‘Ինչպես ընտրել կյանքի ուղեկցին’

7707

 

 

 

 

 

 

 

 

Հույսը կորցրած մարդուն կյանքը հաճախ երևում է այսպիսին.

Առաջին հայացքից թվում է, թե հենց այդպես էլ պիտի լիներ, ու դա կարծես հետևում է նաև այն հետազոտություններից, որոնք եզրակացնում են, իբր ամուսնացածները միջինում ավելի երջանիկ են, քան չամուսնացածները։ Ավելի մանրակրկիտ վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս է, որ եթե մենք «ամուսնացածներին» ըստ ամուսնության որակի բաժանենք երկու խմբի, «անհաջող ամուսնացածները» (ըստ սեփական գնահատականի) իսկապես ավելի մեղկ են ու պակաս երջանիկ, քան չամուսնացածները, իսկ «բարեհաջող ամուսնացածները» (կրկին՝ սեփական գնահատմամբ)՝ շատ ավելի երջանիկ, քան պնդում է վիճակագրությունը [“Marital Status is Misunderstood in Happiness Models” from Deakin University, Faculty of Business and Law, School of Accounting, Economics and Finance; Economics Series Paper # 2010_03.]։ Այլ կերպ ասած՝ իրականությունը սա է՝

Կյանքից նեղված ամուրիները սեփական դրությունը պիտի գնահատեն ավելի չեզոք դիրքերից՝ դիտելով այն գուցեև ավելի հուսադրող, քան կարող էր լինել, քանի որ երազած հարաբերություններին ձգտող մենակ մարդը դրանից հեռու է ընդամենը մեկ քայլով՝ նա պետք է պարզապես 1) գտնի ու ստեղծի իր երազած հարաբերությունը։ Իսկ դժբախտ, կամ ավելի չեզոք ասած՝ ապերջանիկ հարաբերությունների մեջ եղածը պետք է անի երեք քայլ՝ 1) գնա հոգեպես ծանր(ագույն) բաժանման, 2) հուզականորեն ապաքինվի, 3) գտնի ու ստեղծի իր երազած հարաբերությունը։ Շատ վատ չի, չէ՞։

Ճիշտ են այն տվյալները, որոնք ցույց են տալիս, թե ամուսնության մեջ ինչքա՛ն տարբեր կարող է լինել երջանկության մակարդակը։ Սակայն դրանց բոլորի հիմքում միայն մեկ գործոն է ընկած՝ կյանքիդ ուղեկիցը։

Ճիշտ ընտրության ահռելի կարևորությունը կարելի է գուցե անգամ համեմատել տիեզերքի անսահմանության ու մահվան անելանելիության հետ. երկուսն էլ դժվար է խորապես ըմբռնելն ու զգալը, դրա համար էլ մենք սովորաբար շատ գլուխ չենք դնում նման բաների հետ ու գերադասում ենք չտեսնելու տալ դրանց անսահման մեծությունն ու խորությունը։

Բայց, ի տարբերություն մահվան կամ տիեզերքի աներևակայելիության, կյանքի ուղեկցի ընտրությունն արդի ժամանակներում իրականում մե՛ր ձեռքերում է, այնպես որ պետք է լավագույնս հասկանալ դրա բացառիկ կարևորությունն ու մանրազնին վերլուծել որոշիչ գործոնները։

Փորձենք հասկանալ հարցի կարևորությունը։

Սկսենք տարիքից։ Հանեք ձեր ներկայիս տարիքը 90-ից ու կստանաք տարիների այն թիվը, որը երկար ապրելու դեպքում անցկացնելու եք կողակցի հետ։ Մի քանի տարի ավել կամ պակաս։ Քիչ ժամանակ չի՝ գոյությանդ գրեթե ամբողջ մնացած մասն է։ Մարդիկ բաժանվում են, իհարկե, բայց դժվար թե դու այդպես տրամադրված լինես։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդների 86%-ը համարում է, որ իր ներկայիս ամուսնությունն ընդմիշտ է։ Ավելի մեծերից էլ քչերն են նախապես համարում, որ այդպես չի լինելու։ Այնպես որ, առաջ գնանք ըստ ա՛յս կանխադրույթի։

Կյանքի ուղեկցիդ ընտրելիս շատ բան ես ընտրում, այդ թվում՝ ապագա երեխաներիդ ծնողին ու դաստիարակին, մարդու, ով խորապես ազդելու է երեխաներիդ ձևավորման ու կայացման վրա, ընտրում ես մոտ 20,000 անգամվա սեղանակցիդ, 100 արձակուրդի ուղեկցիդ, հանգստի ու թոշակի ընկերոջդ, անհաջողություններդ դարմանողին և մեկին, ում օրվա անցուդարձը լսելու ես 18,000 անգամ։

Սարսափելի է, չէ՞։

Պարզ է, չէ՞, որ կյանքում սրա՛ն պիտի տաս ամենաճիշտ լուծումը։ Բա ինչպե՞ս է, որ հսկայական թվով խելոք, ազնիվ, բարի ու մնացած առումներով առողջ տրամաբանության տեր մարդիկ ի վերջո ընտրում են այնպիսիններին, ում կողքին մնում են չբավարարված, հիասթափված ու դժբախտ։

Պարզվում է՝ դրա համար բազմաթիվ պատճառներ կան, իսկ դրանցից ամենակարևորն այն է, որ՝

Մարդիկ շատ վատ գիտեն՝ ինչ են ուզում հարաբերություններից

Հետազոտությունները ցույց են տալիս, որ չամուսնացած մարդը սովորաբար շատ վատ է կանխատեսում սեփական նախընտրությունները, որոնք հետագայում, ինչպես պարզվում է, ամենակարևորն էին։ Եվ սա զարմանալի չէ։ Կյանքում ինչ-որ բան լավ անելու համար պետք է փորձ և հմտություն՝ պիտի վարժվես, մի քանի անգամ անես, մինչև կսովորես։ Ցավոք՝ մարդկանցից քչերն են, որ կյանքի կարևորագույն որոշումը կայացնելուց առաջ 3-4 անգամից ավելի սիրավեպ են հասցնում ունեցած լինել։ Սովորաբար այդքան ժամանակ չի էլ լինում։ Մյուս կողմից՝ քանի որ ա) հարաբերությունների և բ) կողակցի անձի առումներով չամուսնացած մարդու պահանջմունքները հաճախ տարբերվում են, նրան դժվար է լինում հասկանալ, թե տվյալ հարաբերությունից իրեն ինչ է հարկավոր։

Հասարակությունն ամենավատ խորհրդատուն է, քանի որ ոչինչ իրականում չգիտի

››› Հասարակությունը քաջալերում է անտեղյակությունը և սիրահարությունը վերածում ուղենիշի

Ի՞նչ խորհուրդ կտա ցանկացած քիչ թե շատ խելոք մարդ ամեն մի սկսնակ բիզնեսմենի։ (Բնականաբար՝ խոսքը Հայաստանի մասին չէ, այստեղ ուրիշ տրամաբանություն է գործում)։ Չի ասի՞, որ եթե ուզում ես հաջողակ լինել, պիտի նախ սովորես տնտեսագիտություն, կարողանաս ճիշտ բիզնես-նախագծեր կազմել ու վերլուծելով գնահատել ռիսկերը։ Ու շատ ճիշտ կանի, որովհետև եթե ուզում ես հնարավորինս քիչ սխալ գործել, պիտի սկզբից անես հենց դա՛։

Պատկերացրեք՝ մեկը գնում է համալսարան ու սովորում ընտրել կյանքի ուղեկից՝ կառուցել առողջ հարաբերություններ և այլն, ու դա անում է ճշգրիտ նախագծեր կազմելով, գործը բաժանելով փուլերի ու հետևելով դրանց փուլ-առ-փուլ իրագործմանը։ Ի՞նչ կասի հասարակություն կոչվածը նման մարդու մասին՝ 1) գերռացիոնալ ռոբոտ է, 2) չափից շատ է անհանգստանում, կամ էլ՝ 3) կտցրած աննորմալի մեկն է (սա գուցե ամենահաճախն ասի)։

Փաստորեն՝ չէ՛, էլի… Հենց խոսքը գնում է կյանքի ընկերոջ ընտրության մասին, հասարակությունն անմիջապես մռութ է անում, քթերը կախում ու ծակ փիլիսոփայի պես հորդորում շատ չմտածել, հույսը դնել բախտի կամ ներքին ձայնի անհոդաբաշխ գռմռոցի վրա ու առհասարակ՝ «հայացքն ուղղել պայծառ ապագա»։ Եթե որևէ բիզնեսմեն հետևի հասարակության նմանօրինակ խորհուրդներին, հաստատ դեռ Սաշիկը փայ չմտած՝ տակ կտա ամեն ինչ, իսկ եթե այնուամենայնիվ հաջողի՝ ապա զուտ բախտի (կամ մեզնում՝ կապերի) հաշվին։ Ահա սա՛ է հասարակության մոտեցումը։

››› Հասարակությունը պիտակում է հնարավոր զուգընկերոջ փնտրտուքի խոհեմ տարբերակները

Ըստ մի հետազոտության, որը փորձում էր պատասխանել այն հարցին, թե ինչով է պայմանավորված զուգընկերոջ ընտրությունը՝ նախընտրություններով, թե առկա հնարավորություններով, ստացվել է, որ բացարձակ առաջատարը հնարավորությունն է՝ «մեր ընտրությունը 98%-ով արձագանքում է շուկայի իրադրությանը և ընդամենը 2%-ով է ղեկավարվում կայուն նախընտրությամբ»։

Այլ կերպ ասած՝ մարդիկ ընտրում են եղածից ու թքած ունեն ինչքան վատ են համապատասխանում իրար։ Պարզ հետևությունն այն է, որ կյանքի ուղեկից փնտրող յուրաքանչյուր անհատ լավ կլինի որքան հնարավոր է շատ մարդու հետ հանդիպի՝ լինի դա սոցիալական ցանցերի օգնությամբ, թե բազմաթիվ այլ միջոցներով, որոնք ստեղծված են հնարավորությունների դաշտը խոհեմաբար ընդլայնելու համար։

Բայց մեր հին ու բարի ծանոթ հասարակությունն ինչ անուն ասես չի կպցնում բոլոր այդ ձևերին։ Շատերն անգամ մինչ օրս ամաչում են ասել, որ իրենց կնոջը կամ ամուսնուն հանդիպել են, ասենք, օնլայն ծանոթությունների կայքում։ Սա էլ, անշուշտ, տարբերվում է հասարակությունից հասարակություն ու որոշ տեղեր ոչ միարժեք արդյունքների բերում։ Հանրության աչքում զուգընկերոջը գտնելու միակ արժանի ձևը մնում է բախտի քմահաճույքը՝ պատահական հանդիպումը կամ ընտրությունը քո նեղ շրջապատից։ Բարեբախտաբար՝ այսպիսի պիտակումները գնալով քչանում են, սակայն հասարակության հավաքական իմաստնությունը դրանից, իհարկե, չի աճում։

››› Հասարակությունը շտապեցնում է

Մեզ ծանոթ աշխարհում գլխավոր կանոնը երիտասարդ տարիքում ամուսնանալն է, իսկ «տանը մնացածի» տարիք է համարվում արդեն 25-35 տարեկանը, նայած տեղ։ Մինչդեռ ոսկի կանոնը պիտի լիներ՝ «ինչ էլ լինի, սխալ մարդու հետ չամուսնանաս»։ Փոխարենը՝ մեր հասարակությունն ավելի մեծ եռանդով ու թուք թողնելով փնթփնթում է 37-ամյա ազապի վրա, քան երկու երեխատեր 37-ամյա դժբախտ ամուսնու։ Բա եղա՞վ։ Չէ՞ որ առաջինը երջանիկ ամուսնությունից հեռու է ընդամենը մեկ քայլով, իսկ երկրորդը ստիպված է համակերպվել երջանկության մշտակա բացակայության հետ կամ անցնել բաժանության ծանրագույն շրջան՝ ընդամենը նոր-նոր հասնելու համար ամուրիի չեզոք վիճակին։

Մեր թշնամին մեր կենսաբանությունն է

››› Մարդու կենսաբանական կառույցը ձևավորվել է չափազանց վաղուց ու չի ըմբռնում 50 տարով մի հոգու հետ խորը հարաբերություն ձևավորելու պահանջը

Երբ դեռ նոր-նոր ենք սկսում հանդիպել մեկի հետ, խանդավառության թեթևագույն նշույլից մեր կենսաբանությունը միացնում է իր «դզեց, դե քշեցինք» վիճակն ու անցնում գործի՝ ռմբակոծելով մեզ քիմիական միացություններով, որոնց նպատակն է զուգավորումն ապահովելը (կիրք), սիրահարվելը (մեղրամսի փուլ) ու քեզ համեմատաբար երկարատև հարաբերությանը պատրաստելը (կապվածություն)։ Մեր ուղեղը կարող է երբեմն «կարճ կապել» ու խուսափել նշված փուլերն անցնելուց, եթե դիմացինին այնքան էլ չի սիրում, բայց դեպքերի մեծ մասում, երբ միակ ճիշտ քայլը փնտրտուքը շարունակելը կլիներ, մենք հաճախ տրվում ենք քիմիական կարուսելին ու զորակոչվում նշանվածների բանակ։

››› Կենսաբանական ժամացույցը խայտառակ բան է…

Սեփական ամուսնուց երեխա ունենալ ուզող կինը թվով մեկ և բառիս բուն իմաստով անհաղթահարելի սահմանափակում ունի՝ գտնել կյանքի ճիշտ ուղեկցի մինչև քառասուն տարեկանը, աջ-ձախ՝ կարևոր չի։ Սա իրականում զզվելի փաստ է, որն առանց այն էլ դժվար գործն անհամեմատ ավելի սթրեսային է դարձնում։ Բայց միևնույն է՝ ես լինեի՝ կգերադասեի ճիշտ զուգընկերոջ հետ թեկուզ որդեգրել մեկին, քան երեխա ունենալ սխալ մարդուց։

_______

Հիմա, ի՞նչ կստանանք մենք, եթե մեր մոդելը կառուցելու համար վերցնենք բոլոր նրանց, ովքեր շատ վատ պատկերացում ունեն առ այն, թե ինչ են ուզում իրենց հարաբերություններից, շրջապատենք այնպիսի հանրույթով, որը համոզում է, թե իբր կյանքի ուղեկցին կարելի է գտնել միայն չմտածելով, չփնտրելով ու շտապելով, ավելացնենք դրան կենսաբանության մի տեսակ, որը թմրեցնում է մեզ այն պահին, երբ ամենաշատն էր պետք մտածել, իսկ ուշացնելու դեպքում՝ սպառնում դադարեցնել մանկածնությունը։

Պատասխանը մեկն է՝ ստանում ենք թերի նախադրյալներով կայացված գերպատասխանատու որոշումների մեծ քանակություն ու սեփական կյանքի հետ խաղ անող մարդկանց հոծ բազմություն։ Իսկ հիմա քննենք մարդու այն հիմնական տեսակները, որոնք դառնում են վերոշարադրյալի զոհն ու աչք չթարթած՝ հայտնվում դժբախտ հարաբերություններում։

Գերռոմանտիկ Ռոմանը

Գերռոմանտիկ Ռոմանի սխալն այն վստահությունն էր, իբր ամուսնանալու համար սերը միանգամայն բավարար է։ Սիրահարությունը հարաբերությունների հրաշալի մասն է, իսկ սերը՝ ամուսնության կարևորագույն բաղադրիչը, բայց դրանք բավարար չեն, եթե չկան մի շարք ուրիշ կարևոր պայմաններ։

Ռոմանտիկ մարդը շարունակ անտեսում է իրենում բուն դրած նվաղ ու վախվորած ձայնը, որն ամեն անգամ փորձում է մի բան հասցնել ականջին, երբ ընկերուհու հետ նորից ու նորից կռիվ են անում, կամ իրեն ավելի դժբախտ է զգում, քան մինչև այդ հարաբերությունն էր, և լռեցնում է այդ ձայնը տարբեր մտքերով՝ «ոչինչ, ամեն ինչ պատճառ ունի, մեր հանդիպումը պատահական լինել չէր կարող», «ես նրան սիրում եմ, ամենակարևորը դա է» և այլն, և այլն… Բավարար է, որ ռոմանտիկ Ռոմանը գտնի իր կարծիքով սեփական կեսին, այլևս դադարում է քննադատաբար նայել սույն գտածոյին՝ կառչելով բերված մտքերից իր հետագա 50 ապերջանիկ տարիների ողջ ընթացքում։

Լեղաճաքը

Երբ խոսքը գնում է կյանքի ճիշտ ուղեկից ընտրելու մասին, վախը հնարավորինս ամենավատ որոշում կայացնողն է։ Ցավոք, հասարակությունը կառուցված է այնպես, որ վախը հաջողացնում է սողոսկել անգամ տրամաբանող մարդկանց սիրտն ու առաջնորդել նրանց, անգամ երբ վերջիններս դեռ երեսուն էլ չկան։ Մեր հասարակությունը ծնողների ու ընկերների միջոցով մեզ վրա հաջողացնում է բարդել բազմաթիվ վախեր՝ վերջին չպսակված ընկերը մնալու վախը, տարիքավոր ծնող դառնալու վախը, երբեմն անգամ՝ պարզապես ասեկոսեների առարկա լինելու վախը և այլն։ Սրանք բոլորը ստիպում են մեզ ի վերջո համակերպվել ոչ այնքան լավ հարաբերություններին։ Ցավն այն է, որ միակ փաստարկված վախը, որը պիտի՛ ունենայինք՝ մեր կյանքի մնացած կեսը կամ երկու երրորդը սխալ մարդու հետ դժբախտ կյանք վարելու վախն էր։ Ու սա հենց այն ռիսկն է, որը վերցնում են վախի ազդեցությամբ որոշում կայացնողները մնացած ռիսկերից խուսափելու համար։

Աշխարհասեր Աշխարհաբեկը

Աշխարհասեր Աշխարհաբեկը թույլ է տալիս ուրիշներին մեծ դեր խաղալ իր կենսական որոշումներում։ Զուգընկերոջ ընտրությունը խորապես անձնական, բացառիկ բարդ, ամեն մարդու համար յուրովի կայացվող ու արտաքուստ գրեթե անհասկանալի մի որոշում է։ Ու ոչ մի կապ չունի դիմացինին լավ ճանաչելու հետ։ Այլոց կարծիքն ու նախընտրություններն իրականում տեղ չպիտի ունենան մարդու որոշման գործում, բացառությամբ, ասենք, բռնության, ստորության կամ խաբեության դեպքերի։

Ասվածի ամենավատ օրինակը կարող է լինել ընտանիքի ճնշմամբ կամ վերջինիս չափանիշներին ու սպասումներին չհամապատասխանելու դեպքում բաժանումը մի մարդուց, ով գուցե իսկապես կարող էր լինել կյանքիդ ընկերը։ Բայց կարող է լինել նաև հակառակը, երբ շրջապատդ այնքան ուրախ է արտաքուստ շատ գեղեցիկ թվացող, բայց ներքուստ ոչ այնքան բարվոք հարաբերություններիդ համար, որ դու, հակառակ ներքին ձայնիդ, լսում ես նրանց ու պարանը գցում վիզդ։

Հիմարիկ Թամարիկը

 

Հիմարիկ Թամարիկին ավելի շատ հուզում է զուգընկերոջ գրավոր բնութագիրն ըստ կետերի, քան նրա անհատականությունը, ու նա հաճույքով լրացնում է բոլոր վանդակները՝ հասակ, աշխատանք, կարողություն, հաջողություններ, երբեմն նաև՝ արտասահմանցի է, թե ոչ, կամ ո՞ւնի արդյոք հատուկ տաղանդներ։

Բոլորս էլ ունենք այնպիսի կետեր, որոնք փնտրում ենք կամ կուզենայինք տեսնել դիմացինի մեջ, բայց եսապաշտ մարդը առաջնորդվում է միայն դրանցով ու մարդու ռեզյումեն գերադասում է տվալ մարդու հետ ունեցած հոգևոր կապի որակից։

Եսասեր Սուրոն

Եսասերները սովորաբար 3 տեսակի են։ Երբեմն դրանք կարող են խառված լինել։

1. «Կամ իմ ասածը, կամ գնա գրողի ծոցը» տիպ

Այս տիպի մարդն ունակ չէ ո՛չ զոհողության, ո՛չ զիջողության, և հավատում է, որ սեփական կարիքները, կարծիքները, բզիկներն ու ցանկությունները շատ ավելի կարևոր են, քան դիմացինինը և իր ասածը փորձում է անցկացնել ցանկացած կարևոր հարցում։ Վերջում, նա այլևս չի ցանկանում օրինական հարաբերությունների մեջ մտնել, ուզում է մնալ ազատ, բայց նաև կողքից միշտ ունենալ մեկին իր անփոխարինելի անձը զվարթ պահելու համար։

Այս տիպի մարդը կա՛մ գտնում է գերհամբերատար ու հանդուրժող մեկի, կա՛մ, վատագույն դեպքում, անկամ ու ներքին ինքնագնահատականից զուրկ ինչ-որ փալասի և կորցնում հավասար հարաբերությունների իր գուցե միակ հնարավորությունը՝ լրջորեն գցելով իր ամուսնական կյանքի որակը։

2. «Վեհանձն» տիպ

«Վեհանձն» տիպի ճակատագրական սխալը սեփական անձով չափից դուրս տարված լինելն է։ Նա փնտրում է այնպիսի զուգընկերոջ, որը կլինի և՛ իր հոգեբանը, և՛ ամենամեծ երկրպագուն, բայց հավես չունի որևէ կերպ փոխհատուցելու լավությունը։ Ամեն գիշեր նա ու նրա կողակիցը քննարկում են օրվա անցուդարձը, բայց խոսակցության 90%-ը պտտվում է իր իսկ անձի շուրջ…. դե, ի վերջո, հարաբերության ամենակարևոր կողմն ինքն է, չէ՞։ Խնդիրն այն է, որ սեփական կեցությունից կտրվելու անընդունակության պատճառով ի վերջո հանգրվանում է ինչ-որ մի կցորդի կողքին ու անցկացնում մնացյալ 50 տարին ձանձրույթում։

3. Պահանջմունքների գերին

Բոլորս էլ ունենք պահանջմունքներ, ու բոլորս էլ սիրում ենք, երբ դրանք բավարարվում են։ Խնդիր է առաջանում այն ժամանակ, երբ դրանց բավարարումը դառնում է ընտրության հիմնական չափանիշը (համեղ է եփում, լավ հայր կլինի, լավ կին կլինի, հարուստ է, կազմակերպված է, անկողնում անփոխարինելի է և այլն)։ Նշված բոլոր կետերը հրաշալի հավելումներ են, բայցև մնում են զուտ իբրև հավելում։ Մեկ տարի համատեղ կյանքից հետո, երբ պահանջմունքների գերի մեր հերոսը սովորում է բոլոր այդ լավ կողմերին ու դրանք աստիճանաբար սկսում են արդեն անհետաքրքիր դառնալ, լավ կլինի, որ հարաբերություններում ուրիշ հետաքրքիր բաներ էլ եղած լինեն ձանձրույթից չսատկելու համար։

_______

Այսպիսով, կարող ենք ասել, որ մարդիկ ապերջանիկ հարաբերությունների մեջ են հայտնվում հիմնականում այն պատճառով, որ նրանք ներքուստ ստրկացվում են այնպիսի ձգտումներով, որպիսիք որևէ կապ չունեն ո՛չ երկարատև հարաբերությունների էության, ո՛չ էլ դրանք երջանիկ դարձնող գործոնների հետ։

Փորձենք այդ դեպքում հասկանալ, թե՝

Ի՞նչ է պետք երջանիկ հարաբերություն կառուցելու համար

Հաճախ որևէ մեծ բան հաղթահարելու համար հարկավոր է այն բաժանել փոքր մասերի ու կենտրոնանալ դրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին հաղթահարելու գործի վրա։

Ասում են՝ կյանքում երջանիկ լինելու համար պետք է փորձել երջանիկ լինել ամեն սովորական օր։ Նույն բանն էլ երևի ամուսնությունն է։

Հեռվից, երջանիկ ամուսնությունը նման է սիրո շարունակ ծավալվող մի պատմության՝ ասես գրքում կամ կինոյում։ Սա ամուսնությանը նայելու շատ հարմար ու բանաստեղծական ձև է։

Բայց մարդկային երջանկությունը պատմության ծավալումներում չէ, մենք չենք ապրում ընդհանուր կտավի զգացողությամբ կամ ընկալմամբ, մենք պարփակված ենք կյանքի փոքրիկ ու տաղտուկ ծալքերում, և այստեղ է, որ որոշվում է մեր երջանկության բախտը։

Այնպես որ, եթե մեր ուզածը երջանիկ ամուսնությունն է, մենք պետք է մտածենք փոքր քայլերի ռազմավարությամբ՝ պետք է խոշորացույցով նայենք մեր ամուսնությանն ու խորապես գիտակցենք, որ այն կարված է ոչ թե բանաստեղծական թելերով, այլ 20,000 սովորական չորեքշաբթիներով։

Ամուսնությունը Թայլանդում անցկացրած մեղրամիսը չէ, այլ 56-րդ համատեղ արձակուրդի չորրորդ օրը։ Ամուսնությունը տուն առնելու առթիվ ընդունելությունը չէ, այլ այդ տանն ունեցած թիվ 4386-րդ ընթրիքը։ Եվ հաստատ որ՝ Սուրբ Վալենտինի օրը չէ։

Ամուսնությունը Մոռացվող Չորեքշաբթին է։ Միասին։

Ուստի թողնենք ներսում խտղտացող թիթեռնիկներին, անձրևի ներքո համբույրներն ու օրական երկու անգամ սեքսը, դրա հարցերն ինքներդ էլ, համոզված եմ, հանգիստ կլուծեք առանց իմ օգնության, և փորձենք հասկանալ, թե ինչն է, որ Մոռացվող Չորեքշաբթին դարձնում է հնարավորինս հաճելի և անգամ՝ երջանիկ։

Ուրիշին 20,000 օր դիմանալու և դրանով քեզ երջանիկ զգալու համար մի քանի կարևորագույն բաղադրիչ է հարկավոր։

1) Բացառիկ ընկերություն

Ես սիրում եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել. դրա համար էլ ընկեր են կոչվում։ Բայց դրանց թվում կան այնպիսիք, որոնց հետ ժամանակն այն աստիճան հետաքրքիր, ուրախ ու հիշարժան է անցնում, որ այդ մարդկանց հետ եթե մեքենայով տուն գնալու լինեմ, հաստատ կուզենամ հայտնվել խցանման մեջ։ Հա, հենց այդպես։

Ու դա շատ կարևոր է։ Դա նշանակում է, որ ես տարվում եմ մեր շփմամբ ու ոգեշնչվում դրանով։ Սա ձանձրույթի տրամագծորեն հակադիր վիճակն է։

Կյանքի ուղեկից ընտրելիս երևի թե չկա ավելի կարևոր բան, քան գտնել մեկին, ում հետ երկար օրվանից հետո անգամ կերազեիր հայտնվել խցանման մեջ։ Թե կյանքումդ կան նման մարդիկ, ինչ ափսոս կլինի, չէ՞, եթե կյանքիդ մնացած 95%-ն անցնի մեկի հետ, ով այդպիսին չէ։

Իսկ նման ընկերությունը մի քանի բաղադրիչ ունի.

› Հումորի զգացումի հրաշալի համընկնում։ Ոչ ոք չի ուզում 50 տարի կեղծել սեփական ծիծաղը։

› Ուրախություն։ Եվ անուրախ վիճակներից անգամ ուրախություն կորզելու ունակություն, լինեն դրանք ինքնաթիռի ուշացումներ, երկար ճամփորդություններ, թե անխուսափելի գործեր։ Զարմանալի չէ, որ համաձայն որոշ հետազոտությունների՝ միասին ուրախ անցկացրած ժամանակը զույգի ապագայի լավագույն գրավականն է։

› Հարգանք միմյանց մտածողության ձևի նկատմամբ։ Կյանքի ուղեկիցդ նաև կյանքի հոգեբանդ է ու աշխատանքային խորհրդատուդ, և եթե դու չես հարգում այդ մարդու մտածելու ձևը, չես էլ ուզենա ամեն օր նրան պատմել քո մտքերն ու զգացողությունները կամ ցանկացած այլ հետաքրքիր բան, որը կծագի ուղեղումդ, որովհետև քեզ իրականում չի էլ հետաքրքրի, թե դիմացինդ ինչ կասի դրա մասին։

› Հետաքրքրությունների, ժամանցի և նախընտրելի մարդկանց զգալի ընդհանրություն։ Հակառակ դեպքում այն, ինչը կազմում է քո անհատականությունը, կդառնա կյանքիդ շատ փոքր մասը ու դու և զուգընկերդ անհույս ջանքեր կթափեք՝ փորձելով հետաքրքրացնել ձեր համատեղ շաբաթ երեկոն։

Բացառիկ ընկերությունը ժամանակի հետ միասին լավանում է և խորանալու ու հարստանալու անսահման հնարավորություններ ընձեռում։

2) Տան զգացողություն

Եթե մեկը ձեզ ասելու լիներ, որ պիտի նստեք աթոռին ու 12 ժամ անշարժ մնաք, առաջինն ի՞նչ կմտածեիք (բացի նրանից, թե խելքին ի՞նչ փչեց նման հիմար առաջարկ անել)։ Չէի՞ք մտածի, որ լավ կլինի տեղավորվել հնարավորինս հարմարավետ։ Չգիտե՞ս՝ նվազագույն անհարմարությունն անգամ ժամանակի հետ կվերածվի ցավի և, ի վերջո, տառապանքի։ Եթե պիտի ինչ-որ բան երկար, շատ երկար անես, պիտի տեղավորվես ամենահարմարավետ ձևով։

Իսկ երբ խոսքը վերաբերում է ամուսնությանը, քո և զուգընկերոջդ միջև մշտական «անհարմարությունը» կարող է դառնալ տառապանքի հարատև աղբյուր, հատկապես երբ այն ժամանակի հետ միայն աճում է, ճիշտ վերը նշված աթոռի նման։ «Տանը լինել» նշանակում է զգալ ապահով, հարմարավետ, բնական և այնպես, ինչպես կա՛ս, իսկ զուգընկերոջ հետ նման զգացողություն ունենալու համար պետք է՝

› Վստահություն և ապահովություն։ Գաղտնիքը հարաբերության թույնն է, որովհետև այն անտեսանելի պատ է կառուցում երկուսի միջև՝ օտարացնելով միմյանցից ու մենակության զգացում սերմանելով զույգի մեջ։ Բացի այդ՝ ո՞վ կուզենա 50 տարի շարունակ ստել կամ անհանգստանալ ինչ-որ բան թաքցնելու համար։ Իսկ գաղտնիքի մյուս ծայրին կասկածն է՝ բան, որ հակադիր է տան գաղափարին։ Ահա թե ինչու մնացյալ առումներով հաջող ամուսնության ընթացքում կողքից սիրավեպ ունենալն ամենաինքնակործան ու կարճատես բանն է, որ մարդ կարող է երբևէ բերել ինքն իր գլխին։

› Բնական ձգողականություն։ Շփումը պիտի լինի հեշտ ու բնական, էներգիաների մակարդակները պետք  է մոտ լինեն իրար՝ թույլ տալով զույգին շփվելու ասես միևնույն հաճախականության վրա։ Իսկ երբ մեկի հետ ես, ում հետ դա չկա, շփումը շատ արագ սկսում է քամել ու հյուծել քեզ։

› Մարդկային թերությունների գիտակցում և ընդունում։ Դու ինքդ թերություններ ունես։ Իսկական ու լուրջ թերություններ։ Քո ներկա կամ ապագա զուգընկերը ևս ունի։ Թերությունն անբաժան է մարդուց։ Եվ ամենադաժան ճակատագիրը կլինի կյանքն անցկացնել մեկի հետ, որն անընդհատ քննադատում է թերություններդ և նկատողություն անում դրանք կրկնելու համար։ Սա չի նշանակում, որ մարդիկ պիտի դադարեն աշխատել իրենց վրա, բայց երբ խոսքն ամուսնության մասին է, ճիշտ մոտեցումը միայն սա է՝ «ամեն մարդ էլ ունի թերությունների որոշակի խումբ. իմ կողակցինն էլ սրանք են, ու դրանք ես ընտրել եմ իմանալով և պատրաստակամությամբ՝ նրա հետ միասին»։

› Դրական տրամադրություն։ Հիշեք, որ դա տրամադրության միակ ձևն է, որը պետք է ունենալ ու որով առաջ գնալ։ Չի կարելի տրվել բացասականին՝ այն ո՛չ հաճելի է, ո՛չ էլ շահեկան։ Հարաբերությունների մասնագետ Ջոն Գոթմանը պարզել է, որ «այն զույգերը, որոնց մոտ ամեն բացասական փոխհարաբերություն չի համակշռվում առնվազն հինգ դրականով, դատապարտված են բաժանության»։

3) Լավ ամուսին լինելու պատրաստակամություն

Հարաբերությունը չափից դուրս բարդ բան է։ Սպասել կյանքից լավ հարաբերություն, առանց դրան իբրև աշխատանքի վերաբերվելու, նման կլինի մասնագիտական մեծ առաջընթացի սպասելուն, երբ ինքդ որևէ բան երբևէ չես սովորել։ Երբ մարդիկ վայելում են իրենց ազատությունը, շատ դժվար է դառնալ մի բանի կեսն ու անընդհատ գնալ զիջման. առավել ևս, երբ նախկինում դրան չես գնացել։

Այդ դեպքում, ուրեմն, ի՞նչ հմտություններ են պետք որակյալ ամուսնություն պահպանելու համար։

› Հաղորդակցություն։ Հաղորդակցությունը կամ փոխադարձ կապը թթվածնի պես անհրաժեշտ բան է։ Վատ հաղորդակցությունը զույգերի մեծագույն մասի բաժանման հիմնական պատճառն է, իսկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բաժանվածների մեծամասնությունը նշում են, որ հաջորդ հարաբերություններում կուզենային փոխած լինել հենց հաղորդակցության ձևը [Terri Orbuch, Finding Love Again: 6 Simple Steps to a New and Happy Relationship]։ Հաղորդակցությունը դժվար է միշտ պահելը։ Հաջողակ զույգերն այն պահպանելու համար պետք է մշակեն որոշակի համակարգ կամ երբեմն-երբեմն այցելեն զույգի հոգեբանի։

› Հավասարություն։ Հարաբերություններում մի կողմը շատ արագ կարող է ընկնել անհավասար վիճակի մեջ։ Երբ մեկի տրամադրությունը գերիշխող է միշտ, մեկի կարիքներն ու կարծիքը շարունակաբար գերակայում են մյուսինի նկատմամբ, երբ մեկը մյուսին վերաբերվում է այնպես, ինչպես երբեք չէր թույլ տա, որ վերաբերվեին իրեն, ուրեմն կա լուրջ խնդիր։

› Ճիշտ վիճելու կարողություն։ Բոլորս գիտենք՝ վեճերն անխուսափելի են։ Բայց վիճելու լավ ու վատ ձևեր կան։ Երբ զույգը լավ է կարողանում վիճել, կողմերը խուսափում են լարվածությունից, հարցերին մոտենում են հումորով, իսկապես լսում են միմյանց և չեն անցնում անձնականի, խուլ պաշտպանության կամ էլ ուղղակի դառնում անտանելի ու լաչառ։ Լավ զույգը նաև ավելի քիչ է վիճում, էլ չասած՝ կռվում։ Ըստ Ջոն Գոթմանի՝ զույգերի 69%-ի մոտ վեճերը մշտական են, հիմնված խորքային անհամապատասխանությունների վրա, և հաճախ չեն կարող լուծում ունենալ։ Հմուտ զույգը հասկանում է սա և խուսափում նորից ու նորից նույն խնդիրները վերհանելուց [John Gottman, The Marriage Clinic: A Scientifically Based Marital Therapy]։

Կյանքի ընկերոջը փնտրելիս կամ ներկայիս հարաբերությունները գնահատելիս կարևոր է հիշել, որ ինչ հարաբերություն էլ վերցնելու լինենք, թերություններ կան ու կլինեն, ու շատ հնարավոր է անգամ, որ դուք այդպես էլ ձեր հարաբերության մեջ չհասնեք 5 գնահատականի արժանի հոգեվիճակի։ Բայց պիտի փորձեք բերված ցանկերից հնարավորինս շատերում լինել լավը, որովհետև երջանկությունը երկու հոգու գործ է։

Եվ քանի որ վերոբերյալ ցուցակը կարող է գրեթե անիրականանալի կամ անգամ սարսափեցնող թվալ կյանքի ուղեկցին գտնելու գործում, պետք չէ ավելի բարդացնել այն՝ հավելելով դրան սեփական նախընտրությունները, որոնցից շատերն իրականում մեծ ազդեցություն չեն ունենալու ամուսնության 4386-րդ ընթրիքի ընթացքում ձեզ երջանիկ զգալու վրա։ Այո, լավ կլիներ, եթե կիթառ նվագել էլ իմանար, բայց պարտադիրների ցանկից այդպիսի կետերը հանեք ու մի՛ ափսոսացեք։

Ինչ էլ անելու լինեք, հուսով եմ՝ Սուրբ Վալենտինի օրն այս տարի գեղեցիկ կլինի ձեզ համար։ Բայց ինչ էլ լինի, հիշեք, որ Մոռացվող Չորեքշաբթին իրականում անհամեմատ ավելի կարևոր օր է։

_______

Աղբյուրը՝ http://waitbutwhy.com/2014/02/pick-life-partner.html

Փոխադրությունը՝ Վազգեն Ղազարյանի

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը դարձել է կայծակնային մրցաշարի հաղթող ‘
Հաջորդ հոդվածը‘Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն (ֆոտոշարք)’