‘Ինչպես Սերժ Սարգսյանը հերթական անգամ «քցեց» Ռուբեն Հայրապետյանին ‘

1586

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով հանրությանը հայտնի է որպես Նեմեց Ռուբո, երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից հրապարակված լավագույն մարզիկների ցուցակին, որի լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ տեղ չէր գտել, իսկ Լեւոն Արոնյանն ընդամենը 4-րդն էր: «Ինչպես տեղեկացա, այսպես կոչված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հերթական անգամ հրապարակել է տարվա լավագույն մարզիկների ցուցակը, որը ոչ այլ ինչ է, քան հայկական սպորտը վարկաբեկելու հերթական և շարունակական փորձ: Այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են հայկական սպորտը, իրենց գործողություններով և իրենց մոտեցումներով ուղղակի վարկաբեկում են այն: Սպորտը գավառական խեղկատակությունների ասպարեզ չէ: Սպորտը մի բնագավառ է, որտեղ անթույլատրելի է առաջնորդվել գավառամտությամբ, մարդկանց նսեմացնելով, սեփական պատկերացումները հանրությանը մատուցելով որպես իրողություն: Տարվա լավագույն մարզիկների ցուցակը պետք է արտահայտի այն տրամադրությունները, որոնք Հայաստանի հանրության մոտ առկա են ամբողջ տարվա ընթացքում և ոչ թե այն մարդկանց տրամադրությունները, ովքեր իրենց անհաջողություն»,- հայտարարել էր Հայրապետյանը:

Ակնհայտ էր, որ Հայրապետյանի այս հայտարարության հասցեատերը Գագիկ Ծառուկյանն էր, ակնհայտ էր նաեւ, որ այս ներքաղաքական իրավիճակում Հայրապետյանին նման հայտարարություն անելու հրահանգն իջեցվել էր ավելի բարձր տեղից: Հայրապետյանն էլ, բնականաբար, հարմար առիթ ունենալով, ամենամեծ ջերմեռանդությամբ կատարել էր այդ հրահանգը: Չնայած այն բանին, որ 10 լավագույն մարզիկների պարգեւատրման արարողության ժամանակ Ծառուկյանը հայտարարեց, թե «Հենրիխ Մխիթարյանն  էլ մեր ազգի պատիվը բարձր է պահում, ճանաչել է տալիս մեր փոքր պետությունը դրսում: Եթե Հենրիխ Մխիթարյանը արդեն աշխարհում հայտնի ֆուտբոլիստ է, դա մեր պատիվն է եւ դրա համար նա այսօր  արժանանում է ՀԱՕԿ-ի բարձր պարգեւի`  ոսկե շքանշանի»: Սակայն, ամենաուշագրավը այն էր, որ այդ միջոցառմանը մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը: Եւ սա, արդեն որերորդ անգամ, պարզ ցույց է տալիս իշխանությունների «քցող» բնույթը: Սերժ Սարգսյանի համար անգամ սեփական թիմակիցներին «քցելը» սովորություն է դարձել: Սարգսյանը անգամ սեփական թիմակիցներին է օգտագործում իր նպատակների համար, ապա ամենալուրջ իրավիճակներում հենց այդ մարդկանց էլ «քցում» է: Այս անգամ փաստորեն ստացվեց, որ Սերժ Սարգսյանը այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ «քցեց» Ռուբեն Հայրապետյանին: Սա մի պարզ մեսիջ էր՝ որքան էլ սարգսյանական «թիմը» վերջինիս համար ընտրություններ կեղծի, մարդ ծեծի, եւ բազմաթիվ այլ ապօրինություններ անի, միեւնույն է, երբ Սերժ Սարգսյանը կամ նրա իշխանությունը հայտնվում է վտանգի մեջ, նա միշտ գտնում է մեկին, ում կարելի է զոհել: Այս անգամ թերեւս նորությունը «քցելու» արագության մեջ էր. Սարգսյանը ցերեկը օգտագործեց Հայրապետյանի ծառայությունները, արդեն երեկոյան հերթական անգամ «զոհաբերեց» նրան:

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Սիրիահայերը «Երեւան-City»-ի քարտերի տեսքով Քուվեյթի կառավարությունից օգնություն են ստանում (Լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Արցախի ղեկավարությունը հանդիպել է գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ ‘