‘Ինչպես է նկարահանվել «Սիրուն չի…» սերիալը ‘

5920

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկել է «Սիրուն չի…» սերիալի ցուցադրությունը: Կառավարությունում հրավիրված խորհրդակցությունից հետո, սերիալը ցուցադրվեց ՊՆ-ում, հետո առողջապահության ոլորտում, հետո դատական ոլորտում: Ակնկալվում է, որ այդ սերիալը կշարունակվի նաեւ այլ ոլորտներում: Մեր տեղեկություններով, սերիալը բեմադրվելուց առաջ այն մի քանի անգամ փորձնական բեմադրվել է` բոլոր դերակատարների մասնակցությամբ: Գլխավոր փորձն ունեցել է մոտավորապես այս բովանդակությունը:

 

Փեսա Միքայել Մինասյան-Շեֆ, հիմա նայեք, էս ամեն ինչը կարեւոր ա` նախագահական ընտրություններից առաջ PR-ի տեսանկյունից: Մեր գլխավոր նպատակն է ցույց տալ մարդկանց, որ էս 4 տարվա ընթացքում դուք չեք իմացել` ինչ է կատարվում պետական համակարգում ու երկրում, փորձել եք հնարավորինս երկրի վիճակը շտկել, մի քիչ չի ստացվել, բայց հենց հիմա իմացել եք ամեն ինչի մասին ու սկսել եք այս գործընթացը:

 

Սաշիկ Սարգսյանը բարձր ծիծաղում է:

Միք.Մինասյան-Ինչո՞ւ եք ծիծաղում:

Սաշիկ Սարգսյան-Սերժիկ, էսի քեզ լռիվ փրայերի տեղա դրել: Այ Միշիկ ջան, դու մոռացե՞լ ես, որ ախպերս էս երկրի պրեզիձենդն ա, նախագեն ա, նախագեն:

Միք.Մինասյան-Պարոն Սարգսյան, ես չեմ մոռացել: Ոչ մեկն էլ չի մոռացել: Բայց հիմա նախընտրական շրջան ա, հեռուստատեսությամբ պիտի մի բան ցույց տանք, չէ՞: Պիտի՞ ցույց տանք, որ գործ ա արվել, թե՞ չէ: Հիմա, եթե գործ չի արվել ու ցույց տալու բան չունենք, ուրեմն պիտի սենց ներկայացումներ խաղանք:

Սերժ Սարգսյան-Լավ Սաշիկ, բոլ ա: Ա հարուր բան կարա լինի, ինչի՞ ես խառնվում փեսուս գորձերին: Ա ամեն բանի վրա պտի խոսա՞ս: Ասա Միշիկ, ի՞նչ պիտի անեմ: Ասա, որ արագ անեմ-գնամ` մի քանի կարեւոր գործ ունեմ` Թուրքմենստանի նախագահի այցին պտի պատրաստվեմ, Բութան պիտի գնամ:

Միք.Մինասյան-Ուրեմն սենց, շեֆ: Մտնում եք սենյակ, նստում եք սեղանի մոտ` խրոխտ դեմքը չեք մոռանում: Ձայնի մեջ էլ մի քիչ խրոխտություն թող լինի: Ձեր դեմքի արատահայտությունից պետք է երեւա, որ խիստ ջղայնացած եք: Այսինքն, եկել եք ու հենց էդ պահից սկսած` երկրի վիճակը շտկելու եք:

Սերժ Սարգսյան— Շըտըկելու ենք, շըտըկելու ենք: Այ տղա, էդ բառը դուրս չի գալիս: Ի՞նչ ախմախ բառ ա` բառի մեջ երկու «ը» տառը ո՞րն ա: Շըտըկել: Չէ մի չէ, մըտըկել:

Միք. Մինասյան-Շեֆ, ուշադրություն, սկսում ենք: Ուրեմն, նստում եք սեղանի մոտ ու սկսում եք ջղայնացած քննադատել բոլորին: Ում մասին ինչ մտածում եք` ասեք: Նախարարներին կարող եք նաեւ անուններով դիմել: Համեմատաբար երիտասարդներին` կարող եք նաեւ դիմել անվան կարճ տարբերակն օգտագործելով: Սկսեցինք:

Սերժ Սարգսյանը նստում է սեղանի մոտ եւ սկսում է խոսել:

Սերժ Սարգսյան-Բարեւ ձեզ: Սրանից հետո ես միշտ էսպիսի խորհրդակցություններ եմ անցկացնելու: Ուրեմն սենց: Էս առումով ես քո` վարչապետի աշխատանքը Տիգրան, շատ բացասական եմ գնահատում: Շատ բացասական: Մենք 4 տարի ա` քեզ հետ խոսում ենք էս թեմայով, 4 տարի ուղիղ: Բայց պրոցեսները շարունակում են, գնում են:

Միք.Մինասյան-Լավ է, լավ է: Շեֆ մի քիչ էլ խրոխտ:

Սերժ Սարգսյան-Տիգրան:

Տիգրան Սարգսյանը խառնված ուղղում է մեջքը` ձեռքը պատահաբար խփելով ջրի բաժակին: Բաժակը շրջվում է Սերժ Սարգսյանի վրա:

Տիգրան Սարգսյան-Կներեք պարոն նախագահ, պատահական ստացվեց:

Սերժ Սարգսյան— Էդ փնթի վերաբերմունք ա, փնթի: Անթույլատրելի ա: Ան-թույ-լա-տրե-լի:

Միք.Մինասյան-Քննադատեք նրան շեֆ, քննադատեք:

Սերժ Սարգսյան-Էսպիսի բան չի կարող լինել Տիգրան: Մենք բազմաթիվ ոլորտներում պրոբլեմներ ունենք: Լավ չես աշխատում Տիգրան, լավ չես աշխատում:

Տիգրան Սարգսյան-Ես սթափվում եմ պարոն նախագահ: Սթափվում եմ: Խոստանում եմ` բոլոր ոլոլորտներում էլ պրոբլեմներ չենք ունենալու, խոստանում եմ, պարոն Սերս Սար-գըս-յան:

Սերժ Սարգսյան-Դժգոհ եմ: Ջղայնացած եմ:

Միք.Մինասյան-Այդպես, ավելի բարձր, ավելի խրոխտ: Դուք դա կարող եք անել շեֆ: Հիշեք, որ դուք նախագահական ընտրություններում հաղթել եք Արտաշես Գեղամյանին, հաղթել եք Արամ Հարությունյանին, Արման Մելիքյանին: Հաղթել եք նույնիսկ Արթուր Բաղդասարյանին: Խրոխտ, վստահ, ես չեմ ուզում  մի քանի ամսից դառնալ երկրի ամենաերիտասարդ թոշակառուի փեսան:

Սերժ Սարգսյան-Ա դե մի հիշեցրու ինձ էդ ընտրությունների մասին, էլի: Մտքիս թելը կտրեցիր: Ի՞նչ էի ասում: Սեյրան, քո մոտ էլ մի բան էն չի: Էդ ի՞նչ վիճակ ա: Էական բարեփոխումներ պտի լինեն քո մոտ, Սեյրան: Լսել եմ բանակը ներքաղաքական զարգացումներում եք օգտագործում: Ա չե՞ս ամաչում: Ա ամոթ չի՞:

Սեյրան Օհանյանը լռում է:

Սերժ Սարգսյան-Չեմ հասկանում, էս ի՞նչ ա կատարվում Սեյրան:  Մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներ  ամենաշատն արձանագրում է հենց առողջապահության ոլորտում:

Միք.Մինասյան-Շեֆ, էդ խոսքերը պետք է Դերենիկ Դումանյանին ասեիք:

Սերժ Սարգսյան-Ա հա է: Դերո, քեզանից էլ եմ դժգոհ: Էդ ի՞նչ բարձիթողի վիճակ ա դեղերի շուկայում: Ընդհանրապես, անթույլատրելի եմ համարում գնումների գործընթացում պետության սուղ միջոցների և զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները և խստորեն քննադատում եմ այդպիսի մոտեցում ցուցաբերող անձանց: 

Միք.Մինասյան-Շեֆ, էս վերջին հատվածը կասեք ՊՆ-ում խորհրդակցության ժամանակ, ոչ թե Դումանյանին: Հիմա հիշեք Խաչիկյանին:

Սերժ Սարգսյան— Խաչիկյանն ո՞վ էր:

Միք.Մինասյան-Դե էն թոշակառուների գործով, որ պահել էինք նախագահական ընտրություններից առաջ բռնեինք:

Սերժ Սարգսյան-Հա, հիշեցի: Տիգրան, Խաչիկյանի մասին ի՞նչ ես մտածում: Աղվան, չե՞մ ասել` ընտրություններից առաջ դրան բռնեք:

Տիգրան Սարգսյան-Պարոն նախագահ, ես Խաչիկյանի մասին չեմ մտածում: Անկեղծ եմ ասում: Սերոբ Տեր-Պողոսյանի մասին էլ չեմ մտածում: Ոչ մի կերպ: Ես սթափվել եմ եւ մտածում եմ ոլոլորտների զարգացման մասին:

Սերժ Սարգսյան-Չեմ հասկանում, մարդ ո՞նց կարա երկուշաբթի մի բան մտածի, շաբաթ օրը` այլ բան: Էն օրը չէ՞իր ասում, որ Խաչիկյանի մասին մի լավ բան ես մտածել:

Աղվան Հովսեփյան-Շեֆ, ես մտածել եմ արդեն: Բերեք դրան փուռը տանք-գնա:

Սաշիկ Սարգսյան-Ախպեր փուռ ասիք, հիշեցի: Բերեք ասենք` խորոված սարքեն փռում:

Սերժ Սարգսյան-Խաչիկյանի՞ց:

Սաշիկ Սարգսյան-Ի՞նչ Խաչիկյան: Ոչխարի մսից:

Սերժ Սարգսյան-Միս ասեցիք, հիշեցի: Սեյրան, էդ ի՞նչ գոմեշի միս եք մատակարարում զինվորներին:

Տիգրան Սարգսյան-Շեֆ, իրականում էդ գոմեշի պատմությունը ուզում են ինձ հետ կապեն: Բայց ես հավաստիացնում եմ, որ ես էդ գոմեշների հետ կապ չունեմ: Ես միայն կովերին կթելու հարցում եմ մասնագիտացել: Ուրեմն, կթելուց առաջ պետք ա կովերի կրծքերը գոլ ջրով լվանալ:

Միք.Մինասյան-Շեֆ, մի երկու բառ էլ ատկատներից խոսացեք, հետո մենք սա մոնտաժ կանենք:

Սերժ Սարգսյան-Ուրեմն, ուշադրություն, հիմա խոսելու եմ ատկատների մասին: Էս ինչեր եմ լսո՜ւմ: Էս ինչեր եմ իմանո՜ւմ: Էս ոնց եմ զարմացե՜լ: Էս ինչպես եմ անակնկալի եկե՜լ: Էս ինչեր եմ իմանո՜ւմ: Ատկատնե՜ր: Մեր երկրում կան ատկատնե՜ր: Ինչ-որ մարդիկ ատկատնե՜ր են անում: Անթույլատրելի է: Վատ է: Շատ վատ է: Էս ոնց եմ ջղայնացե՜լ:  

Սաշիկ Սարգսյան-Ախպեր, լավ արդեն` ոնց որ իսկականից քեզ փրայերի տեղ դնեն: Կարո՞ղ ա մի հատ էլ ասես` դու վաբշե էս երկրից խաբար չես: Էս տղեն կա՞յֆ ա բռնում վրեդ:

Միք.Մինասյան-Լավ, շեֆ: Ինչքան հասկացա` սրանից ավել ոչ մի բան չենք կարողանալու անել: Դուք արդեն կարող եք գնալ, ես էլ գնամ մոնտաժ անելու:

Սերժ Սարգսյան-Հիմա սա ե՞րբ եք ցույց տալու:

Միք.Մինասյան-Դե մի քանի մասի կբաժանենք, շաբաթը մի քանի անգամ ցույց կտանք:

Սաշիկ Սարգսյան-Կարո՞ղ ա գիտես` էս քո համար սերիալ ա:

Միք.Մինասյան-Էսքան ժամում, որ ձեր համար ծախսեցի, արդեն «Դժվար Ապրուստի» 15 սերիա նկարահանած կլինեինք: Խոսել չեք կարողանում: Ու էլի իմ վրա պիտի խոսակցություն գա: Էլի պիտի ասեն` փեսեն չի կարողանում աներոջը դրական լույսի տակ ներկայացնել:  

iLur.am-ի Քաղաքական Հումորի բաժին

Ծաղրանկարը Մարկ Անտոնյանի Facebook-յան էջից

Նախորդ հոդվածը‘Շշմեցուցիչ Red Bull X-Fighters Jams մոտոմրցույթ Երևանում (տեսանյութ, Ֆոտոռեպորտաժ)’
Հաջորդ հոդվածը‘Վիկ Դարչինյանը հաղթեց’