‘Ինչքան հարկ է թաքցնում Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանը’

2864

Արդեն 5-րդ տարին է՝ Սերժ և Տիգրան Սարգսյանները, իրենց բոլոր ենթականերով հանդերձ, տարին 365 օր, օրը 24 ժամ պայքարում են ստվերային տնտեսության դեմ։ Այդ պայքարում նրանք անասելի հաջողությունների են հասել։

Օր չի անցնում, որ ՊԵԿ աշխատողները մի քանի հոգով չներխուժեն որևէ փոքր խանութ ու ՀԴՄ «չխփելու» համար չտուգանեն խանութի տիրոջը: Սի խոսքով՝ անզիջում պայքար է գնում ստվերային տնտեսության դեմ։ Ու այդ պայքարն այնքան լարված է, որ Սերժ և Տիգրան Սարգսյանների տեսադաշտից որոշ տնտեսվարողներ դուրս են մնում ու տարիներ շարունակ խուսափում հարկերից։ Այդպիսին է Աժ պատգամավոր Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանին բոլորովին չպատկանող «Լուսաստղ Շուգր» ընկերությունը, որը, եթե հավատանք պաշտոնական լուրերին, 2010 թվականից շաքարավազ է արտադրում։ Իսկ այն, որ շաքարավազ արտադրող այս միակ ընկերությունը լիովին ստվերի մեջ է, առանձնապես մեծ ջանք չի պահանջվում պարզելու համար։ Այսպես, այս տարվա աոաջին կիսամյակում, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծաոայաթյան հրապարակած տվյալների, Հայաստանում արտադրվել է 22 հազար 500 տոննա շաքարավազ։ Իսկ ահա ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում «Լուսաստղ շուգրը» չկա։ Որպեսզի որևէ ընկերություն հայտնվի այդ ցուցակում, նա պետք է կիսամյակի ընթացքում վճարած լինի 45 միլիոն դրամի հարկ։ Համարենք, որ այդ ընկերությունը վճարել է 44 միլիոն դրամ և միայն այդ պատճառով է, որ չի հայտնվել առաջին հազար հարկատուների ցանկում։ Ու հիմա համադրենք այս երկու պաշտոնական տվյալները։ Կարելի է առանց դժվարության մոտավորապես հաշվել, թե որքան հարկ պետք է վճարած լիներ մի ընկերություն, որը 22.5 հազար տոննա, կամ 22.5 միլիոն կիլոգրամ շաքարավազ է արտադրել։ Համարենք, որ մեր խանութներում 350 դրամով վաճառվող շաքարավազը գործարանից առաքվում է մի 270 դրամով։ Այղ գնով առաքված 22.5 միլիոն կիլոգրամ շաքարավազից վճարված միայն ավելացված արժեքի հարկը կկազմի մոտ 12 միլիարդ դրամ։ Եւ դա՝ չհաշված աշխատողներին վճարված եկամտային հարկը, շահութահարկը և այլն։ Փաստորեն, «Լուսաստղ շուգրը» պետական բյուջեից թաքցրել է առնվազն 3 մլն դոլար։ Այնպես չէ, որ Սամվել «լֆիկ» Ալեքսանյանին բոլորովին չպատկանող «Լուսաստղ շուգրի» ստվերային լինելը երևում է միայն այս երկու ցուցանիշներից։ Օրինակ, այդ ընկերության փոխտնօրեն Արթուր Պետրոսյանը ստանում է 96 հազար դրամ ամսական աշխատավարձ։ Սա նույնպես պաշտոնական տվյալ է, որը զետեղված է փոխտնօրենի գույքի և եկամուտների հայտարարագրում։ Արթուր Պետրոսյանը այդ հայտարարագիրը ներկայացրել էր Երևանի ավագանու ընտրություններից առաջ, քանի որ ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվել էր որպես թեկնածու։ Կես տարվա ընթացքում 22.5 միլիոն կիլոգրամ շաքարավազ արտադրող ընկերության 96 հազար դրամ աշխատավարձն այնքան արժանահավատ է, որ դրան հավատացել է նույնիսկ ՊԵԿ-ը։ Այն նույն ՊԵԿ-ը, որը մտնում է փոքր խանութներ ու սրճարաններ և ստիպում դրանց տերերին հավաքարարի աշխատավարձը սահմանել 80-100 հազար դրամ, որպեսզի հարկեր շատ վճարվեն։ Ինչո՞ւ ենք պնդում, որ ՊԵԿ-ը հավատացել է։ Խնդիրն այն է, որ այս տարվա փետրվարին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իրենց գերատեսչությունը 160 հարկային տեսուչներ է ուղարկել Սամվել Ալեքսանյանի ընկերությունները ստուգելու։ Եւ ահա ստուգել են, բայց ոչինչ չեն հայտնաբերել։ Բացարձակապես ոչինչ։ Երբևէ «Լուսաստղ շուգրում» որևէ խախտում չի հայտնաբերել նաև ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Ընդ որում՝ ստուգել է ու չի հայտնաբերել։ Օրինակ, երկու տարի առաջ ՏՄՊՊՀ-ն «Լուսաստղ շուգրից» ինչ-որ փաստաթղթեր է պահանջել, վերջինս չի տրամադրել, և գիտե՞ք ինչ է արել ՏՄՊՊՀ-ն։ Տուգանել է 3 միլիոն դոլար հարկ չվճարած այս ընկերությանը՝ 500 հազար դրամով։ Սա առանձնակի դաժանություն է ՏՄՊՊՀ-ի կողմից, որովհետև այս հանձնաժողովը իրեն պահում է այնպես, կարծես Լֆիկի բիզնեսների պաշտպանության հանձնաժողով լինի։

Եւ ընդհանրապես, Ալեքսանյանը մի առանձնահատուկ հմայք ունի։ Նրա գործերը, որպես կանոն, չեն նկատվում պետական մարմինների կողմից։ Ասում են՝ նա «шапка-невидимка» ունի, հագնում է, ու ոչ ոք չի տեսնում, որ նա շաքար ներկրելիս դրա մաքսային արժեքը կիսով չափ նվազեցնում է ու քիչ հարկեր վճարում մաքսազերծելա ժամանակ։ Հենց այդ «շապկա-նիվիդիմկայով» է նա եղել մեկուկես տարի, ինչի շնորհիվ ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ Մշակույթի նախարարությունը, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ դատախազությունը, այդպես էլ չտեսան, որ Երևանի կենտրոնում գտնվող հուշարձան «Փակ շուկան» նա առանց թույլտվության հիմնահատակ ավերեց ու այն դարձրեց իր մտահորիզոնին ու ճաշակին հարիր մի շենք-շինություն։ Բայց չէ, մի անգամ նա հանել է իր «շապկան»։ Դա 2010 թ.-ին էր, երբ Սերժ Սարգսյանը նրա հետ այցելեց «Լուսաստղ Շուգր» և ծանոթանալով գործարանին՝ խոստացավ, թե հեսա Հայաստանը դառնալու է տարածաշրջանային շաքարարտադրության կենտրոն և այնքան է շաքար արտադրելու, որ հեղեղելու է միջազգային շուկան։ Էլի այդպես կլիներ, եթե այդ հայտարարությունից անմիջապես հետո Ալեքսանյանը կրկին չհագներ իր «шапка-невидимка»-ն։

«Հայկական ժամանակ»

Հայկ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Մոտակա օերերին օդի ջերմաստիճանը կլինի 31 աստիճանի սահմաններում’
Հաջորդ հոդվածը‘Տանիքից ընկած երեխան հիվանդանոցում մահացել է’