Ինչպես նախկինների շնորհիվ Փաշինյանը մարսեց աղետը

1518

Եւ զարմանալի չէ, որ (Դաշնակցությունը-հեղ․) վերջերս սկսել է իր բառապաշարին անհարիր բառեր արտաբերել (ճիշտ է՝ գերագույն ջանքով) հանդուրժողականության թեմայով՝ ելքը տեսնելով նրանում, որ պարտությունը լինի ազգովին, միասնաբար, համազգայնորեն, անզիջում ու չպարտվողաբար… Որովհետեւ չի կարելի արյունով նվաճած հողը ետ տալ, բայց ավելի մեծ արյունով՝ խնդրեմ։

«Պարիտետի» ժամը («Գյադաների ժամանակը»)
Ավետիս Հարությունյան

2020 թվականի նոյեմբերի սկզբներին հանրությունը կարծես՝ մի պահ դուրս էր գալիս «հաղթելու ենք» էյֆորիկ վիճակից եւ փորձում էր սթափ գնահատել տեղի ունեցող իրադարձությունները։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրության օրը հանրությունն ասես մատնվեց շոկի, իսկ դրանից հետո մի որոշ ժամանակ սթափության եւ հետահայց իրավիճակը գնահատելու՝ արած-չարած սխալները հասկանալու ժամանակաշրջան էր կարծես։ Հենց այդ օրերին էր, երբ անգամ ամենաերդվյալ «ոչմիթիզականները» սկսեցին հայտարարել, թե իրենք երբեք «ոչմիթիզական» չեն եղել, իսկ ժամանակին կարգավորման գնալու կողմնակից դարձածների կտրուկ աճ նկատվեց։ Թվում էր՝ հայի հետին խելք ասածն իրականություն էր դառնում, եւ որպես դրա հետեւանք՝ անցյալի սխալներից դասեր քաղելու եւ ապագային ավելի իրատեսական նայելու ծիլեր են նկատվում։ Բայց այդ ամենը տեւեց շատ կարճ, մինչ այն պահը, երբ այսօր խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը եւ գործիչները՝ նախկին երկու նախագահների եւ նրանց արբանյակների ղեկավարմամբ եւ ուղղորդման, դուրս եկան Երեւանի փողոցներ։ Հենց հնչեցին առաջին ելույթները, արդեն իսկ պարզ էր՝ Նիկոլ Փաշինյանը հանրության մեծամասնության գիտակցության մեջ մարսելու է աղետաբեր պատերազմը, հազարավոր զոհերի արյունը, կորսված այն տարածքները, որոնք կարող էինք պահել՝ խաղաղ կարգավորման պարագայում։  

Ընդունված է ասել, թե Փաշինյանը տեղի ունեցած սարսափելի աղետը մարսեց, քանի որ Հայաստանում կան մի մեծ խումբ ինչ-որ «զոմբիներ», որոնք առանց հասկանալու հավատում կամ սիրում են Փաշինյանին, եւ քանի որ նրանք բավականին մեծ թիվ են կազմում, արդյունքում էլ հանրությունը մեծ պոռթկում չունեցավ 2020-ի պատերազմից հետո։ Իրականում, սակայն, այդ մարդիկ, նախ, օդից չեն գոյացել, եւ ապա՝ Փաշինյանը այդ մարդկանց ուղեղներում մարսեց կատարվածը, ոչ թե որովհետեւ այդ մարդիկ սիրում կամ հավատում են իրեն, այլ որովհետեւ մոտավորապես 20 տարի այդ մարդկանց ուղեղները շարունակաբար եւ գիտակցաբար լվացվել է, ստեղծվել է այդ մարդկանց մանիպուլացնելու համապատասխան պարարտ միջավայր, այսինքն, որեւէ հրաշքի կամ ֆոկուսի կարիք չկար, ընդամենը պետք էր արդեն մշակված ուղեղների հետ աշխատել այն նույն ուղերձներով, որոնցով նրանց կերակրել են երկու տասնամյակ։

Բայց մինչ առաջ անցնելը, հիշեցնենք, որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնց մեծամասնությունը ո՛չ նախկինում, ո՛չ ներկայում առանձնապես ոչ մի շահ չի ունեցել այս կամ այն քաղաքական ուժից, այս կամ այն իշխանության շնորհիվ ունեցվածք չի կուտակել, իսկ շատերն անգամ ճնշվել կամ ունեզրկվել են, կամ այլ զրկանքներ են տեսել։ Սովորական, միջին վիճակագրական քաղաքացին է՝ այսինքն։ Սա պետք է պարզաբանել, քանի որ մեր երկրում կա մեկ ավելի փոքրաթիվ, բայց ավելի ագրեսիվ խավ, որն այդ 20 տարիների ընթացքում ունեցել է իր քաղաքական-տնտեսական շահը, եւ նրանք երբեք չեն եղել կամ դարձել քարոզչությա զոհ, քանզի նրանք միշտ իմացել են, թե ինչ է լինելու ի վերջո, եւ որ առնվազն 7 շրջանները վերադարձվելու են։ Այդ մարդիկ պարզապես բիզնես շահեր ունեին այդ տարածքների կամ, ընդհանրապես, հարցի չկարգավորման կապակցությամբ, եւ ում շահը որքան մեծ էր, նա էլ ավելի բարձր էր գոռում։ Նրանք ընդամենը հայրենասիրությունը որպես բիզնես օգտագործողներն էին, կամ այդ օգտագործողներին սպասարկողները, որոնց մեծամասնությունն, ի դեպ, այդ հողերը պահելու սուրբ գործին չէր մասնակցում, որովեհետեւ դրա համար կային իրական, լուռ հայրենասեր տղաներ։

Այս երկրորդ խավի հետ ամեն ինչ պարզ է, մեր խոսակցության թեման առաջին խավն է, մեծամասնությունը, որոնց ուղեղներում էլ Փաշինյանը մարսեց պարտությունը՝ պարզ իրողությունների արդյունքում։

Որոնք էին դրանք։

1998 թվականի պալատական հեղաշրջման արդյունքում իշխանության եկածները իրենց այդ «հայրենանվեր» քայլը բացատրում էին Առաջին նախագահի հետ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ունեցած տարաձայնություններով, հայտարարում էին, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է Արցախը տալ Ադրբեջանին, իսկ ահա իրենք համաձայն չլինելով դրա հետ՝ գալիս են, որ կանխեն դա։ Հետո արդեն հայտարարում էին, որ քանի իրենք են իշխանության՝ կանխում են ու կանխում։

Այդ պահից սկսած՝ մինչեւ այդ հեղաշրջման մասնակիցների իշխանավարման դե յուրե ավարտը՝ 2018 մայիսը, Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանում տարվել է մեկ պրիմիտիվ քարոզչություն, այն է՝ Արցախի հարցը հող տալ-չտալու մասին է, «ով ասում է կարգավորում՝ դավաճան հողատու է», «ով ասում է կարգավորում, ասում է՝ Արցախ տանք, որ լավ ապրենք» եւ այլն, եւ այսպես շարունակ։ Ու էական չէր, թե իրենք այդ ժամանակ ինչ էին բանակցում, էականն այն էր, թե ինչպես էին մարդկանց մոտ կամաց-կամաց սերմանում կարգավորման ցանկացած տարբերակի մերժողականություն, եթե այդ տարբերակներից որեւէ մեկով անգամ մեկ սմ հող պետք է վերադարձվեր։ Սա հենց իրական ոչմիթիզականությունն էր, եթե անգամ նրանք հենց իրենք ուղիղ չէին ասում «ոչ մի թիզ հող»։ Եւ թեեւ շատերը չնկատեցին, բայց իրականության մեջ այդ քարոզչության արդյունքում Հայաստանում եւ Արցախում ձեւավորվեց մի արատավոր, կործանարար մտածելակերպ, որը եթե ճոռոմ, մեծախոս,  լալահառաչ եւ ծորուն պաթոսից փոխակերպես սովորական տրամաբանական հայերենի, կստացվի հենց այն, ինչ տարիներ առաջ գրել էր Վանո Սիրադեղյանը․ «Որովհետեւ չի կարելի արյունով նվաճած հողը ետ տալ, բայց ավելի մեծ արյունով՝ խնդրեմ»։

Այսինքն, մեծախոսության եւ պաթոսի սպարտակիադաների արդյունքում խեղվել եւ արժեզրկվել էր հանրային խոսքը, կարեւոր էր դարձել ոչ թե այն, թե քաղաքական, հանրային գործչի արածը ինչի կարող է հանգեցնել, այլ՝ թե այդ գործիչը, իր իսկ խոսքերով՝ ինչ նպատակներով է դիմում, կամ առաջարկում դիմել այդ քայլին։ Եթե նպատակն ի սկզբանե մեր սրտով է, լավն է, ուրեմն՝ գնացինք, ավարտն ու արդյունքը էական չեն, «մեզ արդյունք պետք չի, մեզ նպատակ է պետք» («մեզ փետուր պետք չի»)։ Իսկ ով փորձում էր մի ռացիոնալ միտք ասել, միանգամից է՛լ «հողատու», է՛լ «դավաճան»։

Թե՛ մինչեւ իր հրաժարականը, թե՛ հրաժարականից հետո՝ անկախ այն հանգամանքից, թե ով է եղել Հայաստանում կամ Արցախում իշխանության, հաղթանակի բերկրանքից զգոնությունը կոցրած եւ «մենք մեր հարցը լուծել ենք» հակապետական տեսլականով ապրող հանրությանը Լեւոն Տեր-Պետրոսյանը անդադար հիշեցնում էր կարգավորման անհրաժեշտության մասին, թմբկահարում էր, իսկ 2010-ից արդեն փորձում էր բացել հանրության աչքերը մեր հնարավոր դաշնակիցների, կամ դաշնակցի նկրտումների, եւ հնարավոր վատ զարգացումների դեպքում նրա հնարավոր պահվածքի վերաբերյալ, բայց արդյունքը՝ «ձայն բարբառոյ հանապատի»։

Իրականությունն այն է, որ արցախյան հարցի կարգավորումը, հատկապես այսպիսի խեղված հանրային մթնոլորտում, պատասխանատու քաղաքական գործիչների կողմից զոհողություն էր ենթադրում։ Հարցն ինքնին զոհողություն ենթադրող էր, բայց կար զոհողության երկընտրանք, կամ քաղաքական գործիչն էր գնում կարգավորման, այսինքն՝ քաղաքական ինքնազոհողության,  հռչակվում անգամ դավաճան, բայց փրկում է կյանքեր, Արցախը, ավելի շատ տարածքներ, չի կոտրում պետության, բանակի, հանրության ողնաշարը, փրկում է անկախությունը, մեր ապագան։ Կամ էլ՝ քաղաքական գործիչը ինքնազոհողությունից խուսափում է, բայց ուրեմն, մեկ է՝ զոհ է պետք։ Այդ պարագայում արդեն զոհասեղանին է դրվում հազարավոր այլ մարդկանց կյանքը, Արցախը, ավելի շատ տարածքներ, պետության ողնաշարը, անկախությունը, մեր ապագան։ Այն, ինչ առաջարկում եւ բարձրաձայնում էր Տեր-Պետրոսյանը, հենց առաջինն էր՝ ինքնազոհողությունը, բայց դե մեր քաղաքական եւ հանրային դաշտին, արդեն նշեցինք, մեծ նպատակներ են պետք՝ անկախ արդյունքից։

Գալով իշխանության՝ Փաշինյանն ուներ երկընտրանք՝ գնալ ինքնազոհողության, հռչակվեր դավաճան, փրկեր գոնե ինչ-որ մի բան, կամ՝ իր անունը փրկելու դիմաց զոհել ամեն բան, ինչ հնարավոր է։

2018-ին նախկինները հասկանում էին, որ «կարգավորում կամ պատերազմ» երկընտրանքի առջեւ էինք կանգնած։ Վերանալով տարբեր ենթադրություններից (մասնավորապես, թե ինչու էին նրանք դա անում)՝ կարող ենք արձանագրել, որ նրանք, ինչպես որ 1998-ին իշխանության էին եկել Արցախի հարցը շահարկելով, այնպես էլ 2018-ին արդեն դիրքավորվել էին հետկարգավորման, այն է՝ հողերը տալուց հետո ժամանակաշրջանի քաղաքական հաշվարկով։ Այսինքն, եթե Փաշինյանը հանուն Արցախը փրկելու գնար կարգավորման, այդ հարցը կարելի էր շահարկելով՝ իշխանություն տապալել։ Բայց նրանց քաղաքական հաշվարկները սխալ դուրս եկան, պարզվեց, որ Փաշինյանը հանուն Արցախի ոչինչ էլ չէր պատրաստվում զոհել, որ նա եւս իրենցից պակասը չէր, եւ ինչպես իրենք, այնպես էլ ինքը՝ չէր պատրաստվում գնալ կարգավորման եւ զոհել իր անունը։

Դեռ ավելին, սխալ դուրս եկան նաեւ այդ մարդկանց այն հաշվարկները, որ այդ դեպքում գոնե պատերազմը չի մարսի։ Մարսեց մարդկանց ուղեղներում, քանի որ, ինչպես արդեն նշել էինք, այդ նույն նախկինները մարդկանց 20 տարի քարոզել էին, որ կարգավորումը հող տալու մասին է, հող տվողը դավաճան է, չտվողը՝ դիմադրող։ Եւ հենց այս ամենը իմանալով էլ՝ Փաշինյանը հարմար դիրքավորվեց նախկինների կողմից մանիպուլացված մարդկանց ուղեղներում, որոնք ասում են՝ «դե մարդն/խեղճն ի՞նչ աներ, է, բանը արդեն հասցրել էին պատերազմին, ինքը գոնե փորձեց դիմադրի»։

Եւ վերջապես, Փաշինյանը մարսել եւ շարունակում է մարսել այդ նույն նախկինների եւ նրանց հարակից անձաց՝ 2018 թվականից առայսօր շարունակվող կեղծ քարոզչության արդյունքում, երբ նրանք այն ժամանակ էլ, այսօր էլ՝ նրանց «հող տալու» քննադատության չդիմացող  եւ անհասկանալի մեղադրանքներ են հնչեցնում, որոնց էլ Փաշինյանը հանգիստ պատասխանում է, ինչպես ասում են՝ ջան են ասում, ջան՝ լսում։ Ասում են՝ դու հողատու ես, նա էլ թե՝ հողատուն դուք եք, որ բանակցել եք հող տալու շուրջ, ես փորձել եմ հողերը պահել։ Վերջ։ Շղթան փակվում է։ 20-ամյա քարոզչությամբ բազմաթիվ մարդկանց պարարտ հող դարձած մտքերը՝ մարսում են վերջինիս ասածները։

Իսկ իրականում, ինչո՞ւ են այդ անձինք խուսափում Փաշինյանին իրական մեղադրանքներ հնչեցնել, շատ պարզ պատճառով․ եթե նրանք Փաշինյանին հիմնական եւ ամենաիրական մեղադրանքը հնչեցնեն, այն է՝ կարգավորման չգնալը, հանրությունը միանգամից կարձագանքի, թե՝ «ո՞նց, ուրեմն պիտի հողերը տա՞ր, բա դուք ինչի՞ չէիք տալիս, բա դուք ասում էիք չի կարելի տալ», եւ այլն եւ այլն։ Եւ արդյունքում, քաղաքական դաշտը կմաքրվի այս կեղծիքից էլ, այս կեղծիքը ստեղծողներից էլ, դրանք մանիպուլացնողներից էլ, եւ գուցե մի ռացիոնալ հատիկ հայտնվի դաշտում։ Բայց նրանց՝ այդ եռյակին դա պետք չէ, իրենք ցանկանում են, որ դաշտում միայն իրենք լինեն, մի կողմից իրար «դավաճան», «հողատու» ու «թալանչի» ասեն, մյուս կողմից երկարարացնեն միմյանց գոյությունը։ Իսկ թե այդ ամենի արդյունքում ի՞նչ կլինի Արցախի ու Հայաստանի հետ, դա նրանց չի հուզում, ինչպես որ չի հուզել մինչեւ հիմա։ Որովհետեւ ոչ միայն քաղաքական պատասխանատվություն չունեն, այլեւ՝ մի սովորական ամոթ չունեն։

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածըՄասքը հերքել է Google-ի համահիմնադրի կնոջ հետ իր սիրավեպի մասին լուրը
Հաջորդ հոդվածըՋերմային այրվածք ստացած զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ