‘Ինչպես վատնել պետության փողերը. ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ի՞նչ գործ ունի Մակաուում ‘

2615

Մինչ Հայաստանում աղքատության ցուցանիշը հասել է արդեն 35 տոկոսի, և մինչ Սերժ Սարգսյանը հրապարակային շոուներ է կազմակերպում՝ իբրև թե պայքարելով կոռուպցիայի և ատկատների դեմ, պետական ապարատը շարունակում է ուռճացված գումարներ ծախսել: Այս անգամ մենք կանդրադառնանք ընդամենը մի փոքրիկ դրվագի, որը վերաբերում է Ազգային անվտանգության խորհրդի անդամների և ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի ընդամենը մի այցելությանը:

Ըստ ԱԱԽ մամլո ծառայության՝ այցը եղել է 10-օրյա: ԱԱԽ աշխատակիցներն ու Բաղդասարյանը երկու առանձին այցեր են ունեցել. հոկտեմբերի 15-17-ը՝ Մոսկվա, հոկտեմբերի 22-26-ը՝  Չինաստան:  Արանքում մնացած 4 օրից, ինչպես մեզ տեղեկացրին ԱԱԽ մամլո ծառայությունից, 2 օրը տևել է Մոսկվայից Պեկին հասնելու համար, մյուս 2 օրն էլ հանդիպումներ չեն ունեցել, քանի որ շաբաթ կիրակի են հասել Պեկին:

Հոկտեմբերի 11-ին ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Ա. Ավոյանը պայմանագիր է կնքել «Ֆեյմոս ՍՊԸ»-ի տնօրեն Խ.Խոսրովյանի հետ՝  ավիատոմսեր ձեռք բերելու համար: Ձեռք է բերվել 6 ավիատոմս, որոնցից՝ 

ԵրևանՄոսկվաԵրևան –(էկոնոմ կարգի 2 տոմս)՝ 480 հազար դրամի,

ԵրևանՄոսկվաՊեկինՄակաուՊեկինԴուբայԵրևան-(էկոնոմ կարգի 2 տոմս)՝  2 մլն 520 հազար դրամի,

ԵրևանՄոսկվաՊեկինՄակաուՊեկինԴուբայԵրևան (բիզնես կարգի 2 տոմս) 7 մլն 600 հազար դրամի:    

Ընդհանուր առմամբ՝ 6 տոմսի համար վճարվել է 10 մլն 600 հազար դրամ:  

Համաձայնեք, գները մի քիչ անհավատալի են թվում: Բացի այդ, պարզ չէ, թե ինչո՞ւ է, ասենք, ԱԱԽ-ն տոմեր պատվիրել մի ընկերությունից, որի մասին նույնիսկ «Սփյուռում» քաղաքային հեռախոսի համար չկա, իսկ համացանցում էլ որևէ տեղեկություն անհնար է գտնել: Միակ բանը, որը հայտնի է այդ ընկերության մասին, հասցեն է, որը բավականին ուշագրավ տեղում է՝ Աբովյան 43: Այս հանգամանքն ուշագրավ է նրանով, որ Աբովյան 43 հասցեում է գտնվում նույն Արթուր Բաղդասարյանի ղեկավարած Օրինաց Երկիր կուսակցության շենքը:

Հաջորդ ուշագրավ հանգամանքը տոմսերի գներն են: Միայն էկոնոմ կարգի մեկ տոմսի համար ԱԱԽ-ն, փաստորեն, այդ անհայտ ընկերությանը վճարել է 240 հազար դրամ: Մենք, սակայն, մի քանի հայտնի ընկերություններից ճշտեցինք, որ այդ օրերին Երևան-Մոսկվա-Երևան էկոնոմ դասի տոմսերը վաճառվում էին 180-200 հազար դրամով: Այսինքն՝ յուրաքանչյուր տոմս ձեռք է բերվել առնվազն 40 հազար դրամով ավելի թանկ: Եւ դա՝ միայն էկոնոմ կարգի տոմսերը:

Երրորդ հետաքիրքիր հանգամանքը Մակաուն է: Բանն այն է, որ եթե ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԱԽ պատվիրակության այցը միայն Մոսկվա ու Պեկին էր նախատեսված, ապա Մակաուի պահն ընդհանրապես անհասկանալի է: Նշենք, որ սա կարևոր է այն պատճառով, որ Պեկին-Մակաու-Պեկին ավիատոմսերի գինը, ամենաէժան հաշվարկներով (2 էկոնոմ կարգի և 2 բիզնես դասի տոմսեր) կազմում է մոտ 1 մլն 600 հազար դրամ: Չմոռանանք, որ այս գումարները ԱԱԽ-ն վճարել է պետբյուջեից, այսինքն, մեր՝ հարկատուներիս գումարներից:

Եւ ուրեմն, ինչի՞ է ԱԱԽ-ն տոմսեր գնել հենց այդ ընկերությունից, ինչո՞ւ են այդ տոմսերը գնվել շուկայականից թանկ գներով, ովքե՞ր են եղել ԱԱԽ պատվիրակության կազմում՝ բացի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանից:

ԱԱԽ մամլո ծառայություն ուղարկված մեր հարցման պատասխանը, սակայն, փարատելու փոխարեն՝ ավելի շատ կասկածներ է հարուցում:

«Տեղեկացնում ենք, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել են նաև աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի արտաքին անվտանգության վարչության պետը, խորհրդի քարտուղարի խորհրդականը և  երկու աշխատակիցներ, տասնօրյա աշխատանքային այցով ս/թ. հոկտեմբերի 15-25-ը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով գտնվել է Մոսկվայում, իսկ այնուհետև` Չինաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Մեն Ջյանզուի հրավերով` Պեկին քաղաքում: Ընդ որում, երկու այցերի ընթացքում կայացած երկու տասնյակի հասնող պաշտոնական հանդիպումների, դրանց ընթացքում քննարկված հարցերի շրջանակների վերաբերյալ նշված օրերին հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներով տարածվել է լայն տեղեկատվություն: Ինչ վերաբերում է Չինաստանի Հանրապետության Մակաու քաղաք մեկօրյա այցին, ապա այն իրականացվել է չին գործընկերների առաջարկությամբ և ուղեկցությամբ, որը կրել է  ճանաչողական բնույթ: Ձեզ պիտի նաև հայտնի լինի, որ Պեկին-Երևան ուղիղ չվերթ գոյություն չունի, և այդպիսի բոլոր չվերթներն իրականացվում են տարանցիկ ուղիներով` Մոսկվայի, Դուբայի կամ այլ միջազգային օդանավակայանների միջոցով: Տվյալ դեպքում նպատակահարմար է գտնվել Պեկին-Երևան վերադարձը իրականացնել Դուբայի տարանցիկ չվերթով` ելնելով առավել նվազ գներով ավիատոմսերի ձեռք բերման նկատառումից: Ինչ վերաբերում է ավիատոմսեր տրամադրած ընկերությանը, ապա նրանից ավիատոմսեր ԱԱԽ աշխատակազմը ընթացիկ տարում ձեռք է բերել 2 անգամ` գնումների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ` սամանված ընթացակարգերի միջոցով` որպես պահանջվող տոմսերի համար առավել նվազ գին առաջարկած ընկերություն: Իսկ ընդհանրապես, ավիատոմսեր ձեռք են բերվում առավել նպաստավոր պայմաններ ու ցածր սակագներ առաջարկող այլ կազմակերպություններից, ինչպիսին, օրինակ, «Սպուտնիկ» ընկերությունն է»,- ասված է ԱԱԽ մամլո ծառայությունից մեզ ուղարկված պատասխանի մեջ:

Եւ ուրեմն, ստացվում է, որ ԱԱԽ 4 աշխատակիցներ՝ պետբույջեից ավելի քան 1,5 մլն դրամ են ծախսել՝ Չինաստանի Մակաու քաղաք ընդամենը ճանաչողական այց կատարելու համար, տոմսերը գնվել են մի ընկերությունից, որը, ըստ ԱԱԽ-ի՝ ամենաէժան գներն է առաջարկել, իրականում, սակայն, տոմսերը գնվել են շուկայականից թանկ գներով, տոմսերը գնվել են  անհայտ մի ընկերությունից, որի մասին միակ հայտնի փաստն այն է, որ այն տեղակայված է Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի շենքում: 

Իսկ հետո Սերժ Սարգսյանը դեռ նախընտրական խորհրդակցություններ է անցկացնում, խոսում պետական միջոցների անհարկի վատնումներից և այլն: Դե պատկերացրեք, որ ընդամենը մեկ այցի համար նման ծախսեր են արվում, ապա ինչեր են արվել ողջ պետական ապարատում այս տարիների ընթացքում:

Հ.Գ. Ի դեպ, ԱԱԽ մամլո խոսնակ պարոն Միսակյանը մեզ հետ զրույցում հորդորեց չմոռանալ, թե ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի այցի ընթացքում ազգի և պետության համար որքան կարևոր փաստաթղթեր են ստորագրվել: Անգամ եթե ընդունենք, որ դա այդպես է (չնայած՝ խիստ կասկածում ենք), ապա դա ի՞նչ կապ ունի ավիատոմսերի գների և Մակաու կատարած ճանաչողական այցի հետ:

Մուսա Բադալյան 

\"\"

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» Գվարդիոլային հրավիրել է «Ոսկե գնդակի» պարգեւատրման արարողությանը’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ’