‘Ինչպես տապալվեց «Ահարոն» պլանը ‘

1604

Որքան նախագահական ընտրությունները մոտենում են, այնքան իշխանությունները քարոզչական բնագավառում փորձում են ուժեղացնել գրոհը: Բայց ռեսուրսների սահմանափակության պատճառով իշխանությունները գրոհում են հին «զենքերով»` իրենց սպառած, բարոյապես մաշված զենքերով: 20-րդ դարի սկզբին 19-րդ դարի զենքերով պատերազմելը գուցեև հնարավոր էր եւ խելքին մոտ, բայց 21-րդ դարում բրոնզե դարի քլունգներով պատերազմելը միայն քմծիծաղ կարող է առաջացնել: Բայց դե ի՞նչ արած, հասարակությունում այդքան անմեղսունակ մարդիկ չկան, որ ամեն անգամ նոր մարդիկ հայտնվեն այդ քլունգի դերում: Այդ պատճառով էլ իշխանությունները ստիպված իրենց ձեռքն են առնում հին քլունգները: Օրեր առաջ իշխանությունները սեփական ժողովրդի հետ պատերազմում մարտի դաշտ բաց թողեցին «ահարոնադիբեկյան» տեսակի փոքր տրամաչափի հնամաշ զենքը, որը բազմաթիվ օգտագործումից ժանգոտել եւ վաղուց այլեւս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին` կրակում է ոչ թե ավտոմատ, այլ բացառապես հատ-հատ` ամեն կրակոցից առաջ զենքն օգտագործողը պետք է անձամբ սեղմի ձգանը: Կարճ ասած՝ այս անգամ գործի դրվեց «Ահարոն» պլանը, որը մի քանի նպատակ ու բաղկացուցիչ ուներ:

1. Խարդավանք

Քանի որ իշխանություններին, մեղմ ասած, անհանգստացնում է, որ նախագահական ընտրություններում կարող է կյանքի կոչվել իրենց համար ամենակործանարար տարբերակը (ասենք` Հայ ազգային կոնգրեսն ու ԲՀԿ-ն կարող են հանդես գալ մեկ թեկնածուով), իշխանությունները որոշել են դրա դեմն առնել նաեւ «Ահարոն» պլանով: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին այնպիսի մեսիջներ պետք է հղվեին, որով իբր վերջինիս ինքնասիրությունն այնպես պետք է շոյվեր, որ նրա մտքով անգամ չանցներ նախագահական ընտրություններում սատարել ոչ իշխանական թեկնածուին: Այս պլանի շրջանակներում էլ Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց ընդդիմության միասնական թեկնածուի վերաբերյալ իր կողմից իբր արված հարցումների արդյունքները, որով, ըստ նրա, հարցվածների 32,4 տոկոսն ընդդիմության միասնական թեկնածու է տեսնում հենց Ծառուկյանին, 11 տոկոսը` Ռոբերտ Քոչարյանին, 8,7 տոկոսը` Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 տոկոսը` Լեւոն Տեր-Պետրոսյանին, 3,4 տոկոսը` Վահան Հովհաննիսյանին, եւ 2,5 տոկոսը` Արմեն Ռուստամյանին: «Հարցման արդյունքների» հրապարական հիմնական նպատակն այն էր, որ Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի թվերի միջեւ Ադիբեկյանն արձանագրեր հսկայական տարբերություն, ընդ որում՝ ի վնաս առաջին նախագահի: Այսինքն, սադրանքի առաջին թիրախը հենց Գագիկ Ծառուկյանն էր: Երկրորդ թիրախը ժողովուրդն է: Քանի որ ժողովուրդը շատ լավ գիտե, որ Ահարոն Ադիբեկյանը նույնիսկ մի բաժակ ջուր չի խմում առանց իշխանությունների հրահանգի ու թույլտվության, հետեւաբար՝ այս հարցման արդյունքները պետք է ընկավլեին որպես իշխանությունների ցանկության արտացոլանք: Մարդիկ պիտի մտածեին, թե քանի որ իշխանություններն ընտրությունները կեղծելուց առաջ կեղծիքների մոտավոր թիվը հրապարակում են Ադիբեկյանի միջոցով, ուստի նշանակում է` այս ընտրություններում արձանագրվելու է մոտավորապես այսպիսի արդյունք, այսինքն՝իշխանությունները մոտավորապես այսպիսի թվերով են կեղծելու, ինչն էլ նշանակում է, որ Ծառուկյանն իշխանությունների ցանկությամբ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, որպեսզի ահա այսպիսի արդյունք արձանագրվի:
Եւ վերջապես, երրորդ թիրախը Կոնգրեսն է: Իշխանությունների ծրագրածով, Կոնգրեսն այս հարցումների հրապարակումից հետո պիտի քաղաքական խանդի տեսարան սարքեր ու ընկներ ԲՀԿ-ի հետեւից: Կարճ ասած՝ Կոնգրեսի ու ԲՀԿ-ի միջեւ այս հարցումների հրապարակումից հետո պիտի որ քաղաքական պատերազմ սկսվեր` նախագահական ընտրություններին ընդառաջ:

2. Տարածում
Ադիբեկյանն այս ծրագրի ընդամենը A կետն էր: Ադիբեկյանն արեց իր գործն ու գնաց տուն: Հերթն արդեն այդ սադրանքը տարածողներինն էր: Բոլոր պատասխանատու եւ կիսապատասխանատու ԶԼՄ-ները պետք է նախ ակտիվորեն լուսաբանեին այս ասուլիսը, տարածեին այն, հետո պետք է սկսվեր վերլուծությունների ու հարցազրույցների, մեկնաբանությունների հերթը: Այն ամենը, ինչ Կոնգրեսն ու ԲՀԿ-ն կանեին այս ասուլիսից հետո, պետք է անմիջապես կապվեր այդ ասուլիսում հրապարակված թվերի հետ: Անգամ եթե Գագիկ Ջհանգիրյանը փռշտար երեք անգամ, ապա նույնիսկ դա պետք է վերլուծեին մոտավորապես այս ոգով` փռշտալու պատճառն այն էր, որ Ադիբեկյանը հրապարակեց այս թվերը, «ակնհայտ է», որ Կոնգրեսում բոլորն իրենց վատ զգացին այդ հարցումներից, իսկ Գագիկ Ջհանգիրյանն էլ փռշտաց: Ընդ որում՝ իշխանությունները, բնականաբար, պետք է նաեւ ունենային B պլանը: Այն է՝ եթե Ադիբեկյանի հետեւում Կոնգրեսում եւ ԲՀԿ-ում միանգամից տեսնեին իշխանությունների ականջները եւ չտրվեին սադրանքներին, միեւնույն է` սադրանքը պետք է անընդհատ շրջանառվեր քաղաքացիների համար:

3. Տապալում
Իշխանությունների բախտը, սակայն, այս հարցում չբերեց: Դեռ Ադիբեկյանն ասուլիսից տուն չէր գնացել՝ ծրագիրն արդեն տապալվել էր: Գոնե Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի մասով: Մնացին քաղաքացիները, որոնց համար էլ իշխանությունները դեռ շարունակում են տարածել այս սադրանքը: Սակայն իշխանությունները մոռանում են` որպեսզի այս սադրանքը ազդի քաղաքացիների վրա, դրա համար պետք էր առնվազն մեկ նախապայման` կողմերից մեկի (Կոնգրեսի կամ ԲՀԿ-ի) համապատասխան արձագանքը: Առանց այդ արձագանքի սադրանքի ազդեցությունը կարող է տեւել առավելագույնը մի քանի օր: Կողմերից ոչ մեկի համապատասխան արձագանքը, իհարկե, չեղավ ու չի էլ լինի, իսկ ահա այդ մի քանի օրն արդեն անցնում է:

Հ.Գ. Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանի պահով: Հայաստանում չկա պարոն Ադիբեկյանի նման գեթ մեկ մարդ, ով կարող էր այդպիսի համառությամբ եւ հետեւողականությամբ ոչնչացնել սեփական մասնագիտությունը: Ահարոն Ադիբեկյանը Հայաստանում սպանեց սոցիոլոգիա գիտությունը: Ընդ որում՝ սպանելուց հետո էլ չթաղեց` նախընտրելով կլորիկ գումարի դիմաց զբաղվել դիակապտությամբ: Ինքն իր հարցազրույցներում ասում է, թե այդ գումարն սկսվում է 3-3,5 մլն դրամից:

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է ‘
Հաջորդ հոդվածը‘Եռաբլուրում երթ անցկացվեց՝ ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի (ֆոտոռեպորտաժ)’