‘Ինչպես Սեդրակ Սարոյանը մերկացրեց իշխանություններին (տեսանյութ)’

6493

Սեդրակ (Սեյրան) Սարոյանի երեկվա ելույթը ԱԺ-ում տարբեր արձագանքներ ունեցավ: Մի մասի համար Սարոյանի ելույթը «խնդալու» էր, մյուս մասի համար՝ «լալու»: Սակայն, եթե փորձենք մի կողմ թողնել էմոցիաները, եւ ռամկական այդ բառակույտի մեջ գտնենք տրամաբանական գիծը, ապա  չենք կարող չխոստովանել, որ, նախ՝ Սարոյանը շատ անկեղծ ելույթ է ունեցել, ուղիղ ասել է այն, ինչ մտածում են իշխանությունները, ինչ անում են իշխանությունները: Նա գեղեցիկ բառերով չի փորձել արդարացնել ռեժիմին, ժողովրդավարական դիմակ չի հագել, չի խոսել այնպիսի արժեքներից, որոնք, ըստ էության, խորթ ու անհամատեղելի են այս իշխանությունների հետ:

Կարճ ասած՝ Սարոյանը մի քանի րոպե տեւած իր ելույթով բացահայտ ներկայացրեց իշխանությանը՝ առանց դիմակների, Սարոյանի ելույթը երեկ մարմնավորում էր իշխանությանը, այնպիսին, ինչպիսին որ այն կա: Իրականում: Հատկապես՝ Արամ Մանուկյանի եւ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի ու Մանվել Եղիազարյանի դեմ կատարված հարձակումների վերաբերյալ:

Սարոյանը, ըստ էության, ողջ իշխանության, այսինքն՝ ՀՀԿ-ի անունից խոստովանեց, որ

ա. այդ հարձակումների հետեւում, իրապես, կանգնած են իշխանությունները,

բ. Արամ Մանուկյանի դեմ հարձակումը գործել է Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի վարորդը,

գ. իրենց համար ընդհանրապես գոյություն չունի օրենք հասկացություն, իրենց համար կան միայն գողական-տղայական օրենքներ (կամ, ավելի ճիշտ՝ «պանյատներ»), որոնք կիրառում են Սահմանադրության եւ բոլոր օրենքների փոխարեն: 

Բայց այս դեպքում էլ, եթե տղայականով ենք նայում, նույնիսկ այդ դեպքում, իշխանությունները փչացան: Որովհետեւ նույն Արամ Մանուկյանը ինչ ասել է Սերժ Սարգսյանին, ասել է հրապարակավ: Իսկ ահա, իրենք արձագանքեցին ծածուկ, գողեգող, մեջքից, միջնորդավորված: Դե, եթե իշխանությունները իրապես այդքան դուխով են, ու եթե իսկապես իրենց Սահմանադրությունը գողական «պանյատներն» են, ապա գոնե թող այնքան «դուխ» ունենային, որ Արամ Մանուկյանին արձագանքեին հրապարակավ:

Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ այս հարցում իշխանությունները «լեգիտիմ» չեն, կեղծ գողականություն են խաղում:

Ինչ վերաբերում է Սարոյանին, ապա այս հարցում նրան նույնիսկ կարելի է «շնորհակալություն» ասել՝ իշխանությունների իրական կերպարը այդպիսի բարձր ամբիոնից ու այդպես հրապարակավ՝ ուղիղ եթերում մերկացնելու համար: Թե չէ մինչ այդ նախկին լրագրողներն ու պատմաբանները ԱԺ ամբիոնից լալահառաչ ելույթներ էին ունենում՝ բարի իշխանությունների ու նրանց վատը ցանկացող «անձանց» մասին, ովքեր կազմակերպել էին այս ամենը՝ իշխանություններին հեղինակազրկելու համար: Իսկ իրենք, պանիմայեշ, այնքան բարի եւ մեծահոգի են, որ պատրաստ են այդ արարքները դատապարտել:

Հ.Գ. Իսկ ընդհանրապես, ՀՀԿ-ն եւ այժմ նրանց հետ արդեն՝ ՀՅԴ-ն (բոլոր նրանք, ովքեր երեկ ծափահարում էին Սարոյանին), ԱԺ-ն վերածել են զոնի՝ պանյատների հավաքատեղիի, մի բան, որից, սակայն, իրենք էլ կարգին գլուխ չեն հանում: Կեղծ ու ինքնակոչ «գողականները»:

Հ.Գ.2  Չի կարելի չնշել, որ Սարոյանի այս ելույթը բովանդակային առումով ուղղակի «բանահյուսական գոհար է»:  

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն փակ արտահերթ նիստում քննարկում է ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»’