‘Ինչպես պատահաբար ձերբակալեցին լրտեսին ‘

1779

Այսօր ԱԱԾ կողմից տարածված հաղորդագրությունն այն մասին, թե ձերբակալվել են Ադրբեջանի օգտին լրտեսություն անող քաղաքացիներ, որոնցից մեկը ծառայում էր ՀՀ ԶՈւ-ում, մեկն էլ՝ ԼՂՀ ՊԲ-ում, մի պատմություն հիշեցրեց:

Թվերի մեջ չսխալվելու համար նշեմ մոտավորապես, որ դեպքը տեղի էր ունեցել 2003-2005 թվականներին Ղարաբաղում: Ավելի կոնկրետ՝ Ասկերանում: Որեւէ մեկը, ով երբեւէ եղել է Ասկերան քաղաքում, կհիշի, որ հատկապես այդ տարիներին այնտեղ հայկական կամ ռուսական հեռուստաալիքները գրեթե հնարավոր չէր դիտել, քանի որ ադրբեջանական կողմը բարեհաջող կերպով դրանք խլացնում էր: Իսկ ահա ադրբեջանական հեռուստաալիքները՝ որքան ցանկանաք: Մեր մեջ ասած՝ այդ ալիքներն էլ շնից շատ էին: Ինչեւէ: Այդ տարիներին ԼՂՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մի պատմություն պատմեց, որը մինչեւ հիմա մտքիս է գալիս, հենց տեղեկանում եմ այն մասին, որ հերթական անգամ լրտես են ձերբակալել: Պատմությունը, բնականաբար, լրտեսի ձերբակալության մասին էր: Ուրեմն, էս պաշտոնյան պատմում էր, որ Ասկերանի կամ զինվորական միավորումներից մեկում, կամ էլ ոստիկանությունում աշխատում էր մի տարիքով մարդ, ում որդին մանրածախ առեւտրով էր զբաղվում: Պարբերաբար գնում էր Սադախլո անցակետ-շուկա ու ետ գալիս:

Էս մարդն իր համար ծառայում, աշխատում է, ու ոչինչ: Օրերից մի օր Ասկերանի ոստիկանության անցակետի աշխատակիցները «լոկշ» վիճակում նստած են լինում իրենց փոքրիկ սենյակում, եւ քանի որ բան ու գործ չի լինում անելու՝ որոշում են հեռուստացույց դիտել: Միացնում են հեռուստացույցը, ադրբեջանական ալիքներից մեկն են սկսում նայել, ու մեկ էլ՝ ամա՜ն, էս մեր հարեւան էսինչն է: Բարձրացնում են հեռուստացույցի ձայնը, տեսնում են՝ էդ սպան, որը կամ զինվորական էր, կամ ոստիկան, արդեն չեմ հիշում, ադրբեջաներեն խոսում է՝ հարցազրույց է տալիս: Ասում է՝ մեր մոտ վիճակն անտանելի է, Ղարաբաղի ժողովուրդը երազում է միանալ Ադրբեջանին, Ադրբեջանի իշխանությունների ղեկավարության օրոք ապրել, միայն թե իշխանությունը Ղարաբաղում բռնանում է ժողովրդի կամքին, ու էսպե՜ս մի հեքիաթ: էս ոստիկանները զանգում եւ զեկուցում են վերադասներին, մի քանի ոստիկան անմիջապես շտապում են դեպի էս մարդու բնակարան, հենց սկսում են դուռը, մեղմ ասած՝ բախել, մեկ էլ նկատում են, որ էս մեր հերոսը, մի մեծ պայուսակ ձեռքին՝ իր սեփական տան պատուհանից փորձում է ցած իջնել ու փախչել: Հերոսին բռնում են: Ու պարզում են, որ սա պարբերաբար կապի մեջ է եղել ադրբեջանցիների հետ, նույնիսկ հասցրել է վերջին  հանդիպման ժամանակ հարցազրույց տալ, որովհետեւ, ըստ պլանավորածի՝ պիտի դրանից հետո գար Ղարաբաղ ու ընդմիշտ հեռանար այնտեղից: Հարցազրույցն էլ պիտի իր հեռանալուց հետո եթեր տային, բայց չգիտես ինչու՝ շուտ էին հեռարձակել, Ասկերանի ոստիկանության հերթապահ մասի աշխատակիցներն էլ պատահաբար տեսել էին այդ հաղորդումն ու «յաբախտի» ձերբակալել  «գործակալ 007-ին»: Էս պատմությունն ամեն անգամ հիշում եմ, հետո հիշում եմ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ԱԱԽ հայտնի նիստը, որտեղ նա Մյուլլերի ոճով Գորիկ Գուրգենիչին ասում էր՝ « իսկ ձեզ կխնդրեի մնալ», քանի որ  հատուկ հանձնարարություն ուներ տալու:

Հ.Գ. Իսկ ընդհանրապես, որքան գիտենք՝ ԱԱԾ-ի ամենակարեւոր գործերից մեկը հենց նման լրտեսներին հայտնաբերելն է, բայց քանի որ մերոնք հիմնականում «նստած են» ընդդիմադիրների պոչին, լրտեսներին բռնում են այսպես՝ «յաբախտի»:

 

Արմեն Սահակյան 

Նախորդ հոդվածը‘Կովալենկո. ՄՊՀ-ի մասնաճյուղը Երևանում կարող է դառնալ խոշոր ուսումնական կենտրոն’
Հաջորդ հոդվածը‘Մարիո Բալոտելի. Իսկական անհաջողակ եմ’