձգությունը եղել է փոխադարձ, ապա հիշեցնենք, որ որեւէ ընդդիմադիր ակտիվիստի կամ քաղաքական գործչի մեղադրանք  չի առաջադրվել զենք կիրառելու համար:

Թալանի պահով՝ եւս: Ավելին, քաղաքացիներից ոմանք, ում խանութների թալանի գործով մեղադրանք է առաջադրվել, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք:

Ավելին, մարտի մեկի երեկոյան հրազենային վիրավորում ստացած ոչ մի իրավապահ հետագայում չի ներկայացել դատարան եւ ցուցմունք չի տվել այն մասին, թե ինչ հանգամանքներում է վիրավորվել՝ չնայած նրանք ճանաչվել էին որպես տուժող:

Տեքստի զգայական նկարագրություններին, չհիմնավորված գնահատականներին ընդհանրապես չենք անդրադառնա՝ դրանց ակնհայտ անհիմն ու հնարածին լինելու պատճառով:  

Պարգեւ Ապրեսյան

Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի

Հատված Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի արտասահմանյան

լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցից, որտեղ նա թվարկում է թե ինչ զինատեսակով են ՀՀ իշխանությունները ներկայացել

Մյասնիկյանի արձանի մոտ

Նախորդ հոդվածը‘ԵՊՀ. «Հայոց պատմություն» դասագիրքը ներկայացնում է հայոց պատմության իրողությունները’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում նոր ֆուտբոլային սկանդալ է հասունանում’