‘Ինչպես հաղթել Իտալիային’

1094

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 2-րդ տուրի խաղային 1-ին օրը հայ մարզասերներին բացառապես հետաքրքրում էր Թուրինում կայացած «Յուվենտուս»-«Շախտյոր» Դոնեցկ հանդիպումը:

2014 թվականի Աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում, հոկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպումից ուղիղ 10 օր առաջ մեր հավաքականի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանն իր թիմի` «Շախտյորի» կազմում մրցեց իտալական «Յուվենտուսի» հետ, որի 7-8 ֆուտբոլիստներ հաստատապես կհրավիրվեն Իտալիայի հավաքական: Կարծում եմ, որ հայ ֆուտբոլասերները հետևում էին «Յուվենտուս»-«Շախտյոր» հանդիպմանը, մտքում անընդհատ խորհելով, որոշակի դատողություններ անելով առաջիկա Հայաստան-Իտալիա խաղի վերաբերյալ: Ուկրաինական ակումբը կարողացավ մրցակցի հարկի տակ ոչ ոքի` 1-1 ավարտել հանդիպումը, թեև խաղավերջում հրաշալի պահ ուներ նաև հաղթանակ տոնելու համար. բրազիլացի Վիլիանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասի հորիզոնական ձողին: Մխիթարյանը չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, չնայած ունեցավ առնվազն 2 նման պահ: Զուտ տեխնիկատակտիկական ցուցանիշներով, վիճակագրությամբ, Մխիթարյանը հսկայական աշխատանք կատարեց խաղադաշտում ու լավագույններից մեկն էր, բայց կարծում եմ, որ սա դեռ բավարար չէ բարձր մակարդակում մշտապես կայուն խաղ ցուցադրելու համար:

Խաղից առաջ եվրոպական, հատկապես իտալական մամուլում բազմաթիվ տեղեկություններ կային Մխիթարյանի մասին. հայ ֆուտբոլիստը «Շախտյորի» ու Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն է և, բնականաբար, համարվում էր ամենավտանգավորը «Շախտյորի» կազմում: Կասկած չկա, որ «Յուվենտուսի» մարզիչները մանրամասն, ուղղակի հատիկ-հատիկ ուսումնասիրել էին մրցակցին. իտալացիներն այս առումով, թերևս, անգերազանցելի են: Մխիթարյանի նկատմամբ հսկողություն էր սահմանված. Հենրիխը 1-ին կեսում գրեթե չկարողացավ ազատ գոտում հայտնվել: Միակ բացառությունը հանդիպման առաջին րոպեներին ստեղծված իրավիճակն էր, երբ Մխիթարյանը մոտ տարածությունից հարվածելու հնարավորություն ստացավ, բայց հարվածը շեղ ստացվեց: Ամբողջ 1-ին կեսի ընթացքում իտալացիները Մխիթարյանին «փակել էին»: 2-րդ կեսում, հատկապես խաղավերջում, ինչ-որ բան փոխվեց. կամ` իտալացիները համարեցին, որ ավելի լուրջ սպառնալիքներ կան Մխիթարյանի խաղընկեր Վիլիանից ու իրենց ամբողջ ուշադրությունը սևեռեցին բրազիլացու վրա, կամ էլ` ուղղակի հոգնեցին: Հենց այդ ժամանակ Մխիթարյանին հաջողվեց ցույց տալ իր ունակությունները` երկար անցումներ, վտանգավոր խաղարկումներ, տարածության վրա դրիբլինգ, հարվածներ: Բայց նորից կրկնեմ` սա այն պարագայում, երբ իտալացիները Մխիթարյանին «բաց թողեցին»: Ամեն դեպքում Մխիթարյանը չկարողացավ Եվրոպային, մասնավորապես Իտալիային ապացուցել հանդիպումից առաջ իրեն տրված գերազանց բնութագրումները: Ուկրաինական ակումբի կազմում լավագույնը Վիլիանն էր, իսկ Մխիթարյանը, «Շախտյորի» կազմում հանդես եկած մյուս ֆուտբոլիստների նման, վատ չխաղաց: Չեմ կարծում, թե սա Մխիթարյանի ոչ բարձրակարգ խաղային որակների արդյունք է, ուղղակի ֆուտբոլում գոյություն ունի մի շատ կարևոր գործոն, որի մասին երբեմն մոռացվում է: «Յուվենտուսը» դասվում է ակումբային ֆուտբոլի գրանդների դասին, ու խաղալ այս թիմի հետ` նշանակում է հանդես գալ ֆուտբոլում գոյություն ունեցող ամենավերին մակարդակում: Ուկրաինայում «Շախտյորը» ծանրագույն հանդիպումներ է անցկացնում Կիևի «Դինամոյի», «Մետալիստի», «Դնեպրի» հետ, բայց «Յուվենտուսը» լրիվ այլ մակարդակ է: Ֆուտբոլիստը կարող է առաջադիմել, զարգանալ, ամբողջապես բացահայտվել, եթե շարունակաբար հանդես գա բարձր մակարդակներում, իսկ Մխիթարյանը` «Շախտյորի» հետ միասին, վերջին անգամ գրանդ թիմի հետ խաղացել էր 2010-11 թվականների Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչում` իսպանական «Բարսելոնայի» դեմ ու պարտվել 1-5 և 0-1 հաշիվներով:

Զուգահեռ տանելով ասվածին, կարելի է միանշանակ պնդել, որ մեր ներկա ազգային հավաքականը երբևէ դեռ չի մրցել Իտալիայի կարգի հավաքականի հետ: Իտալիան ազգային հավաքականների մակարդակում համաշխարհային գրանդների շարքին է դասվում: Սա ուրիշ մակարդակ է ու բացարձակապես չի կարող համեմատվել Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Հունաստանի և այն մյուս հավաքականների հետ, որոնց մեր ընտրանին հանդիպել է վերջին տարիների ընթացքում: Ընդ որում, եթե «Շախտյորը» կարողացավ ոչ ոքի խաղալ «Յուվենտուսի» հետ, դա առաջին հերթին խաղային մի քանի դիրքերում ունեցած բարձրակարգ ֆուտբոլիստների շնորհիվ է` Վիլիան, Դարիո Սռնա, Թոմաս Հյուբշման, Ֆերնանդինյո: Հայաստանի հավաքականում ընդգրկված գրեթե բոլոր ֆուտբոլիստները խաղամակարդակով զիջում են Իտալիայի ընտրանու ֆուտբոլիստներին, այնպես որ` մեր հավաքականը չի կարող Իտալիայի հետ խաղալ «Շախտյորի» նման:

Բայց սա ամենևին չի նշանակում, թե Հայաստանը դատապարտված է Իտալիայի հետ խաղում, ու որպես ապացույց` կրկին Չեմպիոնների լիգայի խաղարկության 2-րդ տուրի 1-ին խաղային օրվա խաղերից մեկն է: Բելառուսի չեմպիոն «Բատեն» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց եվրոպական գրանդներից Մյունխենի «Բավարիային»: Մրցող թիմերի կազմերում հանդես եկած ֆուտբոլիստների մակարդակն ուղղակի անհամեմատելի է. նշեմ ընդամենը, որ Լիգայում հայտավորված «Բատեի» 25 ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 21 միլիոն եվրո, իսկ Մինսկում հանդես եկած «Բավարիայի» միայն 14 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն է 310 միլիոն եվրո: Բայց հաղթեց «Բատեն»: Ֆուտբոլիստների հսկայական նվիրվածության, ամբողջ խաղի ընթացքում պահպանած զգոնության ու կարգապահության, մեծագույն մոտիվացիայի, երկրպագուների ինքնամոռաց աջակցության, մարզիչների հստակ աշխատանքի ու նաև ֆորտունայի` մարզական բախտի շնորհիվ բելառուսական ակումբը կարողացավ հաղթել գերմանական գրանդին:

Այս բոլոր գործոնների առկայության դեպքում Հայաստանը կարող է հաղթել Իտալիային:

Արմեն Նիկողոսյան

«Հայկական  ժամանակ»,  Հոկտեմբեր 4, 2012

Նախորդ հոդվածը‘Օբամայի ընտրարշավի համար 181 միլիոն դոլար է փոխանցվել’
Հաջորդ հոդվածը‘Արտահանված իշխան ձուկը վարակվել է տեղափոխման կամ իրացման ժամանակ ‘